ՄԻՊ գրասենյակը միջազգային դիվանագիտությամբ շատ ավելի ակտիվ է զբաղված, քան մեր խորհրդարանը

ՄԻՊ գրասենյակը միջազգային դիվանագիտությամբ շատ ավելի ակտիվ է զբաղված, քան մեր խորհրդարանը

Հայաստանի հանրությունը պարբերաբար միջազգային հանրությունից ինչ-որ արձագանքներ է սպասում, միջամտություն մեր այս կամ այն խնդրին։ Այդ ակնկալիքները հատկապես սրվում են պատերազմական իրավիճակում, երբ Ադրբեջանը հերթական սադրանքն է սանձազերծում սահմանին ու պատերազմ հրահրում։ Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածության, փաստացի պատերազմական գործողությունների ֆոնին մենք նորից միջազգային հանրությունից ինչ-որ բաներ ենք պահանջում, մի կողմից՝ արդարացիորեն, քանի որ փոխադարձ պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի, Մինսկի խմբի, ՄԱԿ-ի եւ այլ կառույցների հետ ու նաեւ դրանց անդամ ենք, մյուս կողմից՝ ռոմանտիկ ակնկալիքներ են դրանք՝ հույսով, որ եվրոպական նավերը մի օր վերջապես կբարձրանան մեր լեռները։

Նայելով լրահոսը, թե որ կառույցը կամ որ պետությունն ինչպես է արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը, հասկանում ենք, որ մեր արտաքին գերատեսչությունն ու խորհրդարանական դիվանագիտությունը, մեղմ ասած, ակտիվ չեն աշխատում մեր գործընկեր պետությունների ու միջազգային կառույցների հետ կամ ուղղակի թերանում են այդ աշխատանքում։ Դրա առհավատչյան, օրինակ, երեկ Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունն էր, որտեղ նրանք հանդես էին եկել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգման» մասին ձեւակերպումներով։ Ու դրանից հետո նոր միայն մեր ԱԳՆ-ն ուշացած հրավիրում է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին, որ բացատրի, թե ինչն ինչոց է։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց, որ հիմնականում Ռուսաստանի Դաշնության արձագանքն է, որ իր մեջ պարունակում է կոնկրետ խնդիրներ եւ ավելի շատ փակում է Թուրքիայի հայտարարության հետեւանքները։
«Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի տարօրինակ լռությունն է, որ անհանգստացնում է։ Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ էս զարգացումները, իհարկե, եթե էսպես շարունակվեն, արդեն մոտ են նաեւ էսկալացիոն դրսեւորումներին։ Ենթադրում եմ, որ նաեւ սա միջազգային շատ մեծ նշանակություն կունենա, եւ ոչ միայն առանձին պետությունների կամ Մինսկի խմբի անդամ երկրների, այլ նաեւ անհրաժեշտ է լինելու ՄԱԿ-ի ուշադրությունը սրա վրա հրավիրել։ Իսկ ՀԱՊԿ-ի արձագանքը, եթե համեմատում ենք մյուսների լռության հետ, իհարկե, բավարարում է, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքն է շատ էական, եւ հերթական անգամ մենք գալիս ենք այն եզրահանգման, որ մեր իշխանությունների ապաշնորհ ու անհեռանկար բանակցությունների արդյունքում դուրս մնացած Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները, որոնք էսօր շատ օգտակար կլինեին հենց առաջին հերթին Մինսկի խմբին ու միջազգային հանրությանը, հենց այս հետեւանքներն են, եւ պետք է անպայման դա վերադարձնել օրակարգ»,- ասաց պարոն Զաքարյանը։

- Միջազգային կառույցներից նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է կոչ արել դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին։ Սա ի՞նչ կտա մեզ։

- Դե, ընդհանուր առմամբ, ստանդարտ, ոչինչ չասող, ոչինչ չտվող հայտարարություն է, ավելի էական է, որպեսզի այդ հայտարարությունները դառնան կոնկրետ բանաձեւեր, կոնկրետ փաստեր եւ կոնկրետ միակողմանի, ոչ թե համաչափ բան լինի, որովհետեւ ակնհայտ է, որ Ադրբեջանն է իր ամբողջ ուժերը կուտակել եւ արդեն անցել է նաեւ խաղաղ բնակավայրերի ռմբակոծությանը։ Էստեղ անհրաժեշտ է նաեւ հարցերը փորձել տանել անվտանգության խորհուրդ, նաեւ ՄԱԿ-ի անդամ պետությունների շրջանում տարածել համապատասխան հայտարարություններ, տանել դիվանագիտական աշխատանք։ Շատ տխուր պատկեր է խորհրդարանական դիվանագիտության մեջ, շատ տխուր պատկեր։

- Ի՞նչ էիք ակնկալում խորհրդարանական դիվանագետներից, նաեւ՝ մեր ԱԳՆ-ից։

- Ասեմ՝ պանդեմիայի պայմաններում էսպիսի զարգացումներ եւ էսքան անլուրջ կամ էսքան անտեղյակ վերաբերմունք միջազգային հանրության կողմից, դա նշանակում է, որ մեր համապատասխան օղակները շատ վատ են աշխատում կամ պատկերացում չունեն, թե ինչ ուղղությամբ կարող են զարգացումները գնալ։ ՄԻՊ գրասենյակը շատ ավելի ակտիվ է էսօր միջազգային դիվանագիտությամբ զբաղված, քան մեր խորհրդարանը։

- Բայց նույնկերպ 2016-ի ապրիլին էին քննադատում, երբ դուք էիք իշխանության, որ միջազգային հանրությունից պատշաճ արձագանք չկա, մեր կողմից դրսի հետ նորմալ աշխատանք չի տարվում։

- Մինչեւ էսօր բոլոր փաստերը կան, թե քանի խորհրդարանում քանի համապատասխան հայտարարություններ, ելույթներ են եղել տարբեր երկրների խորհրդարանականների կողմից կամ ուղիղ Ադրբեջանին դատապարտող հայտարարություններ։ Հենց առաջին օրվանից սկսած։ Նույնիսկ Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի փոխխոսնակի մակարդակով, էլ Եվրամիության անդամ երկրները չեմ ասում, էլ ԱՊՀ երկրների եւ մնացածի մասին չեմ ասում։ Իսկ հիմա մենք ի՞նչ ունենք․ մենք ունենք այն իրավիճակը, որ ստիպված են լինում արդեն Ուկրաինայի դեսպանին հրավիրել ԱԳՆ՝ տեղեկատվություն փոխանցելու, որպեսզի ինչ-որ ձեւով շտկվի Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունը։ Մենք ունենք արդեն Ադրբեջանին ուղիղ սատարող հայտարարություններ։ Եվ էդ համեմատությունները, որ տանում են, էդ միայն դիլետանտներն ու գործից անտեղյակները կարող են անել։