Իսկ գուցե քրականացնեն տիկնո՞ջ հայտարարությունը․․․

Իսկ գուցե քրականացնեն տիկնո՞ջ հայտարարությունը․․․
Զարուհի Մեժլումյանի հայտարարությունն է՝ Արցախը համարում եմ ՀՀ մարզ։ Չէի անդրադառնա տիկնոջ հայտարարությանը, եթե ինքը դա համարեր իր նեղ, անձնական դիրքորոշումը։ Բայց քանի որ դրա հետ փոխկապակցված գրառման մեջ երևում է, որ հայտարարության ետևում ուժեր կան թաքնված,անհանգստանում եմ։ Նման թեմաների վերաբերյալ  հայտարություններ անելու ամենաթույլ նրբերանգներն անգամ քաղաքական, ռազմական,  դիվանագիտական առումով կարող է լուրջ վտանգ ներկայացնել։
Ինչևէ, Արցախը ՀՀ մարզ անվանելու փախկապակցված գրառումն այսպիսի ներգործություն է թողնում՝ դե եթե դրան համաձայն չեք, ուրեմն լսեք՝  ինչ եմ ասում․
Zaruhi Mejlumyan

Մեր դիրքորոշումն էլ հետևյալն է՝ մեր տղաները պիտի չծառայեն Արցախում, դա իրավունքի կոպտագույն խախտում է: Անկախ պետություն եք, ուրեմն ստեղծեք Ձեր բանակը։

Մեր դիրքորոշումը։ Մեր բառի մեջ ի՞նչ ուժեր են մտնում։ Այսօր նման բան ասաց նաև Դավիթ Սանասարյանը․ «Ժամանակին սխալ քարոզ եմ տարել՝ հայտարարելով անկախ Արցախի մասին. չկա Արցախի հանրապետություն. կա Հայաստանի մարզ Արցախ»։

Սահմանափակվու՞մ է «մեր դիրքորոշումը»  դրանով, թե՞ ավելի վեր է տանում։ Նույն կարծիքի՞ն է նաև Դավիթ Սանասարյանը, որ Հայաստանի տղաները Արցախի բանակում չպիտի ծառայեն։

․․․Ու սա ասվում է  Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: Սա համահայկական տոն է, միասնության խորհրդանիշ։  Ու այս համահայկական տոնի, միասնության խորհրդանիշի օրը հայտարարել, որ Հայաստանի տղաները, «մեր տղաները պիտի չծառայեն Արցախում», նորմա՞լ է։  Որևէ մեկը պատկերացնու՞մ է, թե մենք ինչ նվեր ենք մատուցում թշնամուն։ Սա Արցախ- Հայաստան  միասնականության խախտման ագռավային կռնչոց է։

Արմատները վայ թե ավելի խորն են տանում։ Հայաստանի տղաները կամ մեր տղաները զուր են կռվել Արցախում․․․ եթե թվարկեմ շարունակությունը, կստացվի սարսափելի մի  խառնարան․․․ Սա դիվային  ծրագիր է, որի արմատները չպիտի ջրվի, այլ միասնական ուժերով այնպես պիտի անենք, որ չարի այդ սերմի արմատները չորանան ու չտարածվեն․․․

Արցախն ազատ, անկախ Հանրապետություն է եվ այսօր տոնում էինք նրա 28-րդ տարեդարձը։ Արցախը Հայաստան է, նա Հայաստանի մարզ լինել չի կարող։ Նման փոքրացման ծրագիրը թշնամու երազանքն է։ Դադարեցրեք այդ թեման։

Այդքանից հետո զարմանալի է Զարուհու այս գրառումը․

Zaruhi Mejlumyan

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

Ատելության խոսքը, քարոզը պիտի քրեականացվի, վաղուց ժամանակն է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:

Սա նշանակում է, որ տիկնոջը դուր չի եկել իր հասցեին արվող վիրավորական արտահայտությունները։ Տարիուկես է՝ ատելության խոսքը քրքրեց մեր քաղաքացիներին, ինքը սեփական մաշկի վրա զգալուց հետո՞ հասկացավ։

Ոչ, սա ուրիշ բան է հետապնդում։ Նրա գրառումը խոր արմատներ ունի և պիտի տարածվի։ Դա գրառում չէ, ներմուծված ծրագիր է, որ պիտի իրականացվի։  Հանրային աջակցություն է պետք, հասարակական դրական կամ գոնե ոչ պարսավելի վերաբերմունք։ Ու դա խնդրում է «Իմ քայլից», որ նա դիմի «զսպիչ գործողությունների»՝ քրեականացնեն, վախ տարածեն, որպեսզի կարողանան Արցախի հետ կապված նման սերմերը ցանել, պատրաստել հանրությանն այս ծրագրին։

Իսկ գուցե քրեականացնեն տիկնո՞ջ հայտարարությունը․

Մեր դիրքորոշումն էլ հետևյալն է՝ մեր տղաները պիտի չծառայեն Արցախում, դա իրավունքի կոպտագույն խախտում է: Անկախ պետություն եք, ուրեմն ստեղծեք Ձեր բանակը։

Այն իր մեջ մեծ վտանգ է պարունակում, կապված է ազգային անվտանգության հետ։ Պետք է հասկանալ,  թե մեր դիրքորոշում ասելով ում նկատի ունի, ո՞ր ուժերն են ցանկանում, որ մեր տղաները չծառայեն Արցախի բանակում։ Ի վերջո ի՞նչ ծրագիր է սա։