Ուկրաինական դասը

Ուկրաինական դասը

Ռուս-ուկրաինական պատերազմի շարունակման ֆոնին, ըստ Ասոշիեյթիդ Պրես գործակալության հրապարակման հեղինակների, ԱՄՆ-ում մեծանում են Ուկրաինայում կոռուպցիայի հետ կապված մտահոգությունները: Նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունը լույս է սփռում պատերազմի սկզբից ի վեր Բայդենի վարչակազմի կողմից մեծ չափով անտեսված՝ ուկրաինական «անսանձ կոռուպցիայի և անկայուն կառավարման» խնդրի վրա: Շարունակելով տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական, տնտեսական և ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրումն Ուկրաինային և իր դաշնակիցներին խրախուսելով անել նույնը՝ Բայդենի վարչակազմը կրկին բախվում է Ուկրաինայի՝ որպես հսկայական միջոցներ ստացողի համապատասխանության վերաբերյալ նախկինում առկա մտահոգություններին: Դրանք բարձրաձայնվել էին և շարունակվում են բարձրաձայնվել ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ, կոնգրեսական Վիկտորիա Սպարթցի կողմից (1978 թ.-ին Ուկրաինայում ծնված, ազգությամբ ուկրաինուհի, Կուլհեյկո հայրական ազգանվամբ): Անկախ հակակոռուպցիոն դատախազ նշանակելն ու այլ հակակոռուպցիոն միջոցառումների իրականացնելը տիկին Սպարթցի ելույթների առանցքային պահանջն էր: Դատախազը պետք է նշանակվեր դեռևս 2021 թվականի դեկտեմբերին, ինչը չի արվել մինչև այժմ: Կոռուպցիայի դեմ պայքարն, ընդհանրապես,ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումն էր Ուկրաինայի իշխանությունների հետ շփումների ընթացքում՝ նախքան պատերազմի մեկնարկը:

Անկեղծ ասած, հատկապես այս օրերում ինձ բացարձակ չեն հետաքրքրում ուկրաինական կոռուպցիոն խնդիրները: Բնականաբար, այս նյութն էլ դրել եմ ոչ թե դրանց առումով մտահոգությունից, այլ հայաստանյան իրականությանը դրանց առնչությունից ելնելով: Իսկ մեր իրականության հետ այն շաղկապված էր հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) գործունեությամբ: Ավելի հստակ՝ 2014 թ.-ի երկրորդ «մայդանից» և հատկապես Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելուց հետո նրանց հակակոռուպցիոն բարեփոխումները դարձել էին հայաստանյան մի քանի ՀԿ-ների ընդօրինակման աղբյուրը: Խոսքը գնում է թե՛ հակակոռուպցիոն դատախազության էր, թե՛ հակակոռուպցիոն դատարանի, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի կառույցի մասին: Բնականաբար, այդ կառույցների գործունեության սկզբունքների ու արդյունքների մասին: Դեպի Ուկրաինա հայաստանյան խմբերի այցելություններն էլ ֆինանսավորվում էին արևմտյան, հատկապես՝ եվրոպական, երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից: Այցերի արդյունքները քննարկվում էին, ընդօրինակվում ու տեղայնացվում: Իսկ այս օրերին պարզվում է, որ ուկրաինական հակակոռուպցիոն բարեփոխումները քոռ կոպեկի արժեք չունեին: Հենց այդպես, քանի որ նշված ուղղությամբ բարեփոխումների արդյունքները պետք է դրականորեն իրենց զգացնել տային հենց պետության համար բարդագույն ժամանակաշրջանում: Բայց պարցվեց, որ դրանք քննություն չբռնեցին, ինչի համար «շնորհավորում» եմ այն ՀԿ-ներին, որոնք սեղանի գիրք էին դարձրել ուկրաինական բարեփոխումների վերաբերյալ հրապարակումները: Իսկ մեր երկրին էլ կմաղթեի այնպիսի իշխանություն, որի դեպքում չի լինի այդպիսի բարեփոխումների և դրանց կյանքի կոչման ուղղությամբ գործունեություն ծավալող ՀԿ-ների առկայության կարիքը: