Նիկոլն ի՜նչ իմանար...

Նիկոլն ի՜նչ իմանար...

Նախկին «դուխով» Նիկոլը բողոքեց Իլհամից, որ հրաժարվում է բրյուսելյան բանավոր պայմանավորվածությունից: Մեր ժողովրդի նախկին «փրկիչը», սակայն, նորահարսի նման ամաչեց մանրամասնելուց, թե խոսքն ինչի մասին է: Իսկ Իլհամի ասած նորությունն այն էր, որ ԱՀ խորհրդարանը պետք է ցրվի, ԱՀ նախագահն էլ՝ ձերբակալվի: Խեղճ Փաշինյանի (ինչպես հիմա են նրան ներկայացնում նիկոլասերները) համար դա որոտի ձայն էր անամպ երկնքից: Ինչպե՞ս կարող է նման բան հայտարարել Իլհամը, եթե Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անընդհատ ասել է, որ «վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության մասին երկխոսությունը»: Ու ինքը հավատացել է արևմտյան դիվանագետին՝ ինչպե՞ս կարող էր նա ստել: Իսկ եթե Շառլ Միշելը չի ստում՝ նշանակում է, որ Իլհամն է խախտում պայմանավորվածությունը: Այն էլ հունիսի 1-ին Քիշինևում անցկացվելիք հանդիպմանն ընդառաջ: Ի դեպ, դրա վերաբերյալ արժե առանձին հոդված գրել՝ հաշվի առնելով Մոլդովայի և ՌԴ-ի միջև լարվածության աճը:

Իսկ սատանան, ինչպես ասվում է, մանրամասների (դետալների) մեջ է: Տվյալ դեպքում այն հարցում, թե ով ինչպես է հասկանում ԼՂԻՄ-ում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Եվ ինչպես է տեղի ունենալու այդ հարցի առումով երկխոսությունը: Ինձ, չգիտես ինչու, այնուամենայնիվ թվում է, որ եթե Միշելը չի ստում, ապա գոնե թերի է ներկայացնում իր մտքին եղածը: Որովհետև վերջինս պետք է գիտակցեր, որ եթե ՀՀ վարչապետը (ավելի ճիշտ՝ վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձը) համաձայնվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը 86600 քառ/կմ-ով, ապա դա նշանակում է, որ ողջ այդ տարածքում պետք է գործեն ադրբեջանական օրենքները: Իսկ ըստ այդ օրենքների, Ադրբեջանում վաղուց գոյություն չունի որևէ տարածքային միավոր ԼՂԻՄ անվանումով: Այսքանը Նիկոլը կարող էր չիմանալ, կամ իմանալով հանդերձ՝ չգիտակցել: Բայց Միշելը հո Նիկոլ չի՞, նա հաստատ գիտեր այդ մասին ու պետք է իր իմացածը գոնե ծածուկ հասկացներ Նիկոլին: Թե՞ Միշելին ձեռ էր տալիս Նիկոլի անգիտությունը...

Դա՝ մեկ, և երկրորդ՝ Իլհամը որոշ ժամանակ առաջ Արցախի ղեկավարությանը հրավիրել էր Բաքու՝ ինչ-ինչ հարցեր քննարկելու նպատակով: Խեղճ Նիկոլն ի՜նչ իմանար, որ այդ հանդիպմանը պետք է քննարկվեր Արցախի հանրապետության ինքնալուծարման գործընթացը: Չէ՞ որ ինքն ինքնուրույն մամուլ չի կարդում և տեսանյութեր չի նայում. վկա Աշոտիկի «առևանգման» պատմությունը, որ լսել է զուտ իր զավակից: Իսկ Միշելի համար դա չէր կարող լինել նորություն, քանի որ Իլհամը բազմիցս է հայտարարել, որ ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի ԻՐ երկրում: Ինչպե՞ս կարող էր բանակցություններում միջնորդի դեր կատարող պաշտոնատար անձը չիմանալ այդ «նրբությունը»: Անկեղծ, դա հեչ էլ նրբություն չէ, բայց քանի որ Նիկոլի սիրած բառն է՝ օգտագործեցի՝ դնելով չակերտի մեջ: 

