Պարոն բեխաբար նախարար, դու ընդհանրապես տեղյակ չես՝ ինչ է կատարվում

Պարոն բեխաբար նախարար, դու ընդհանրապես տեղյակ չես՝ ինչ է կատարվում

«Մենք՝ սպաներս, միշտ վարձատրվել ենք Հայաստանի Հանրապետությունից ու մեզնից պահել են եկամտահարկ ու այդ եկամտահարկը միանշանակ պահվել է Հայաստանի Հանրապետության կողմից։ Արդեն երրորդ ամիսն է՝ թոշակ չենք ստանում։ Ես ինքնս 2020 թվականի տեղահանված եմ։ Կառավարության վերջին նիստի ժամանակ ֆինանսների նախարարը մի այսպիսի արտահայտություն արեց, թե եթե նպաստ ստանում են, էլ թոշակ ստանում են ի՞նչ անեն։ Ուրեմն ես ասեմ, որ իմանաք․ 2020 թվականի տեղահանվածները ընդհանրապես ոչ մի նպաստից չենք օգտվում»։

Այս մասին քիչ առաջ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց արցախցիների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հադրութից 2020 թվականին բռնի տեղահանված Արթուր Ստեփանյանը։

«Մեր տան վարձերը այսքան ժամանակ վճարվում էին Արցախի Հանրապետության կառավարության կողմից։ Խոսքը այդ 40 հազար դրամների մասին է, բայց վերջին այս տեղահանումից հետո, նորից եմ ասում, ոչ մի բան չենք ստացել։ Վերջին անգամ մենք գումար ենք ստացել օգոստոս ամսին։ Պրն բեխաբար նախարար, դու ընդհանրապես տեղյակ չես՝ ինչ է կատարվում։ Անտեղյակ նախարար, մի հատ ինձ ասա տեսնեմ՝ ես հիմա ինչ նպաստ եմ ստանում, որ մի հատ էլ թոշակ չստանամ»,- հավելեց նա։