Ի պաշտպանություն նախկինների
2018 թվականից առաջ երկու տասնամյակ պայքարել եմ նախկինների դեմ: Պայքարել եմ փողոցներում, պայքարել եմ ընտրատեղամասերում: Պայքարել եմ իմ հոդվածներով՝ որպես լրագրող: Ի դեպ, վերջերս «Առավոտի» թվայնացման գործընթացում ի հայտ եկավ մի հոդված՝ գրված 1998 թվականին՝ ընդեմ ընտրախախտումների: Դրա մասին ես վաղուց էի մոռացել: Բայց այսօր պետք է խոսք ասեմ ի պաշտպանություն նախկինների: Որովհետև իրենց բոլոր բացասական ու երբեմն կամ հաճախ՝ բացարձակ անընդունելի վարքագծով հանդերձ, նախկիններն ապահովել են իմ, իմ ընտանիքի, իմ հայրենակիցների անվտանգությունը: Բոլոր հայրենակիցների՝ ապրելիս լինեին նրանք ՀՀ-ում թե Արցախում: Իսկ մարդու իրավունքների շարքում առաջնայինը կյանքի, այն է՝ անվտանգության իրավունքն է: Խոսքը տվյալ դեպքում ոչ թե առանձին անհատի, այլ մի ողջ հանրությանն է վերաբերում: Եվ եթե այն բացակայում է, ապա մնացած բոլոր իրավունքները քոռ կոպեկի արժեք չունեն: Որովհետև ամեն պահ կարող են խլվել կամ այլ տարբերակով ի չիք դառնալ: Դա հատկապես վերաբերում է մեզ՝ հաշվի առնելով 1915 թվականի ցեղասպանությունն ու հայրենազրկումը:
Իսկ այն, որ նախկիններն ապահովել են մեր բոլորի անվտանգությունը, վկայում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը: Ասեմ, որ երբևէ բարձր կարծիքի չեմ եղել ՀՀ երրորդ նախագահի անձի առումով: Ու այն բազմաթիվ ձևերով արտահայտել եմ ֆեյսբուքում: Ի դեպ, եթե նույն տոնայնությամբ նույնը վերահասցեագրեի ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձին, ապա քրեական կամ վարչական գործերի բեռից շունչ քաշել չէի կարողանա: Եվ կամ երկուսի բեռից էլ միաժամանակ: Բայց քանի որ նա էր ՀՀ գլխավոր հրամանատարը 2016-ին՝ մենք թշնամու նկատմամբ տարանք մեր երկրորդ հաղթանակը: Իսկ 2016-ին մեր թշնամին նույնքան ավելի էր զինված մեզանից, որքան 2020 թվականին: Իհարկե, 2016-2020 թվականներին հասցրեց հնարավորինս ավելի շատ սպառազինություն ձեռք բերել:
Բայց ինչպես բացահայտեց ՀՀ երրորդ նախագահը, 2018 թվականից մենք ևս պետք է ունենայինք 1000 ԱԹՍ-ներ, ինչն արդեն առկա էր ՊՆ գնումների պլանում: Իսկ որ դա տեղի չունեցավ՝ պետք է մեղադրել ոչ թե նախկիններին, այլ այն անձին, ով այսօր մնում է բազմած հանրապետության վարչապետի բազկաթոռին: Իսկ ի՞նչը մեզ առավել կորուստներ պատճառեց 44-օրյա պատերազմում: Հենց այն սարքերը, որոնցից Նիկոլի «թամադությամբ» մենք հրաժարվեցինք: Եվ դրա փոխարեն 120 միլիոն դոլար վատնեցինք անպետք ռազմական չորս ինքնաթիռների վրա: Եթե դրան գումարենք փորձված զորահրամանատարներից ձերբազատվելն ու անփորձ, ռազմական գործողությունների տեղանքին բացարձակ անծանոթ զինվորականներին նրանց փոխարեն առաջադրելը... Եթե դրան գումարենք դավաճանված լինելու վերաբերյալ լուրեր տարածելը՝ որտեղից էլ այն բխեր... Եթե դրան գումարենք ռազմական պահեստները թշնամուն հանձնելն ու երկնքի բաց լինելն առաջին մեկ շաբաթից հետո... Եթե դրան գումարենք մոբի անպատրաստ լինելը և կամավորներին գործող բանակի կազմի մեջ չներառելը և ընդհանրապես բացարձակ անշնորհք «գլխավոր հրամանատարության» հանգամանքը... Եթե դրանց և մնացած այլ գործոններին գումարենք դեռևս 2008 թվականից այդ անձի ուղեղում Արցախից՝ որպես բեռից ձերբազատվելու ցնորամիտ գաղափարը, ապա մեր պարտությանն այլընտրանք չէր կարող լինել:
Ես ռազմական փորձագետ չեմ և տվյալ հոդվածի առումով իմ առջև չեմ դրել պարտության պատճառ հանդիսացած բոլոր գործոնների թվարկումը և դրանց տեսակարար կշիռներ բացահայտելը: Իմ խնդիրն այլ է. ես ցանկանում եմ ընդամենը ավելի խորը մտածել տալ այն անձանց, ում կարծիքով 2020 թվականի պարտության հարցում մեղավոր են նաև նախկինները: Ուզում եմ մտածողությամբ ընդդիմադիր, քանի որ իշխանականներն այս առումով ինձ չեն հետաքրքրում, այդ մարդկանց համար պարզ լինի, որ Հայաստանի այլ ղեկավարության դեպքում պատերազմի արդյունքը բոլորովին այլ կլիներ: Որպես ասվածի ապացույց կարող եմ հիշատակել Արցախյան առաջին պատերազմի ընթացքը: Այնպես չէ, որ մենք այն ժամանակ շատ ավելի սպառազինություն ունեինք, քան ադրբեջանցիները:
Ընդհակառակը, նրանց համեմատությամբ մենք սկզբնական շրջանում համարյա ոչինչ չունեինք: Եվ նրանցից խլված սպառազինությամբ էին մեր տղաները կռվում նրանց դեմ: Քանի որ մեր զինվորների հերոսականությունից և ոգուց բայց կար նաև հայրենասեր և գրագետ հրամանատարության անգնահատելի դերակատարումը: Եթե վերը նշված ամենն առկա լիներ 2020 թվականի պատերազմում, այսօր խնդրողի և խեղճացված վիճակում կլիներ ոչ թե հայաստանցին, այլ մեր թշնամին: Նույնիսկ եթե նրան օգներ ոչ միայն Թուրքիան, այլ մեզ թշնամի մահմեդական բոլոր պետությունները: Չմոռանանք, որ Արցախյան առաջին պատերազմին ադրբեջանցիներին օգնության հասած ռազմատենչ չեչենները հեռացան, մեղմ ասած, ձեռնունայն: Իսկ չեչենները թե՛ 19-րդ դարում և թե՛ 20-րդ դարավերջին ապացուցել են, որ մարտնչել գիտեն:
Կարծիքներ