«Հրապարակ».Հրաժարականի մեկ տարին տոնող ավտոշարասյունը մնացել էր անարձագանք

«Հրապարակ».Հրաժարականի մեկ տարին տոնող ավտոշարասյունը մնացել էր անարձագանք

Երեկ լրացավ Սերժ Սարգսյանի հրաժարականի մեկ տարին։ 1 տարի առաջ այս օրը նա հայտարարեց․ «Նիկոլը ճիշտ էր, ես` սխալ», եւ հեռացավ՝ անասելի տխրություն պատճառելով իր թիմին, ցնծություն՝ փողոց դուրս եկած մարդկանց։ Երեկ ոմանք հիշել էին եւ որոշել նշել մեկամյակը։

Մեզ պատմեցին, որ Հանրապետության հրապարակում 5-6 ավտոմեքենա, հենց հրաժարականի ժամին՝ 3-3։30-ի միջակայքում, ուժեղ ազդանշաններով մի քանի պտույտ են արել, սակայն մյուս մեքենաների վարորդները, հավանաբար, չեն մտաբերել, թե ինչու է ազդանշան տալիս շարասյունը, եւ չեն արձագանքել։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ որպես քաղաքացիական անհնազանդության եւ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի նշան, ավտոմեքենաներն օրեր շարունակ ազդանշան արձակելով էին երթեւեկում Երեւանում։