Անգամ տոնին չենք միավորվում

Անգամ տոնին չենք միավորվում

Երեկ Արցախը տոնական էր՝  հանրապետության 29-րդ տարեդարձն էին նշում։ Միջոցառումներ, հյուրեր, ուղերձներ, տոնական տրամադրություն։ Բայց մի բան կիսատ էր։ Հայաստանից Արցախ էր մեկնել միայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ փոքր խմբի հետ։ Արցախում չէր ո՛չ ՀՀ վարչապետը, ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ կաթողիկոսը, ո՛չ նախկին նախագահներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ոմանք սա կարող են բացատրել կորոնավիրուսային համաճարակով, բայց համաճարակն ընդամենը պատրվակ է, որի տակ թաքնվում են ոմանք, եւ որի տակ թաքցվում է այն պառակտվածությունը, երկփեղկվածությունը, որը տիրում է մեր հասարակության մեջ։ Երբեք մեր ազգն այսքան ճամբարների բաժանված չի եղել, ինչպես այսօր։

Անգամ այն տարիներին, երբ Հայաստանում բարձրաստիճան իշխանությունը Ղարաբաղից էր, եւ նրանց հանդեպ բացասական վերաբերմունքն ինքնաբերաբար տարածվում էր բոլոր ղարաբաղցիների ու ամենայն ղարաբաղյանի վրա։ Հիմա մեր հասարակությունը բաժանված է ոչ միայն սեւերի ու սպիտակների, ղարաբաղցիների ու հայաստանցիների, նախկինների ու ներկաների, հարուստների ու աղքատների, այլեւ երիտասարդների ու տարեցների, երեւանցիների ու մարզերի բնակիչների, աշխատանք ունեցողների եւ աշխատանք գտնելու հույս չունեցողների, պողոսների ու պետրոսների, իշխանության հրաժարականը պահանջողների եւ իշխանություններին ատամներով պաշտպանողների, հեռավար ուսուցման կողմնակիցների եւ առկա ուսուցման կողմնակիցների։ Կարելի էր, իհարկե, համարել, որ սա այն բազմակարծությունն է, որը պետք է տիրի դեմոկրատական երկրներում։

Բայց, ցավոք, սա բազմակարծություն չէ՝ բարիկադների տարբեր կողմերում հայտնված մարդիկ ոչ թե առողջ բանավեճի միջոցով հասնում են ճշմարտության, այլ միմյանց ատում են ու ոչնչացնում, մերժում են ու հայհոյում։