Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպք

Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ բյուջեի մասով, որքան էլ տարօրինակ է, լավ լուր ունենք։ «Լավ լուրն այն է, որ մենք վստահ ենք, որ առաջին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարենք մոտավորապես 5 մլրդ դրամով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Ապա ընդգծեց, որ մենք պետք է կարևորենք հարկային կարգապահությունը, քանի որ կառավարությունը պետք է ունենա եկամուտներ, որպեսզի կարողանա լուծել սոցիալական և մյուս խնդիրները, որոնք այսօր իրենցից պահանջում են այս ճգնաժամային պայմաններում։ 

Վարչապետը նաև նշեց, թե նորից ազդակներ են ստացվում, որ լայնորեն սկսել է կիրառվել ՀԴՄ կտրոն չտրամադրելու պրակտիկան՝ համարելով, որ հիմա ճգնաժամային իրավիճակ է, և մեծ ուշադրություն չի դարձվի, մինչդեռ, ըստ վարչապետի, պետք է այս իրավիճակում ավելի մեծ ուշադրություն դարձվի դրան։

Ապա, դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ասաց․ «Ես ակնկալում եմ, որ Պետեկամուտների կոմիտեն շատ ավելի կխստացնի միջոցառումները, քանի որ հիմա հատկապես շատ ձեռնարկություններ չեն աշխատում, շատ խանութներ չեն աշխատում, և ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպք, որովհետև որևէ արդարացում չկա դրան, մանավանդ էսօր, որ խանութների շրջանառություններն էականորեն աճել են»։

Ըստ վարչապետի՝ չպետք է թույլ տալ, որ ճգնաժամային իրավիճակներում հայտնի տխրահռչակ սովորությունները նորից ակտիվանան։

Արձագանքելով վարչապետի հայտարարություններին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ իրենք այդպես էլ ընկալել են իրենց ամենօրյա աշխատանքների իրականացումը։