Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը սեւ փիառով է զբաղված

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը սեւ փիառով է զբաղված

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, ով հայտնի է հայ հանրությանը որպես ֆեյքաֆաբրիկայի կառավարող, ոչ միայն իր անձնական էջն է այս օրերին վերածել քարոզչական հարթակի (ապագա կա Չարենցավանում, Սիսիանում, Մարտունիում, այլուր), այլեւ քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի նկատմամբ գերագրեսիվ հակաքարոզչություն տանելու միջոց է դարձրել։

Նկատենք՝ դա անում է պետական պաշտոնյան՝ աշխատանքային ժամերին։ «Շատ մի մաշիր, մաշվել կա: Հին ալբանական ասացվածք»՝ սա Ռոբերտ Քոչարյանին է ուղղված։ «Թե բա նախագահ... չէ մի, չէ... թան էլ չէ, փրթած մածուն: Ոնց քթերը ցողունային բջիջներ քաշած փողոցային խուժան կար, նույնն էլ մնացել է մերժվածը», սա էլ Սերժ Սարգսյանին։

Անգամ ՄԻՊ Արման Թաթոյանին չի «խնայել»․«Պատգամավորների նկարների տակ ժողովրդի հասցեին լկտի հայհոյանքներով մեկնաբանություններ թողնող ՀՅԴ-ական Մանուկյան Գեղամի հասցեին ՄԻՊ-ն ասելիք չունի՞: Իհարկե, մեկնաբանություններում հայհոյանք հնչեցնելը անճարության արդյունք է, բայց ամեն բանին սահման կա»։  

«Հրապարակը»-ը Տարոն Չախոյանին փորձեց մի քանի հարց ուղղել՝  փաստորեն, եթե ՄԻՊ-ից պահանջում եք, որ պատժի Գեղամ Մանուկյանին, համարում եք, որ ձեր թեկնածուն վատ-վատ բաներ չի ասում, իսկ «շինելն էլ», ինչպես Լենա Նազարյանն էր ստուգաբանել՝ ընդամենը նշանակում է շատ ճանապարհներ կառուցել։ Տարոն Չախոյանը նախ ներողություն խնդրեց՝ ահավոր զբաղված է, ապա ասաց՝ չեմ մեկնաբանում, վերջում մի քանի հարցի պատասխանեց։

- Դուք օմբուդսմենի ուշադրությունը հրավիրել էիք քոչարյանենց լկտի բառապաշարի վրա, բայց ձեր թեկնածուն «շինել» բառն է օգտագործում, թե՞ համաձայն եք Լենա Նազարյանի հետ, որ խոսքը ճանապարհ «շինելու» մասին է.

- Էլի եմ հրավիրում։ Սեռական բնույթի հայհոյանք տալը, բառացիորեն գրելը այլ է, «շինել» բառն օգտագործելն՝ այլ։

- Դե «շինելն» էլ է սեռական հայհոյանք։

- Չէ, ինչո՞ւ․ տուն շինել, փողոց շինել, մանկապարտեզ, հիվանդանոց, դպրոց շինել։

- Բայց ինքը մարդկանց էր «շինում»։

- Բացեք՝ հայերեն բացատրական բառարան և տեսեք, թե «շինել» բառն ինչ է նշանակում։

- Լո՞ւրջ եք ասում, պարոն Չախոյան, թե․․․

- Ամենայն լրջությամբ, հայերեն  բացատրական բառարանը կարելի է բացել, գտնել «շինել» բառի հոմանիշերը։ Բայց որպես այդպիսին, ես Լենա Նազարյանի մեկնաբանությունները չեմ կարող մեկնաբանել։