Թշնամու պահանջներն առանց պայքարի բավարարող ու թշնամուն իր տարածքներից դուրս շպրտած Հայաստանները լրիվ տարբեր երկրներ են
Թեեւ Փաշինյան Նիկոլն ու իր խմբակը շատ կուզենային, որ հայ մարդն այսօր հավատար, որ իր ու իր երկրի այսօրվա խնդիրներն ընդամենը «տարածքի եւ իրավունքի, տարածքի եւ պարտականության» կապը հասկանալու հայ մարդու անկարողությանն են վերաբերում, միեւնույն է, դրանից այն իրականությունը, որ հայ մարդն այլեւս գիտի, որ իր ու իր երկրի առջեւ դրված այսօրվա խնդիրները ոչ թե հայ մարդու կողմից այդ կապը չհասկանալուն, այլ այդ «տարածքի մեծ կամ փոքր լինելուն» վերաբերող խնդիրներ են: Նա՝ հայ մարդը, այլեւս հասկացել է նաեւ, որ այդ խնդիրները ոչ թե իր եւ իր երկրի դեմոկրատական «լինելու կամ չլինելու», ոչ թե դեմոկրատական ուղին «ընտրելու կամ չընտրելու», այլ այս պետության ու նրա կենսատարածք «ունենալու կամ չունենալու» մասին են:
Այս առումով հայ մարդը, ի տարբերություն Փաշինյան Նիկոլի ու իր խմբակի, այսօր ոչ միայն «տարածքի եւ իրավունքի, տարածքի եւ պարտականության» միջեւ եղած, այլ նաեւ «կենսունակ պետության եւ կենսատարածքի» միջեւ եղած կապն է հասկանում:
Նա այլեւս գիտի, որ պետություն ունենալը կամ պետություն լինելը ոչ միայն «տարածքի եւ իրավունքի, տարածքի եւ պարտականության» միջեւ եղած կապի, այլ նաեւ «պետության եւ կենսատարածքի» միջեւ եղած կապի մասին է: Իսկ դա նշանակում է, որ նա գիտի նաեւ, որ եթե այսօր Տավուշում, Սյունիքում, Վայոց Ձորում եւ Արարատում զիջենք այն բոլոր գյուղերն ու տարածքները, որոնք Փաշինյան Նիկոլն ու իր խմբակն առաջարկում են զիջել թշնամուն, ապա դրանով ոչ թե կկանոնակարգվեն «տարածքի եւ իրավունքի, տարածքի եւ պարտականության» միջեւ եղած կապերը, ինչպես նաեւ «սահմանների եւ սահմանների լեգիտիմության» մասին հայ մարդու ունեցած պատկերացումներն ու մոտեցումները, այլ կխախտվեն «Հայաստան պետության» եւ «Հայաստան պետության կենսատարածքի» միջեւ եղած կապերը:
Տեսեք` անգամ Սյունիքում թշնամուն արտատարածքային միջանցք չզիջած, բայց Տավուշի չորս գյուղեր կորցրած, Արարատում Տիգրանաշենը զիջած, իսկ Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում Հայաստանի ինքնիշխան տարածքներից թշնամուն դուրս չշպրտած Հայաստանը՝ մի Հայաստան է, իսկ Տավուշում եւ Արարատում զիջումների չգնացած, Սյունիքում արտատարածքային միջանցք չզիջած եւ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի իր ինքնիշխան տարածքներից թշնամուն դուրս շպրտած Հայաստանն արդեն բոլորովին ուրիշ Հայաստան է լինելու:
Այս առումով անգամ Սյունիքում արտատարածքային միջանցք չզիջած, բայց մինչ օրս ունեցած իր տարածքային կորուստներն անտեսող եւ թշնամու պահանջներն առանց պայքարի բավարարող Հայաստանն ինչ-որ մի պահից այլեւս կենսատարածքներից եւ, հետեւաբար, նաեւ կենսագործունեությունից զրկված պետություն է դառնալու: Եվ հակառակը, իր կոմունիկացիոն ուղիները վերահսկող, Տավուշում եւ Արարատում զիջումների չգնացած, իսկ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի իր ինքնիշխան տարածքներից թշնամուն դուրս շպրտած Հայաստանն արդեն իր կենսական տարածքներն ունեցող, կենսունակ եւ տարածաշրջանում իր շահերն ու հետաքրքրությունները պաշտպանել կարողացող Հայաստան է դառնալու:
Փաշինյան Նիկոլն ու իր խմբակը, այս իմաստով, ի վերջո, պետք է հասկանան, որ այսօրվա Հայաստանի խնդիրներն այլեւս լեգիտիմ սահմաններին եւ լեգիտիմ սահմաններ «ունենալուն կամ չունենալուն» վերաբերող խնդիրներ լինելուց զատ, նաեւ կենսատարածքին ու կենսունակ պետություն «լինելուն կամ չլինելուն» վերաբերող խնդիրներ են դարձել: Պետք է հասկանան նաեւ, որ որքան էլ հուսահատ ու թույլ լինեն այսօրվա Հայաստանն ու հայ ժողովուրդը, միեւնույն է, նրանք այդ խնդիրներն իրենց հետ կամ առանց իրենց լուծելու կարելիություններ ունեցել են եւ միշտ են ունենալու: Խնդիրն այդքանը հասկանալուն, այս երկրին ու այս ժողովրդին հավատալուն եւ եղած կարելիությունները ճիշտ կառավարելուն է վերաբերում:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ
Կարծիքներ