Թուրքերը չեն հանդարտվում. ոստիկանները մահակներ, գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել (տեսանյութ)

Թուրքիայում մարտի 23-ի երեկոյան Ստամբուլի՝ այլլևս նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո փողոցային բողոքի ցույցերը վերսկսվել են նոր թափով։
Ուժայինները ջրցան մեքենաների միջոցով փորձել են ցրել ցուցարարներին: Ոստիկանությունը դիմել է կոշտ միջոցներ՝ կիրառելով մահակներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։
Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, ով կալանավորվել է կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորմանն օժանդակելու մեղադրանքով, երկրի ամենահայտնի քաղաքական գործիչներից է: Այսօր Իմամօղլուն, ամենայն հավանականությամբ, կընտրվի որպես իր ընդդիմադիր կուսակցության թեկնածու՝ 2028 թվականին նախագահ Էրդողանի դեմ պայքարելու համար:
Նա ստացել է գրեթե 15 միլիոն ձայն փրայմերիզներում: Իր կալանավորման վճռից հետո, թուրք գործիչը դիմել էր իր համախոհներին և փողոց դուրս գալու կոչ արել։
Ստամբուլի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին ճանապարհների փակման և այլընտրանքային երթուղիների մասին, որոնք կգործեն մինչև չորեքշաբթի՝ մարտի 26-ը, որպես նախազգուշական միջոցներ՝ ի լրումն քաղաքում բոլոր հավաքների, ցույցերի և մամուլի հաղորդագրությունների արգելքի։ Բայց դա ոչ մեկին չի խանգարել:
Նախօրեին տասնյակ հազարավոր մարդիկ թուրքական դրոշներով և հակակառավարական կոչերով դուրս են եկել Ստամբուլի փողոցներ։ Ցույցերի ժամանակ ցուցարարները հրավառ նյութեր են նետել ոստիկանների ուղղությամբ։
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ իրավապահների և ընդդիմության կողմնակիցների բախումների հետևանքով բազմաթիվ երկուստեք վիրավորներ կան: Ոստիկանությունը շարունակում են զանգվածային ձերբակալությունները:
Անկարգությունները արագորեն տարածվում են՝ չնայած Թուրքիայի երեք խոշոր քաղաքներում բողոքի ցույցերի արգելքին և Էրդողանի նախազգուշացմանը, որ իշխանությունները չեն հանդուրժի «փողոցային ահաբեկչությունը»:
Իմամօղլուի ձերբակալությունը բողոքի զանգվածային ալիք է բարձրացրել, որը սկսվել է Ստամբուլում, բայց այնուհետև տարածվել Թուրքիայի 81 նահանգներից առնվազն 55-ում:
Կարծիքներ