Ռեկտորի ընտրությունը վերեւից են ձգում, որ նոր կարգն անցկացնեն՝ ում ուզեն, նշանակեն

Ռեկտորի ընտրությունը վերեւից են ձգում, որ նոր կարգն անցկացնեն՝ ում ուզեն, նշանակեն

ԵՊՀ-ում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գեւորգ Մուրադյանի հրաժարականից հետո նոր նախագահ չի ընտրվել: Նոր անդամներ նշանակվել են, սակայն խորհուրդը դեռ նիստ չի արել, եւ նախագահ չի ընտրվել։ Նորանշանակ անդամները Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի եղբայրը՝ Ավետիք Քերոբյանն են։

ԿԳՄՍ նոր նախարար, նախկին ԵՊՀ-ական Վահրամ Դումանյանին հանձնարարված է անցկացնել Մովսիսյանին կամ, եթե չստացվի՝ Քերոբյանին: Բայց համալսարանականներն անդրդվելի են եւ պահանջում են, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը լինի ԵՊՀ-ի կողմից ընտրված հոգաբարձուների դասախոս անդամներից մեկը, բայց ո՛չ իշխանությունների դրածոն, որը համալսարանի հետ ոչ մի կապ չունի: Սա է պատճառը, որ ԿԳՄՍ նախարարը չի հրավիրում հոգաբարձուների խորհրդի նիստ, քանի որ նիստը կայանալուն պես պիտի նախ նախագահ ընտրեն:
Իսկ այս ընթացքում, քանի դեռ չի ընտրվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, եւ ԵՊՀ-ն ռեկտոր էլ չունի՝ ժամանակավոր պաշտոնակատար է, ԵՊՀ-ում անիշխանություն է տիրում:

ԵՊՀ ռեկտորի՝ արդեն երկարամյա պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, որի պաշտոնավարումն առաջին ատյանի դատարանը համարել է ապօրինի, փորձում է կառավարել իրավիճակը. իր մոտ է կանչում հոգաբարձուների խորհրդի ԵՊՀ-ական անդամներին եւ հրահանգներ տալիս՝ ամեն գնով հրավիրել հոգաբարձուների խորհրդի նիստ, որպեսզի ԵՊՀ 2021 թվականի բյուջեն հաստատվի: Մեր աղբյուրի վկայությամբ, նա իր մոտ է հրավիրել հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ պրոֆեսոր Անահիտ Չուբարյանին եւ ասել, որ հարկավոր է անհապաղ նիստ հրավիրել՝ բյուջեն հաստատելու, շինարարական տեխնիկայի ձեռքբերման եւ այլ տենդերներ հայտարարելու իրավունք ստանալու համար: Չուբարյանը հոգաբարձուների խորհրդի մի քանի այլ անդամների մոտ նեղսրտել է, թե՝ Գեղամն ինձ ստիպում է, որ ես՝ որպես հոգաբարձուների խորհրդի տարիքով ամենաավագ անդամ, նիստ հրավիրեմ, որի իրավունքն օրենքով ես չունեմ:

Մենք զրուցեցինք պրոֆեսոր Անահիտ Չուբարյանի հետ։ Հետաքրքրվեցինք, թե Գեղամ Գեւորգյանն իրեն առաջարկե՞լ է հոգաբարձուների խորհրդի նիստ կազմակերպել։ «Հոգաբարձուների խորհրդի նիստը ոչ թե ես պետք է նախաձեռնեմ, այլ կանոնակարգով ռեկտորն էլ իրավունք ունի նախաձեռնել, բայց, իրոք, ինձ խնդրեց, որ կապվեմ խորհրդի քարտուղարի հետ, եւ փորձենք հրավիրել խորհրդի նիստ, որովհետեւ նոյեմբեր ամսվանից մենք չունենք նախագահ, եւ հոկտեմբերի 5-ին վերջինը պետք է լիներ։ Բյուջեն հաստատված չէ, եւ համալսարանը շատ ծանր վիճակում է գտնվում, անընդհատ քննադատում են համալսարանին, բայց պե՞տք է այս վիճակից դուրս գանք, թե՞ չէ»,- պատասխանեց Չուբարյանը։

- Ինչո՞ւ է Ձեզ դիմել, եթե ինքն էլ ունի նման լիազորություն։

- Ինչո՞ւ է դիմում ինձ․ ինքը հո չպիտի հավաքի, զանգ տա, զբաղվի։ Պարզապես քանի որ ես եմ նախագահելու այդ նիստը, քանի որ չունենք հոգաբարձուների խորհրդի նախագահ, դրա համար խնդրեց, որ ես էլ աջակցեմ քարտուղարին։ Պիտի քարտուղարը կազմակերպի։

- Գեղամ Գեւորգյանը Ձեզ հետ խոսել է շինարարական տեխնիկա ձեռք բերելու տենդերի մասի՞ն։

- Ոչ մի նման բան չի նշել։ Ես՝ ինքս, ընդդիմադիր մարդ եմ, ոչ մի կուսակցության մեջ չեմ, այս իշխանություններին դեմ եմ, բայց չեմ կարողանում տանել սուտ եւ կեղծիք՝ նման բան չկա։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ պետք է ընտրենք, պետք է բյուջե հաստատենք, պետք է հաստիքացուցակ հաստատենք, այդ հարցերն են։ Ի՞նչ շինարարություն, ես տեղյակ չեմ։

- Ասում են, որ իշխանությունն ուզում է Հովհաննես Մովսիսյանին դարձնել հոգաբարձուների խորհրդի նախագահ․ ի՞նչ կարծիքի եք։

- Առաջին անգամն եմ լսում, ես ընդհանրապես տեղյակ չեմ։ Դա ո՞վ է, մասնագիտությամբ ի՞նչ է։

- Հովհաննես Մովսիսյանը կառավարության հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն էր, հիմա Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն է եւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ։

- Շատ լավ է, որ տեղեկացրիք։ Օրինակ, մեր նախորդ նախագահը՝ Մուրադյանը, ճիշտ է՝ ոմանք դեմ էին, բայց տեսա՞ք ինչքան կարգին մարդ էր, ես իրեն ճանաչում էի որպես ֆիզիկոս, մեզ մոտ դասավանդում է, եւ նոյեմբերից սկսած՝ նա այլեւս չուզեցավ այդ իշխանության ներկայացուցիչը լինել համալսարանում, եւ ես ճիշտ էի, ես իրեն կողմ էի քվեարկել։ Ես հիմա տեղյակ չեմ, թե ում են առաջարկում, դեռ ինձ չեն ասել, ես դեռ նման ինֆորմացիա չունեմ։

- Համալսարանը ո՛չ ընտրված ռեկտոր ունի, ո՛չ էլ հոգաբարձուների խորհրդի նախագահ․ ինչպե՞ս եք գնահատում վիճակը։

- Ճիշտն ասած՝ նորմալ ընթանում է, դասերն անում ենք, աշխատավարձերը ստանում ենք։ Այդ իմաստով նորմալ ընթանում է, Գեղամ Գեւորգյանը բավականաչափ սարթ անձնավորություն է, պինդ եւ գիտակ, հիանալի գիտնական է եւ լավ մանկավարժ է։ Այդ իմաստով նորմալ է, իսկ որ չկա ռեկտոր, դա ո՞ւմ մեղքն է։ Օգոստոսին, երբ մենք առաջին նիստն արեցինք, պետք է ընտրեինք նոր ռեկտորին, արդեն ամսի 5-ին պիտի որոշեինք՝ հի՞ն ընթացակարգով, թե՞ նոր ընթացակարգով․․․ անընդհատ ինչ-որ բաներ փոխվում են։ Ինձ թվում է, որ ավելի շատ վերեւներն են ձգձգում, որպեսզի այս նոր կարգն անցկացնեն եւ ում ուզեն, նշանակեն։