Ֆուտբոլային նոր սկանդալ․ ի՞նչ է Սուպերլիգան, ովքե՞ր են կանգնած դրա հետևում

Ֆուտբոլային նոր սկանդալ․ ի՞նչ է Սուպերլիգան, ովքե՞ր են կանգնած դրա հետևում

Իրավիճակը ֆուտբոլային Եվրոպայում շարունակում է լարված մնալ։ Բանն այն է, որ ժամեր առաջ եվրոպական առաջատար 12 ակումբներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, տեղեկացրել, որ պատրաստվում են եվրոպական նոր մրցաշար ստեղծել՝ Սուպերլիգա անվամբ։

Այդ ակումբներն են՝ «Միլանը», «Արսենալը», «Աթլետիկոն», «Չելսին», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալն» ու «Տոտենհեմը»։ Սրանք  կլինեն մրցաշարի հիմնադիր-ակումբները, որոնք պարտադիր կմասնակցեն մրցաշարին, իսկ ևս 3 ակումբներ կմիանան նրանց մեկնարկից առաջ։ Ակումբները, որպես մրցաշարի ստեղծման պատճառ, նշում են հիմնականում որոշակի ձևաչափի ստեղծումը, որի արդյունքում Եվրոպայի ուժեղագույնները կկարողանան պարբերաբար մրցել միմյանց հետ։

Ինչպես նաև, մրցաշարի ստեղծումը նպատակ է հետապնդում բարձրացնել եվրոպական մրցաշարերի որակն ու ինտենսիվությունը։ ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն բնականաբար կողմ չեն այս ամենին, քանի որ ինքնըստինքյան ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո կազմակերպվող մրցաշարերը, ասենք՝ ՉԼ-ն ու ԵԼ-ն կորցնում են իրենց կարևորությունը, դերն ու նշանակությունը։

Ավելին, ասում են՝ ՈՒԵՖԱ-ն դադարեցնելու է եվրագավաթային մրցաշարերը Եվրոպայի սուպերլիգայի ստեղծման մասին հայտարարությունից հետո։ ՈՒԵՖԱ-ն նման կերպ ցանկանում է խոչընդոտներ ստեղծել, որպեսզի նոր լիգան չստեղծվի։ Ըստ տարբեր հրապարակումների՝ Սուպերլիգայի 12 մասնակից ակումբներն էլ իրենց հերթին  ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին սպառնացել են դատական գործընթաց սկսել, եթե այդ կառույցները փորձեն խոչընդոտել մրցաշարի անցկացմանը։ Մրցաշարի հիմնադիրներն են «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մրցաշարի նախագահը Ֆլորենտինո Պերեսն է։