Ուր է տեղափոխվելու Ռաուլը Հայաստանի փոխարեն

Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը, ով վերջին տարիներին ղեկավարում էր ակումբի երիտասարդական կազմը, որոշել է հեռանալ մրցաշրջանի ավարտից հետո։
Նրա հեռացման գլխավոր պատճառը կապված է գլխավոր թիմի մարզչական հարցի շուրջ կայացված որոշման հետ։ Ակումբը նախընտրել է Խաբի Ալոնսոյին՝ որպես Կարլո Անչելոտիի փոխարինող, ինչը, ըստ տեղեկությունների, խորապես հիասթափեցրել է Ռաուլին։ Վերջինս տարիներ շարունակ աշխատանք է տարել երիտասարդների հետ՝ նպատակ ունենալով գլխավորել առաջին թիմը։
Հիշեցնենք, որ Անչելոտին նախատեսում է լքել «Ռեալը» մրցաշրջանի ավարտին և ստանձնել Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկը։ Ալոնսոն, ով փայլուն արդյունքներ է գրանցել գերմանական «Բայերի» հետ, ամենայն հավանականությամբ կգլխավորի իսպանական գրանդը։
Չնայած այս շրջադարձին, Ռաուլը ուշադրության պակաս չունի: Նրան, ըստ տեղեկությունների, հրավիրում են մի քանի եվրոպական ակումբներ, այդ թվում՝ անգլիական «Լիդս», իսպանական «Վիլյառեալ» և գերմանական «Շալկե»։
Նշենք, որ տևական ժամանակ առաջ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հայտարարել էր, թե Ռաուլը դիտարկվում է որպես Հայաստանի ընտրանու գլխավոր մարզչի թեկնածու,բայց հետո պարզ դարձավ, որ դրանք միայն խոսակցություններ են:
Կարծիքներ