Արդյոք Նիկոլ Փաշինյանը չի՞ հասկանում ԶԼՄ-ի եւ իշխանության գոյաբանական տարբերությունը

Արդյոք Նիկոլ Փաշինյանը չի՞ հասկանում ԶԼՄ-ի եւ իշխանության գոյաբանական տարբերությունը

Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական հրահանգն է իջեցվել լրատվամիջոցների դեմ՝ հանձնարարվել է պարզել, թե Հայաստանում գրանցված եւ գործող լրատվամիջոցների ղեկավարներից ով ինչ ունեցվածք եւ ինչ եկամուտ ունի։ Ասվածի ապացույց, թերեւս, կարող է հանդիսանալ այն, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Հետք» պարբերականի փոխխմբագիրը նույնպես տուն է գնել Բյուրեղ թաղամասում։ Իհարկե, չենք բացառում, որ պատգամավոր Ալեքսանյանը սեփական «հետաքննությունն» է անցկացրել՝ այդ տեղեկությունը ստանալու համար, սակայն այն, որ նման խոսակցություն կա մամուլում, արդեն վատ է եւ Հայաստանի գործող իշխանությունների օգտին չի խոսում։

Եթե իրոք նման հրահանգ իջեցվել է, ապա կարելի է հենց սկզբից ֆիքսել, որ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գործող չորրորդ իշխանությանը՝ մամուլին, կամ գոնե դրա այն հատվածին, որը դուրս է իշխանական կամ մերձիշխանական վերահսկողությունից, համարում է իրեն թշնամի, ու քանի որ մամուլը հաճախ է գրում իշխանության մաս կազմող անձանց ունեցվածքի եւ եկամուտների մասին, որոնք երբեմն կտրուկ աճ են գրանցել 18 թվականի քաղաքական փոփոխությունից հետո, ինչը չի կարող հարցեր չառաջացնել, ապա իշխանությունն էլ որոշել է, այսպես ասած, «նույն դրամով վճարել» մամուլին եւ հակագրոհ ձեռնարկել։ Փաշինյանի մոտիվացիան հասկանալի է՝ եթե մամուլը վարկաբեկում է իր թիմին, որով նաեւ վարկաբեկվում է ինքը, ապա ինքն էլ պետք է վարկաբեկի մամուլին ու լրագրողներին, եթե նման հնարավորություն ունենա։

Սակայն կա մի նյուանս, որն անհնար է աչքաթող անել։ Հայաստանում գործող ԶԼՄ-ները մասնավոր իրավաբանական անձինք են՝ ՍՊԸ-ներ, ԱՁ-ներ, նույնիսկ բաժնետիրական ընկերություններ։ Սա նշանակում է, որ նրանք շահույթ հետապնդող կազմակերպություններ են եւ, որպես այդպիսին, բնականորեն կարող են ԶԼՄ-ի ղեկավարին կամ սեփականատիրոջը երաշխավորել եկամուտներ՝ այնքան, որքան հնարավոր է, նույնիսկ՝ Նյու Յորքի Մանհեթենում բնակարան գնելու մակարդակի։ ԶԼՄ-ների ապրանքը, կոպիտ, ասած, իրենց ներկայացրած լրատվությունն է, որը վաճառվում է տպագիր կամ առցանց, կամ տեսաձայնային եղանակով, որը գնում է հասարակությունը, ըստ իր ճաշակի։

Սա նորմալ շուկայական բիզնես-մոդել է։ Մինչդեռ պետության պատասխանատվություն ստանձնած իշխանությունը նման ազատություն չունի, թեկուզեւ այն պարզ պատճառով, որ ապրում է քաղաքացիների, այդ թվում՝ նաեւ իրավաբանական անձանց, դրանց շրջանակում ներառյալ ԶԼՄ-ների վճարած հարկերի հաշվին ու հաշվետու է հասարակության՝ բոլոր տեսակի ու կարգի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող հարկատուների առաջ։ Իսկ լրատվամիջոցների աշխատակիցները բյուջեից չեն սնվում, հարկատուների վճարած միջոցներից չեն վարձատրվում։

Բացի այդ, իշխանության մաս կազմող պաշտոնյան այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոն է զբաղեցնում, շատ ավելի պետք է գտնվի հանրային խոշորացույցի ներքո, որը գործնականում ապահովվում է հենց լրատվամիջոցների միջոցով։ Իսկ ԶԼՄ ղեկավարը, ով թեեւ հանրային անձ է, եւ ԶԼՄ-ն էլ տարեկան հաշվետվություն է ներկայացնում իր ընթերցողին, բայց շատ ավելի մասնավոր անձ է եւ, որպես այդպիսին, ավելի պաշտպանված թե՛ ՀՀ, թե՛ միջազգային օրենսդրությամբ՝ մասնավոր անձանց իրավունքների եւ ազատությունների անձեռնմխելիությունը եւ անձնական կյանքի գաղտնիությունը պաշտպանող օրենսդրությամբ։ Եթե, օրինակ, որեւէ լրատվամիջոցի ղեկավար հայտնվի նման թիրախավորման ներքո, դա հստակ հետապնդում կարող է դիտվել, ճնշումներ մամուլի նկատմամբ, անձնական գաղտնիության դրույթի խախտում։ Իսկ եթե դատական վեճ ծագի այս թեմայով, եւ այն հասնի միջեւ ՄԻԵԴ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի գործող իշխանությունների համար հերթական տհաճությունների շարքը կսկսվի, որովհետեւ համաեվրոպական օրենսդրությունը նման հարցերում շատ զգայուն է, ի դեպ, ամերիկյանը՝ առավելապես։ Ու այս առումով դժվար թե Նիկոլ Փաշինյանն ուզենա, որ ապագայում եվրոպական կամ ամերիկյան որեւէ զեկույցում շոշափվի Հայաստանը՝ բացասական կոնտեքստում, եւ նշվի, որ խոսքի ազատության ինդեքսը կրկին իջել է, իսկ այսօրինակ հրահանգները ցուցիչ են երկրի՝ դեմոկրատիայի ուղուց հետընթաց գրանցելու հարցում։