Ինչ է կատարվում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում

Ինչ է կատարվում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում

Որքան էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը հավատացնում էր, որ կադրային ջարդ չի անելու, պարզվեց՝ լավ էլ անում է, եւ նախարարության աշխատակազմում էլ են փոփոխություններ կատարվելու։ Թեեւ մենք գրեցինք, որ երկարամյա փոխնախարար Սմբատ Սաիյանը կմնա որպես նախարարի խորհրդական, սակայն, պարզվում է, դա ժամանակավոր լուծում է՝ մինչեւ Սաիյանը նոր աշխատանքի անցնի։

Նախարարի տեղակալները եւ խորհրդականը նախարարին համոզում են, որ ազատվի Մոնիթորինգի վարչության պետ Հայկ Մուրադյանից, սակայն, ըստ մեր աղբյուրի, նա դեռ չի կողմնորոշվում։ Ամենայն հավանականությամբ, նախարարությունը կլքի Երեխաների հիմնահարցերի բաժնի պետը, որին Զարուհի Բաթոյանն էր բերել։ Կհեռանա, հավանաբար, նաեւ Հավասար հնարավորությունների վարչության պետ Քրիստինե Հովհաննիսյանը։
Մի կողմից՝ նախկիններից են փորձում ազատվել, մյուս կողմից՝ նախարարությունում թափուր հաստիքներ կան, այդ թվում՝ բաժնի պետերի, որոնք չեն համալրվում, որովհետեւ մասնագետները չեն համաձայնում նշանակվել։ Եվ առհասարակ՝ պետական համակարգում պաշտոններ զբաղեցնելու նախկին էնտուզիազմն այլեւս չկա, որովհետեւ որքան «բարձրանում» են, այնքան արագությամբ են վայր ընկնում, եւ ոչ կոմպետենտ անձանց ենթակայությամբ աշխատելն էլ անչափ բարդ է։ Նախարարության ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության բաժնի պետերի հաստիքներն են ամիսներ շարունակ թափուր։

Նոր կադրերով, ըստ մեր տեղեկությունների, զբաղվում է նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, նրան նախարարն առանձնահատուկ է վստահում։ Նախարարության աշխատողների մեծ մասը դեռ չի տեսել նախարարին, նա հրաժարվում է ընդունել շատերին՝ փակված է իր առանձնասենյակում։ Իսկ նրանք, ովքեր արդեն հանդիպել են, հասցրել են հիասթափվել եւ սենյակներում քննարկում են նախարարի վարքն ու պահվածքը։
Մենք կապվեցինք նախարարության Մոնիթորինգի վարչության պետ Հայկ Մուրադյանի հետ եւ խնդրեցինք մեկնաբանել այն տեղեկությունը, որ իրեն պատրաստվում են աշխատանքից ազատել։ Նա պատասխանեց, որ առաջին անգամ է այդ մասին լսում։

Հարցրինք՝ ինչպիսի՞ հարաբերություններ ունի նախարարի հետ, կարողանո՞ւմ է հանդիպել, ինչ-որ հարց քննարկել։ «Նորմալ, աշխատանքային հարաբերություններ են, ամեն ինչ՝ իր ժամանակին, իր ձեւով»։ Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինե Հովհաննիսյանը եւս նշեց, որ նման տեղեկության չի տիրապետում, իսկ նախարարի հետ հարաբերությունները կառուցողական որակեց․ «Մեզ մոտ շատ կառուցողական եւ դրական աշխատանքային մթնոլորտ է, իսկ մյուս հարցերի համար դիմեք մեր հասարակայնության հետ կապերի վարչություն»։

Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալաթարյանն էլ չպատասխանեց մեր հարցերին՝ մեզ ուղղորդեց հասարակայնության հետ կապերի վարչություն։ Հասկանալի է, որ քանի դեռ մարդկանց չեն ասել՝ դիմում գրի, նրանք հույս ունեն, որ կմնան, ու իրենց գլխին կախված վտանգները կցրվեն։