Նիկոլ ջան, դու վաղուց արդեն խմբագիր չես, մենք էլ քեզնից խմբագրականներ չենք ակնկալում

Նիկոլ ջան, դու վաղուց արդեն խմբագիր չես, մենք էլ քեզնից խմբագրականներ չենք ակնկալում

Առավոտ բարըլուսով Նիկոլ Փաշինյանի ստատուսը կարդացի։ Չէ, մեր վարչապետի հոգեվիճակն, իրոք, ինձ անհանգստացնում է։ Այսքան երկար ու անորոշ, տվայտանքներով ու անտեսանելի հակառակորդներին ուղղված տեքստ կարող է գրել խռովահույզ հոգին միայն։ Իհարկե, կարելի է գուշակել, թե ում է ուղղված այն եւ ինչ մղումներից դրդված է գրվել։

Օրինակ, կարծում եմ՝ մի մեծ մասն ուղղված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ-ին, որոնց հետ հավերժ պայքարի մեջ է ու հին՝ չմարված հարցեր ունի։ Հավանաբար, վերջին շրջանում ՀԱԿ-ի աղանդավորների ստատուսները շատ է կարդացել ու ազդվել։

Մի մասն էլ, պարզ է, ուղղված է թիմակիցներին, որոնց հասկացնում է, որ իմ ճիշտը կասկածի տակ չդնեք, խելոք՝ մարշ ածելով եկեք հետեւիցս, լավ կլինի։

Մի մասն անշուշտ մտավորականներին ու քաղաքական այլ ընդդիմախոսներին է ուղղված՝ այն պասսիվ մասսային, որը, որպես կանոն, ոչինչ չի անում, բայց մշտապես քննադատողի դերում է։ Չմահավան մարդկանց մեծ խավ կա մեր երկրում, որ բոլորին մերժում են, բոլոր քայլերը համարում են սխալ, բայց իրենք էլ ոչինչ չեն ձեռնարկում՝ սպասելով, որ կգա հարմար պահը, կամ՝ երկնքից մանանա կընկնի իրենց գլխին։

Մի մասով էլ Փաշինյանի տեքստը, ըստ իս, ուղղված էր հենց իրեն՝ ինքնահանգստացման, ինքնասփոփման, ինքնահամոզման տեքստ էր։ Կարծես ասում է․ Նիկոլ ջան, հանգիստ եղիր, ով ինչ ուզում է ասի՝ ճիշտը դու ես, կյանքը ցույց է տվել, որ միակ մարդն ես, որ էս երկրում հաջողության ես հասել՝ Սերժին հաղթել ես։ Եվ սա նաեւ այն մասին է վկայում, որ մարդը մնացել է 2018-ի «տակ», իշխանափոխությունը համարում է իր վաստակը եւ հաղթողի դափնեպսակը նրան խանգարում է ադեկվատ գնահատել իրավիճակը, հասկանալ, որ հեղափոխություն անելն ու փողոցներ փակելը որքան էլ որ հերոսական բան է, բայց պետություն կառավարելն ավելի լուրջ եւ պատասխանատու գործ է եւ մենք իրեն ընտրել ենք ոչ որպես հեղափոխության մունետիկ, այլ պետության ղեկավար։ Եվ որքան շուտ մոռանա ինքը 2018-ը, (արդեն պետք է մոռացած լիներ) այնքան երկիրը ու հասարակությունը կշահի։ 

Ու մի դիտարկում էլ․ տեքստը, որն, ըստ էության, ոչինչ չի փոխելու մեր կյանքում եւ ոչ էլ հատուկ ինֆորմացիա էր պարունակում՝ բացի Նիկոլ Փաշինյանի հոգեբանական նկարագրի մի քանի շտրիխների բացահայտումը, ուղիղ 8 հազար նիշ էր, որը գրելու վրա, անգամ եթե կայծակի արագությամբ գրեր հեղինակը, առնվազն մեկ ժամ կծախսվեր։ Էլ չեմ խոսում՝ կարդալու, խմբագրելու, սրբագրելու, ինչ որ բաներ շտկելու վրա։ Ախր մեր երկրի ղեկավարն ինչու պետք է այդքան ժամանակ ծախսի մի անպտուղ աշխատանքի վրա, որն իր գործը չէ։ 
Նիկոլ ջան, դու վաղուց արդեն խմբագիր չես, մենք էլ քեզնից խմբագրականներ չենք ակնկալում, գործ արա։ Վարչապետի գործն անսպառ է ու հաստատ երկարաշունչ տեքստեր գրելը չի։

Սվետա Մարտիրոսյան