Ես չէի ասի, թե պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են

Ես չէի ասի, թե պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են

Իր արձակուրդի վերջին օրը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հնգամյա վաղեմության «գաղտնի զեկույցին» ծանոթանալու և այդ փաստաթղթի բովանդակությունից արած հետևությունների մասին արած հայտարարությունը բավականին ակտիվ արձագանքների տեղիք է տվել: Ընդդիմադիր որոշ ուժերի ղեկավարներ փաստաթուղթը հրապարակելու  հրապարակային պահանջով հանդես եկան, ասելով՝ հակառակ պարագայում վարչապետը ստում է, որովհետեւ պետությունն ավելի քան չորս տարի ոչ միայն գոյություն ունի, այլեւ դիմագրավել է մի շարք փորձությունների ու առնվազն անհեթեթություն է խոսել պետական համակարգի կաթվածահար վիճակի մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևություններից մեկը սա է. «Հեղափոխությունից առաջ և որոշ իմաստով նաև հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա փաստաթուղթ է այն մասին, որ պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ձախողված է»: Ըստ այդմ, իր գլխավորած կառավարությունը նորից կամ զրոյից պետք է ստեղծի պետական ինստիտուտներ:

Անդրադառնալով Փաշինյանի այդ հայտարարությանը` «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հիշեցրեց, որ ինքը մինչեւ վարչապետի այդ հայտարարությունը բազմիցս  է խոսել պետական համակարգի միջին օղակներում տիրող բարձիթողի վիճակի մասին, այդուհանդերձ իշխանական պատգամավորը խուսափեց «կաթվածահար» որակումից, ասելով, թե ինքը ավելի մեղմ որակում կընտրեր.«Ես չեմ ասի, թե պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են ու դժվար է մեկնաբանել վարչապետի խոսքերը, բայց բոլոր դեպքերում ես կաթվածահար տերմինից կխուսափեի, որովհետեւ պետությունը աշխատում է, իր ֆունկցիաներն իրականացնում է, եթեւի կաթվածահարն օգտագործվել է այն իմաստով, որ ավելին պետք է արվեր, բայց չի արվել»,- ասաց Աղազարյանը:

Աղազարյանին հայտնի չէ՝ ովքեր են ստորագրել այդ փաստաթղթի տակ, բայց ինքը բովանդակության հարցում որեւ տարակարծություն չունի.«Ես բազմիցս եմ ասել, որ մեր չինովնիկական միջին խավը դեռեւս պատրաստ չէ աշխատել նոր համակարգում: Ինչ էր ասում վարչապետը, ասում էր՝ կոռուպցիան հանում-դնում ես մի կողմ, տակը բան չի մնում, հիմա ինչ մենք պետք է  վիճարկենք այդ իրողության հետ, ասենք փաստաթուղթը կա, չկա եւ այլն: Դրանից խնդրի բովանդակությունը չի փոխվում: Առաջ պետք է էս  ճանապարհի արժեքը հաստատեին, ենթադրենք արժե մեկ միլիոն դոլար, պետք է ավելացնեին 200 հազար, որ հաստատեին, այսինքն էդ հաստատելու համար 200 հազարը պիտի տայիր իրենց, հետո ներքեւին մուծվելով գնային, ասֆալտի համար փող չմնար, վեց ամիս հետո ճանապարհը քանդվեր, հիմա կոռուպցիայի մասը չկա, էդ մարդիկ սովոր չեն՝ ոնց աշխատել»: