Խորհրդարանական տրամաբանության տեսակներ (համարյա՝ լրագրային շանսոն)
Իմքայլական տրամաբանություն
-Ռազ որ Քոչարյանի պաշտպանը Թովմասյանի սանիկն է, ուրեմն Թովմասյանին պետք է հեռացնել ՍԴ նախագահի պաշտոնից…
Չէ, եղբայր, սրանք կամ իսկապես ապուշ են, կամ տեղյակ չեն, որ Նիկոլ Փաշինյանն էլ Իջևանի նորանշանակ քաղաքապետի սանիկն է: Հիմա ի՞նչ, Նիկոլի քավորը պետք է հեռացվի՞…
***
-Ռազ որ Թովմասյանը ՀՀԿ-ական է եղել, կապեր է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ և նույնիսկ նախարար աշխատել ՀՀԿ-ի օրոք, պետք է հեռացվի պաշտոնից:
Չէ, եղբայր, սրանք խելքի չեն գա: Ուրեմն, Վահե Գրիգորյանը, որ ՀՀՇ-ական է եղել, այսօր էլ իմքայլական է ու ակտիվ կապերի մեջ է Նիկոլի հետ, կարող է ՍԴ նախագահ լինել, իսկ Թովմասյանը չի՞ կարող:
***
-Ռազ, որ Թովմասյանի գլխավորած ՍԴ-ն չի պատրաստվում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, ապա, Թովմասյանը պետք է հեռացվի պաշտոնից, մինչև ՀՀ Սահմանադրությանն այդ կոնվենցիայի համապատասխանության հարցի քննարկումը (այս մեկը մտքում են ասում՝ Էդ.Ա.):
Չէ, եղբայր, սրանց թվում է, թե մենք գլխի չենք ընկնում… Արա, դուք հիմա չեք ջոկում, որ մենք ջոկել ե՞նք, թե՞ մենք ենք ջոկել, որ դուք չեք ջոկում: Բա դուք չգիտե՞ք, որ ձեր ցերեկով ման եկած տեղերը Թովմասյանը գիշերն է ման եկել:
***
ԼՀԿ-ական տրամաբանություն
-Ռազ որ մենք դառնում ենք Նիկոլի թունդ ընդդիմություն, ուրեմն Թովմասյանը պետք է հեռացվի պաշտոնից:
Կներեք, ոչ մի բացատրություն չունեմ:
ԲՀԿ-ական տրամաբանություն
-Ռազ որ դեռ չգիտենք, թե ինչ են անելու Գագիկ Ծառուկյանին, իսկ Թովմասյանն էլ մեր աչքի լույսը չէ, մենք ավելի ուշ կպատասխանենք՝ Թովմասյանը պե՞տք է հեռացվի պաշտոնից, թե՞ ոչ:
Չէ, եղբայր, ես հիմա չեմ մեկնաբանի այս շեդևրը: Բայց խոստանում եմ՝ հենց ԲՀԿ-ն սխալ կողմնորոշվի, բերանս կբացեմ՝ առանց հետևանքների մասին մտածելու:
Կարծիքներ