Սա դեռ ցավերի սկիզբն է` ժուռնալը

Սա դեռ ցավերի սկիզբն է` ժուռնալը

«Հրապարակի» զրուցակիցն է «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը:

- Իշխանությունը փորձում է ներկայացնել, որ երեկ ցուցարարներն իրենք են հրահրել ուժայիններին, եւ այդ հատուկ միջոցների ու անմարդկային մեթոդների կիրառումն անխուսափելի էր:

- Բոլոր իշխանությունների ժամանակ այս նույն բաները կատարվել են: Ես բազմիցս ասել եմ՝ մինչեւ չտրվի քաղաքական գնահատական՝ 1990 թվականից մինչեւ այսօր, դա կրկնվելու է: Բազմիցս ասել եմ, որ այս մարդը՝ սատանայի առաքյալը, պատրաստ է ամեն ինչի: Վերջերս դրա տեսանյութը նայեցի, որ 18-ին ոստիկաններին ասում էր՝ գիտեք ինչ, եթե Սերժ Սարգսյանը մնա իշխանության, մենք դառնալու ենք Ադրբեջան։ Իր խոսքերն են: Իսկ հիմա իրենք քարոզում են Ադրբեջան, Թուրքիա դառնալ: Ո՞նց կարող է արդարացված լինել, երբ որ կադրերով տեսնում ենք, թե ոնց են դեղի ազդեցության տակ` ոստիկանները հարձակվում մարդկանց վրա: Դա արդարացված չէ: Սա կանխատեսում էին բոլորը, սա դեռ սկիզբն է ցավերի, ժուռնալն է, սա միշտ եմ ասել: Սրան կա մի լուծում:

- Ո՞րն է այդ լուծումը:

- Եթե կհիշեք, Ձեզ տված հարցազրույցի ժամանակ միշտ ասել եմ` եթե մանդատը ձեզ տաք է պահում, կեղծ ընդդիմություն, պահեք ձեր մանդատը, ցրեք ձեր խմբակցությունները, առաջացրեք սահմանադրական ճգնաժամ: Այս մարդիկ վախենում են դրանից:

- Վախենում են, որ խորհրդարանական ընդդիմությունը մանդատները վա՞յր կդնի:

- Ընդդիմությունն է վախենում մանդատները վայր դնել, գուցե էլ չընտրվե՞ն հանկարծ, այ, սրանից են վախենում: Ամենայն հարգանքով, այդ անձի դեմ ոչինչ չունեմ, Հայկ Մամիջանյան կա` պատգամավոր, խոսում է, որ այս իշխանությունները կպած են իրենց աթոռներին: Բա կպած չէ՞ իրենց մանդատներին ընդդիմությունը, ի՞նչ է տալիս իրենց այդ մանդատը՝ անձեռնմխելիությո՞ւն, ծեծ չուտե՞լ՝ ծեծ ուտում են: Արյունահեղությունից խուսափելու համար ճգնաժամ պետք է ստեղծի ընդդիմությունը` սահմանադրական: Կեղծ ընդդիմությունը պետք է հրաժարվի մանդատներից, կոլապս պետք է ստեղծվի, ոչ թե ժողովրդին հանեք, ինչպես մի տարի առաջ էր... բախման են գնալու, այս ամենը տանելու է բախման:

- Այսինքն՝ կարծում եք, որ քաղաքացիական պատերազմի՞ ենք գնում:

- Ոնց նայում եմ՝ դրան են գնում՝ թե՛ այն կողմը, թե՛ այն կողմը:

- Եկեք հստակեցնենք․ Բագրատ սրբազանը, վստահաբար, քաղաքացիական պատերազմ չի ուզում:

- Բագրատ սրբազանի հետ ես մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել, մենք զրուցել ենք. Բագրատ սրբազանն իրավունք էլ չունի դրան գնալ, դա կլինի մեր առաքելական եկեղեցու վախճանը: Բագրատ սրբազանի կողքերն ովքե՞ր են առաջնորդ, ես՝ ինքս, տեսել եմ կադրեր, որ կան կադրեր, ովքեր հրահրում են՝ մանդատակիրները, ես մանդատակիրներ եմ տեսել, որ հրահրում են այդ ամեն ինչը:

- Իսկ իշխանությանը ձեռնտո՞ւ է, որ քաղաքացիական բախումներ լինեն:

- Իշխանությունն ամեն ինչի կգնա՝ իշխանությունը պահելու համար, իրենք ամեն ինչ կանեն՝ ժողովրդին վախեցնելու, կալանավորելու, ծեծելու համար: Նույնը կատարվել է Սարի թաղի դեպքերի ժամանակ, երբ մտնում էին մարդկանց տները, ծեծելով դուրս էին հանում, մեկի աչքը հանեցին, մյուսի ոտքը կոտրվեց, ի՞նչ է փոխվել իշխանությունների մեջ։ Սա է հարցը: Ո՞վ պետք է քաղաքական գնահատական տա դրան, եթե ոչ Բագրատ սրբազանը, ապա իր կողքից որեւէ մեկը պիտի գնահատական տար, որ ժողովուրդը հավատար, պիտի տար քաղաքական գնահատական բոլոր ժամանակների իշխանություններին, որովհետեւ բոլորն էլ կեղծ են եղել, բոլորն էլ ծեծել են…