Ի՞նչ հարցեր լուծեց «Ագորան» նախորդ 2 տարում․ «Դեռ երեկ»

Ի՞նչ հարցեր լուծեց «Ագորան» նախորդ 2 տարում․ «Դեռ երեկ»

Հիշո՞ւմ եք՝ Դեռ երեկ 2018-ի օգոստոսին, երբ վարչապետ Փաշինյանը հանրահավաքով ամփոփում էր իր պաշտոնավարման 100-րդ օրը, Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին մի յուրահատուկ խոստում տվեց, որ այդ պահից սկսած Հանրապետության հրապարակը ագորա է հռչակվում և ուղիղ կառավարմամբ իրականացնելու է երկրում իշխանությունը։ 

Հետագայում հրապարակը՝ մասնավորապես կառավարության շենքի հարակից տարածքը օր չեղավ, որ դատարակ մնա, կարո՞ղ եք նշել մեկ հինգշաբթի, կառավարության մեկ նիստ, որ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա չլինի։ Հաճախ դրանք բազմաբովանդակ են, տարբեր հարցերով, տարբեր մասշտաբի, երբեմն 2-3 բողոքի ակցիա միաժամանակ։ Սկզբնական շրջանում վարչապետը երբեմն իջնում էր, զրուցում ցուցարարների հետ, նույնիսկ թույլ տալիս՝ ջարդել կառավարության դռները։

Փաշինյանի կառավարումից 2 տարի է անցել, բողոքի ակցիաները կառավարության դիմաց շարունակվում են, հաճախ դրանք տեղափոխվում են նաև Ազգային ժողովի տարածք, կախված թեմայից երբեմն թույլատրվում են, երբեմն դաժանորեն ցրվում։ Առհասարակ ժամանակակից աշխարհում գործում է ներկայացուցչական ժողովրդավարությունը, քաղաքացիները ընտրում են իշխանություն, որը ստանձնում է երկրի կառավարումը և պատասխանատու որոշումներ կայացնում, այսինքն՝ «Ագորա», ինչպիսին հին հունաստանում էր, այլևս ոչ մեկին պետք չէ, բայց քանի որ վարչապետը հայտարարեց այդ մասին, ուստի վերջում ավանդական դարձած հարցը՝ 2018-ից ի վեր տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բարձրացված հարցերից քանի՞սն են լուծվել հօգուտ «Ագորայի»։