Ի՞նչ իրավիճակ է Չարենցավանում (տեսանյութ, լուսանկարներ)

Ի՞նչ իրավիճակ է Չարենցավանում (տեսանյութ, լուսանկարներ)

Չարենցավանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքեր կան: Երկու հոգի են, որոնք վերադարձել են Ֆրանսիայից և անմիջապես մեկուսացվել են: Այդ մասին հայտարարեց նաև վարչապետը: Դրանից առաջ էլ հայտարարվել էր երկու այլ դեպքերի մասին, որոնք, ըստ տեղեկության, Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկի աշխատակիցներ են: Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր դեպքերը և նրանց հետ շփում ունեցած անձինք մեկուսացված են: Քաղաքում էլ, նրա խոսքով, խուճապ չկա, սակայն մարդկանց շրջանում կա որոշակի անհանգստություն, մտահոգություններ: Խանութներում, ըստ քաղաքապետի, պարենամթերքի պակասություն չկա: Քաղաքապետարանն էլ արդեն ախտահանիչ միջոցներ է ձեռք բերել, որով պետք է ախտահանի քաղաքը, իսկ քաղաքապետարանում և այլ հաստատություններում էլ ալկոգելի սրվակներ են տեղադրված, որոնցով տվյալ հաստատություն ելումուտ անողները ախտահանում են իրենց ձեռքերը: 

Մենք շրջեցինք քաղաքում՝ հասկանալու, թե ինչ վիճակ է փողոցներում: Ընդհանուր առմամբ հանգիստ վիճակ էր, բնակիչների մեծ մասը դրսում պաշտպանիչ դիմակներով էին, աժիոտաժ կամ խուճապ չէր նկատվում, սակայն հացի փռերից մեկի մոտ նկատեցինք հերթ՝ մարդիկ հերթի էին կանգնել, որ լավաշ ձեռք բերեն: Փակ են որոշ ատամնաբուժարաններ, վարսավիրանոցներ, սակայն մնացած հաստատությունները, ընդհանուր առմամբ, բաց են, գործում են, փողոցներում մարդկանց շարժ կա, սակայն կուտակումներ, ակտիվություն չի նկատվում, նաև եղանակային պայմանները չեն նպաստում դրան, քանի որ այսօր բավականին ցուրտ էր Չարենցավանում:

Մանրամասն՝ տեսանյութում։