Պատգամավորներ, նրանց ամուսիններն ու կանայք, նախկին, ներկա մարզպետներ, դպրոցների եւ բուժհաստատությունների տնօրեններ․ ՔՊ ցուցակը

Պատգամավորներ, նրանց ամուսիններն ու կանայք, նախկին, ներկա մարզպետներ, դպրոցների եւ բուժհաստատությունների տնօրեններ․ ՔՊ ցուցակը

2025թ․ մարտի 30-ին Գյումրիում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ թվով 373 ավագանու թեկնածուներով։ Քաղաքական ուժերի համար ավագանիների թեկնածուների փնտրտուքը դժվար է եղել։ Այս պահին հասարակական-քաղաքական գործունեություն ծավալող յուրաքանչյուր երկրորդ գյումրեցին ներգրավված է ընտրությանը։ 

Hraparak.am-ը շարունակում է ներկայացնել քաղաքական ուժերի շարքերում ընդգրկված ավագանիների թեկնածուներին։ 

Ի դեպ, երեկվանից  Գյումրիում  ընտրական գործընթացը պաշտոնապես մեկնարկել է։ Քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող թեկնածուները տարբեր մոտեցումներով ազդարարեցին նախընտրական քարոզարշավի սկիզբը։

ՔՊ-ականներն իրենց թեկնածու Սարիկ Մինասյանի հետ շրջելով որոշ թաղերում՝ բուկլետներ բաժանեցին գյումրեցիներին։

ՔՊ-ն, որ 99 հոգանոց ցուցակ է ներկայացրել ԿԸՀ, վերջին ՝ 99-րդ համարը զբաղեցնում է Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի մարզպետը, նախավերջինը՝ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն է, 97-րդը՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, ի դեպ, ցուցակում ընդգրկված է նաև Սարուխանյանի կինը,  96-րդ տեղում նախկին մարզպետ ՔՊ-ական Հովհաննես Հարությունյանն է, 95-րդ համարում պատգամավոր Էմմա Պալյանն է, նրան նախորդում է ամուսինը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռը՝ Արթուր Պապիկյանը եւ այդպես շարունակ՝ հայտնի ՔՊ-ականներ։

Մինչդեռ առաջին եռյակում վարչապետի կնոջ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է՝ Վահագն Մկրտչյանը եւ մարզպետարանի աշխատակցուհի Էմմա Բարսեղյանը։ Տասնյակը եզրափակում են ՔՊ -ական նախկին ավագանու  անդամները։ Նրանց հաջորդում են Գյումրիում հայտնի բժիշկներ, դպրոցների եւ այլ հաստատությունների տնօրեններ։ Օրինակ,  «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» ՓԲԸ- տնօրեն Աստղիկ Բեյբությանը, շտապօգնության հյուսիսային տարածաշրջանի ղեկավարը, «Բեռլին պոլիկլինիկա»-ի տնօրենը,  «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Գայանե Ղուկասյանը,  Ազատանի բուժամբուլատորիայի տնօրենը, եւ  Գյումրու ԲԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը։

Դպրոցների տնօրեններից ներգրավված են «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» -ի, «Հայկավանի միջնակարգ դպրոց»-ի,  «Պեմզաշենի միջնակարգ դպրոց»-ի ,  Գյումրու թիվ 19 դպրոցի  , Գյումրու թիվ 18 միջն. դպրոցի տնօրենները եւ այլք։