Արմեն Գրիգորյանը մեկնում է Արցախ՝ համոզելու
Այսօր տեղեկություն ստացանք, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս մեկնելու է Արցախ՝ հանդիպումների։ Մեր աղբյուրն ասում էր, որ ԱԱԽ քարտուղարն Արցախ է մեկնում Լավրովի հայտարարության հետքերով, որպեսզի «բանակցի» Արցախի իշխանությունների հետ «Լավրովի պլանի» շուրջ։
Հիշեցնենք, որ 2 օր առաջ ՌԴ ԱԳ նախարարը ասուլիսում հայտարարել էր, որ բանակցություններն ընթանում են փուլային տարբերակի շուրջ, որով նախ Ադրբեջանին պետք է հանձնվեն Արցախի շուրջ անվտանգության գոտում գտնվող տարածքները, պետք է ռազմական գործողություններից հրաժարվեն եւ ապաշրջափակվի տարածաշրջանը։ Եւ չնայած հաջորդ օրը ՀՀ ԱԳ նախարարը իբրեւ թե հերքեց Լավրովի ասածը, նշելով, որ Արցախի անվտանգությունն առաջնահերթ խնդիր է մեզ համար եւ դրանից նահանջ չի կարող լինել, բայց հստակ չասվեց, որ Լավրովը ճիշտ չի ասում եւ նման քննարկումներ չկան։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ընդանրապես լռում է։
Մեր աղբյուրը պնդում է, որ Հայաստանը հակված է տարածքները վերադարձնել՝ որպես բարի կամքի դրսեւորում եւ գործող իշխանությունը կարծում է, որ դրա համար լավագույն ժամանակն այսօր է՝ կորոնավիրուսի տարածման այս խառնաշփոթի շրջանում։
Իսկ Արմեն Գրիգորյանին ուղարկում են Արցախ՝ ԼՂ իշխանություններին համոզելու, նրանց հետ բանակցելու, որ համաձայնեն այս տարբերակի իրականացմանը։ Սակայն ամբողջ բանն այն է, որ տարածքների հանձնմանը զուգահեռ Արցախի կարգավիճակի հարցը չի լուծվում եւ որեւէ երաշխիք չկա, որ ապագայում մեզ համար ընդունելի լուծում կլինի, ուստի սա համազոր է լինելու միակողմանի զիջման, այլ ոչ թե փոխզիջումների։ Իսկ նախօրեին նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այս առումով հստակ հայտարարություն է տարածել եւ հակված չէ զիջումների գնալու։
ԱԱԽ գրասենյակից մեր տեղեկությունը՝ որ Արմեն Գրիգորյանը ապրիլի 27-28-ին աշխատանքային այցով մեկնելու է Արցախ, հաստատեցին։ Իսկ ի՞նչ օրակարգով է մեկնում և արդյոք արցախյան խնդրի հարցո՞վ են լինելու հանդիպումները, հետաքրքրվեցինք մենք, ԱԱԽ մամուլի խոսնակը չմեկնաբանեց․
«ԱԱԽ գրասենյակի կողմից հիմա հստակ մեկնաբանման ենթակա տեքստն այն է, որ պարոն Գրիգորյանը ապրիլի 27-28-ը մեկնելու է Արցախ՝ հանդիպելու տեղի քաղաքական և ռազմական իշխանությանը՝ անվտանգային հարցերի լայն շրջանակ քննարկելու նպատակով։ Դրանից ավել տեղեկատվություն այս պահին չկա»։
Կարծիքներ