Ռուսամետները կարողացան 2021-ին մոլորեցնել հասարակությանը

Ռուսամետները կարողացան 2021-ին մոլորեցնել հասարակությանը

Պահպանողական կուսակցությունը հիմք ընդունելով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը Հայաստանին միութենական պետության մեջ մտնել է պարտադրում, ինչին ՀՀ իշխանությունները դիմադրում են, այսօր հայտարարություն է տարածել, նշելով, որ պետք է Հայաստանում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որից հետո Հայաստանը սկսի ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց: Ի՞նչ կապ կա արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ վերոնշյալ կառույցներից դուրս գալու միջեւ, ի՞նչ կարող է այն տալ Հայաստանին և վերջապես ինչպե՞ս է ստացվում, որ իրեն ընդդիմադիր հռչակած Պահպանողական կուսակցությունը հավատում է ԱԽՔ-ի հայտարարություններին։

«Հրապարակը» նախ փորձեց զրուցել Պահպանողական կուսակցության նախագահ Թաթուլ Մկրտչյանի հետ, որն ի դեպ կուսակցության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել այս տարվա ամռանը՝ կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հեռանալուց հետո: Հայրապետյանն անհամեմատ ավելի ակտիվ էր՝ հարցազրույցներով էր հանդես գալիս, իսկ նոր նախագահ Թաթուլ Մկրտչյանը հակված չէ հրապարակային գործունեության: Արդեն երրորդ անգամ է՝ նա նշում է, որ չի կարող խոսել՝ կամ վատառողջ է, կամ զբաղված է: Նա հեռախոսը փոխանցեց կուսակցության անդամ Հայկ Միրզոյանին, ասելով, թե մեր հարցերին նա կպատասխանի:

Հայկ Միրզոյանն էլ նախկինում բավականին ակտիվ կերպով աջակցում էր Ազգային ժողովրդավարական բևեռին, սակայն հետո որոշեց Պահպանողական կուսակցության անդամ դառնալ:

- Պահպանողական կուսակցությունն իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից: Այս հայտարարության հիմքն ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունն է, թե Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է միութենական պետության մաս դառնալ:

- Մեր կուսակցությունն առաջին անգամ չէ, որ այդ մասին խոսում է: Ես ինքս ԱԺԲ-ի կազմակերպած ակցիայի ժամանակ դեռ ավելի վաղ այդ մասին հայտարարել եմ: Արտահերթ ընտրությունը, որպես այդպիսին, միջոցներից մեկն է: Ազգային ժողովում հավաքված քաղաքական ուժերը փաստացի չեն առաջնորդվում Ռուսաստանին ընդդիմանալու գաղափարով, մինչդեռ հենց իրենք առաջին հերթին պետք է խոսեին այդ մասին: Ո՞վ ասաց, որ միայն արտախորհրդարանական ուժերը պետք է ՀԱՊԿ-ի ու ՀԱՊԿ-անմանների դեմ պայքարեն: Խորհրդարանում ներկայացված քաղաքական համայնքը ևս պետք է այդ մասին խոսի, սակայն մենք այսօր փաստացի դա չենք տեսնում, դեռ մի բան էլ նրանց առաջնորդները, օրինակ` Ռուբերտ Քոչարյանը, մի առիթով, մեղմ ասած, չէր ընդդիմացել, երբ խոսք էր գնացել միութենական պետություն ստեղծելու մասին:

- Ի՞նչ կապ կարող են ունենալ արտահերթ ընտրությունները, Ձեր նշած կառույցներից դուրս գալու հետ: Ասենք վաղը չե՞նք կարող ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսել: Անհասկանալի է, թե մեկը մյուսի հետ ինչ կապ ունեն:

