Սրանք ոչ արևմտյան արժեքների հետ կապ ունեն, ոչ արևմտյան քաղաքակրթության, ոչ էլ արևմտյան պատկերացումների հետ

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հերթական տարօրինակ և զարմանք հարուցող գրառմամբ է հանդես եկել: Զավենիչը, որը տարիներ շարունակ խոսում էր Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու մասին, այս անգամ որոշել է նույն Եվրոպայի հետ հակադրության մեջ մտած Դոնալդ Թրամփին դիմել և օգնություն խնդրել: Նա մասնավորապես գրել է.
«Ադրբեջանի արձագանքը խաղաղության համաձայնագրին անակնկալ էր ու անգամ անսպասելի։ Ըստ էության՝ այն պետք է լավատեսության հիմքեր տար, բայց, ցավոք սրտի, վստահության պակասը կասկածների մեծ դաշտ է բացում։ Ունենք այն, ինչ ունենք և ունեցածից հրաժարվելը պատերազմի վերսկսման պատճառ կարող է դառնալ։ Հետևաբար, կասկածները ցրելու և երաշխիքները ամրացնելու համար՝ կցանկանայի, որ ՀՀ իշխանությունը առաջիկա օրերին աներ հետևյալ քայլերը։ Կարևոր եմ համարում նաև նշել, որ առաջարկներս իրատեսական են, քանի որ ամբողջությամբ ՀՀ ներուժի և ինքնիշխանության տիրույթում են.
1) Առաջարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպին դառնալ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի երաշխավոր։
2) Առաջարկել ԱՄՆ կառավարությանը՝ նախաձեռնել գործընթաց` ՀՀ հաղորդակցուղիների վերաբացման և առաջին հերթին «Միջին միջանցք» ծրագրով, երկաթուղային ցանցի արդիականացման և ամերիկյան շարժակազմերով համալրման ուղղությամբ։
3) Առաջարկել ԱՄՆ իշխանությանը ներդրումային մասնակցություն ունենալ ՀՀ բնական ռեսուրսների շահութաբեր ոլորտում և որպես առաջին քայլ՝ Քաջարանի բազմամետաղային հանքավայրի ձախ ափի լիցենզիա տալ։
Վստահ եմ, որ այս առաջարկները օգտակար են ու որևէ պարագայում չեն կարող վնասել, ավելին՝ ամերիկյան կողմից դրական արձագանք ունենալու հավանականությունը շատ մեծ է։
Խաղաղության հաստատման գործընթացին ընդառաջ գնալը դրական կլինի ինչպես ԱՄՆ նորընտիր իշխանության վարկանիշի համար, այնպես էլ հիմք կդառնա երկարատև խաղաղության, հաղորդակցուղիների վերաբացման և տարածաշրջանային ներուժի բալանսավորման առումով»:
Բայց ո՞վ է իրավունք տվել Արամ Զավենիչին Թրամփին Քաջարանի բազմամետաղային հանքավայրի ձախ ափի լիցենզիան տալ։ Եվ առհասարակ՝ ինչո՞ւ պետք Է Դոնալդ Թրամփը կատարի Արամ Սարգսյանի խնդրանքները: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ Արամ Սարգսյանի ասածներին լուրջ վերաբերվելը.
«Տարիներ շարունակ այս նույն շրջանակները խաբել են հայ ժողովրդին, թե իբրև իրենք արևմտամետներ են, սակայն սրանք ոչ արևմտյան արժեքների հետ կապ ունեն, ոչ արևմտյան քաղաքակրթության, ոչ էլ արևմտյան պատկերացումների հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արևմուտքը երկու մասի է բաժանվել՝ Թրամփի իշխանության գալուց հետո, Արամ Սարգսյանն ու իր նմանները հասկացան, որ անտեր են մնացել: Ամերիկյան կառույցները հերթով դադարեցնում են ֆինանսավորումը՝ տարբեր ուղղություններով: Այս մարդիկ այսօր մի խնդիր են իրենց առջև դրել՝ թաքցնել, որ Արևմուտքի հետ ինտեգրումն իրականում Թուրքիայի հետ ինտեգրվելն է: Այժմ հասարակությանը փորձում են կրկին խաբել, իբրև այս անգամ էլ մեզ կարող է Թրամփը փրկել: Օգտվելով որոշակի ինֆորմացիոն հոսքից, այս անգամ էլ փորձում են ցույց տալ, թե իբրև իրենք այնքան կան, որ կարող են Թրամփին խնդրանքով դիմել: Նրանք հասկանում են, որ իրենց քաղաքական ֆիասկոն մոտենում է իր ավարտին: Որպեսզի իրենց վախերը թաքցնեն, փորձում են Թրամփի ուրվականը քաշել իրենց վրա: Իրականում Թրամփը թքած ունի սրանց բոլորի վրա: Ավելին՝ Թրամփի հակամարտությունը արամ զավենիչների տերերի հետ են: Արամ Զավենիչն այս իշխանության «շնուրոկ» է, այդքան մի բան», - ասաց Բոզոյանը:
Կարծիքներ