Միշելն իր թվիթերյան էջում նաև գրել է. «Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերը բուժելու համար ժամանակ է պահանջվում: Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»: Իլհամը, բնականաբար, թքած կունենա միշելյան բարոյախոսության վրա՝ նպատակ ունենալով հաղթական պատերազմից հետո դիվանագիտության ասպարեզում շահել առավելագույնը և հնարավորինս կարճ ժամանակահատվածում: Պատրաստ եմ գրազ գալ Միշելի հետ, որ դա հասկանում է նաև ինքը, բայց դե դիվանագիտական լեզու է՝ այն պետք է բանեցնել: Միշելը նաև հասկանում է, թե ինչու է շտապում Իլհամը՝ ուկրաինացիները ոնց որ թե չեն կարողանում պարտության մատնել ռուսներին, իսկ նրանց պարտության դեպքում ռուսական արջի թաթերը կազատվեն ու վերջինս կզբաղվի Իլհամով: Իսկ այն կառույցներին, որոնցից մեկին ներկայացնում է Միշելը, ձեռ չի տալիս Ուկրաինայի պարտության դեպքում (ինչն արդեն իրենք էլ են ընկալում) Իլհամի հայտնվելը ռուսական արջի գրկում: Ու ինքը ևս շտապեցնում է Նիկոլին՝ նրան դրդելով համարձակ որոշումներ կայացնելուն: Որոհետև Իլհամի առջև նման պահանջ դնելն ուղղակի անիմաստ է: Հատկապես, որ ինքն արդեն ասել է իր խոսքը՝ գույություն չունի որևէ Լեռնային Ղարաբաղ: Իսկ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի իր պայմաններով: 

Իհարկե, կարելի է նաև «հասկանալ» խեղճ Նիկոլին: Իր հրամանատարությամբ խայտառակ պարտությունից հետո ինքը վերածվել է բազմազբաղ անձնավորության: Նա զբաղված է, նախ, «ժողովրդավարության» ամրապնդման և երկրի ներսում ու դրսում դրա փիառման գործով: Եվ, որ ավելի ծանր գործ է, խաղաղության օրակարգն առաջ մղելով, որպեսզի ամրապնդի Հայաստանի անվտանգությունը: Եվ Իլհամի ձեռքից ստանա Հայաստանի «կադաստրային վկայականը»: Իսկ այդ անխոնջ գործունեության արդյունքում ինքը կարող էր չիմանալ, որ 86600 քառ/կմ-ի ճանաչումը մեխանիկորեն ենթադրում է Լեռնային Ղարաբաղի այլևս ոչ լինելը: Եվ պետք է գիտակցեր, որ արցախցիներին Իլհամի հետ բանակցությունների դրդելով՝ ինքը  իր վրայից գցում է նրանց անվտանգության երաշխավորի պատասխանատվությունը: Եվ դրանով հանդերձ՝ նետում է նրանց Իլհամի ճանկերը: Եվ Իլհամն էլ որպես հաղթած պետության ղեկավար՝ առաջադրում է իր պայմանները: Եվ եթե Նիկոլը դա չի հասկանում, ապա վատ է: Եթե Նիկոլը դա հասկանում է, սակայն իրեն դնում է չհասկացողի տեղ՝ դա շատ ավելի վատ է: 
Ինչ մնում է «Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու՝ միջազգային հանրության պարտավորությանը», ինչպես ասվում է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ, ապա դրա «լավագույն» չդրսևորումը մենք տեսնում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում: Ադրբեջանի ղեկավարի՝ նույնիսկ միջազգային դատարանի որոշման նկատմամբ արհամարհանքի տեսքով: Բայց դե Արցախին այլ բան չի մնում, քան միջազգային հանրության խղճին դիմելը, քանի որ «նիկոլական» Հայաստանն ինքնամեկուսացվել է Արցախի կարգավորման խնդրից: Բայց Արցախում կա մեկը, որ նույնիսկ այդ պայմաններում փորձում է անել անհնարինը. դա Ռուբեն Վարդանյանն է: Եվ եթե ԱՀ նախագահ Հարությունյան Արայիկն իսկապես մտահոգ է Արցախի ճակատագրով, ապա կառաջարկեի խորհրդական նշանակել Ռուբեն Վարդանյանին և նրան տրամադրել պետական կառավարման բոլոր լծակները: Որովհետև կյանքը ցույց տվեց, որ արցախցիների կողմից ինչ-որ հարց լուծելու հնարավորությունը կախված է ոչ թե Նիկոլի հետագծից դուրս չեկող Ա. Հարությունյանից, այլ հենց Վարդանյանի գործունեությունից: Ինչ մնում է Իլհամի վերաբերմունքին, ապա դա չպետք է հետաքրքրի Արցախի ղեկավարությանը: Հատկապես որ Իլհամի պահանջով պետնախարար պաշտոնից Վարդանյանին հանելը ոչ մի օգուտ չտվեց Արցախին: