Վարազդատ Կարապետյանը՝ Արցախում հեղափոխության, Հայաստանի  հետ հարաբերությունների և Բալասանյանի հայտարարության մասին

Վարազդատ Կարապետյանը՝ Արցախում հեղափոխության, Հայաստանի  հետ հարաբերությունների և Բալասանյանի հայտարարության մասին

«Նիկոլ Փաշինյանը չէր նշել, որ ինքը պետք է դարձնի հեղափոխության օջախ, նա նշել էր, որ իր շփումները Արցախի ժողովրդի հետ ցույց տվեցին, որ եթե որոշ ուժեր փորձեն դարձնեն հակահեղափոխության օջախ, ապա ժողովուրդը  կդարձնի հեղափոխության օջախ, այստեղ մեծ տարբերություն կա»,- պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե պատրաստվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը Արցախում հեղափոխություն անել, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը իր ֆեյբուքյան էջում գրել էր, որ եթե «որոշ ուժեր» փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ։

Կարապետյանին հարցրինք, թե ովքե՞ր են այդ ուժերը, ո՞ւմ դեմ պետք է լինի այդ հեղափոխությունը․

«Ես չգիտեմ, վարչապետին կարող եք այդ հարցը ուղղել»,- պատասխանեց Կարապետյանը։

Վերջինիս խնդրեցինք, որպես ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր, գնահատական տալ ներկայումս Արցախի և Հայաստանի իշխանությունների փոխհարաբերությունների վերաբերյալ․

«Մենք ունենք փայլուն խորհրդարանական հարաբերություններ Արցախի խորհրդարանի հետ, ունենք հանձնաժողովներ 2 խորհրդարաններում և իրար հետ շատ լավ աշխատում ենք, փոխանակում ենք լավագույն փորձը, փորձում ենք օգնել Արցախի մեր գործընկերներին մեր փորձը ճանաչել։ Մենք նույնպես նայում ենք, թե ինչ հետաքրքիր ծրագրեր կան, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում։ Արցախը բավականին հետաքրքիր հաջողություններ է արձանագրել, մենք էլ դա ենք ուսումնասիրում, այսինքն՝ ես խնդիրներ չեմ նկատում, հատկապես խորհրդարանների մակարդակում, որտեղ ես աշխատում եմ»,- պատասխանեց Կարապետյանը։

Իսկ կառավարությա՞ն մակարդակում․ «Այնտեղ նույնպես»։

Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի խոսքերը, երբ նա, պատասխանելով սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին, ձեռքը ուղղել էր դեպի Փաշինյանը և ասել էր, որ «այդ հարցերը նրան է պետք տալ, քանի որ նա է «վերելակային բանակցություններ» վարողը․

«Ես չեմ ուզում մեկնաբանել Վիտալի Բալասանյանի ասածները ճիշտն ասած, որովհետև Դուք մեր պաշտոնական դիրքորոշումն էլ լսեցիք, և կարծում եմ, որ նման մակարդակի քաղաքական գործչին նման արտահայտությունները պարզապես չեն սազում»,- պատասխանեց պատգամավորը։