- Բայց ո՞վ պետք է սկսի այդ գործընթացը: Պետք է իշխանությունը սկսի: Այս իշխանությունն այդ քայլին չի գնալու: Նրանք չեն նախաձեռնելու այդ գործընթացը: Անկախ նրանից, թե մենք որքան կխոսենք դրա անհրաժեշտության մասին, Ազգային ժողովում նման օրակարգ չկա: Ավելին` անգամ ընդդիմադիրներն են այդ հարցում կաշկանդված, եթե իշխանությունների կաշկանդված լինելը մի տեղ հասկանալի է՝ իշխանություն ունեն, կաշկանդվում են, ապա ընդդիմության կաշկանդված լինելն արդեն իսկ մտահոգիչ է: Մենք պնդում ենք, որ այդ Ազգային ժողովը պետք է լուծարվի, քանի որ չի արդարացնում իրեն: Պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի հանրությունը ստանա ինքնիշխանության մանդատն ու առաջնորդվի իր գաղափարներով:

- Վաղը, ենթադրենք, եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան, համոզվա՞ծ եք, որ այս իշխանություններն ու ընդդիմությունը չեն վերարտադրվի, փոխարենն իշխանության կգաք դուք, արևմտամետ ուժեր:

- Պետք է հավատալ ժողովրդի իմաստնությանը: Մարդիկ ամեն ինչ շատ լավ տեսնում են: Նման հարց երբեք չի եղել, սակայն այսօր ամեն ինչ այլ է, Ռուսաստանն արդեն բոլոր սահմաններն անցնում է, իսկ հասարակությունը դա տեսնում է: Մենք ամեն դեպքում ունենք նման համոզմունք: Եթե անգամ վերարտադրվեն նույն ուժերն, ապա պետք է առաջնորդվեն ժողովրդի հրամայած օրակարգով:

- ՀԱՊԿ-ից դուրս գալը ժողովրդի հրամա՞նն է, ժողովրդի քանի՞ տոկոսի: Ի վերջո` արտահերթ ընտրությունները 2021-ի ամռանը տեղի ունեցան, համոզվա՞ծ եք, որ հասարակության տրամադրություններն այդքան փոխվել են:

- Հասարակական տրամադրություններն ու ընկալումները փոխվել են: Մարդիկ հասկանում են, որ եթե 2021 թվակականին գուցե հնարավոր էր ինչ-որ բան փոխել, ապա հիմա այլ է: Ռուսամետ ուժերը կարողացան մարդկանց համոզել, որ հույս կա, թե իբրև ռուսներն իրենց պայմանագրային պարտականությունները կկատարեն, կպաշտպանեն Հայաստանի Հանրապետությանը գոնե: Նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ պայմանագիրը շատերին այդպես էր մոլորեցրել, սակայն մենք մշտապես պնդել ենք, որ նման բան չի լինելու: Ամեն դեպքում, ռուսամետները կարողացան մոլորեցնել հասարակությանը: Այժմ ոչ մի սին հույս պետք չէ կապել Ռուսաստանի հետ, մարդկանց հավանությանն այդ ռուսամետ կոչերն այլևս չեն արժանանում:

- Ի՞նչ եք կարծում, եթե ընտրություններ տեղի ունենան, Պահպանողական կուսակցությունը բավարար ձայներ կստանա՞, կանցնի՞ խորհրդարան:

- Միայն մասնակցության դեպքում հավանականությունը քիչ է, սակայն կարող է ամեն ինչ էլ լինել: 2018 թվականին էլ անհավատալի էր, որ Իմ քայլը կարող է իշխանության գալ, սակայն եղավ այն, ինչ եղավ: Եթե դաշինքով մասնակցենք, համոզված եմ` խորհրդարան կանցնենք:

- Ո՞ւմ հետ դաշինք կկազմեք:

- Առաջնահերթությունները մեր հայտարարության մեջ գրված են: Նրանք, ովքեր մեր առաջնահերթությունները կկիսեն, նրանց հետ էլ կարող ենք դաշինք կազմել:

- Ձեր հայտարարության հիմքում ԱԽՔ Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարություններն են միութենական պետության հետ կապված: Ի վերջո` ԱԽՔ-ն այս իշխանության մի մասն է, Դուք էլ պնդում եք, թե այս իշխանությունները պիտանի չեն, պետք է հեռանան: Հիմա ինչպե՞ս է ստացվում, որ նույն այդ իշխանության մաս կազմող Արմեն Գրիգորյանի հայտարարություններին այսքան միանշանակ հավատում եք: Որտեղից Ձեզ այն համոզմունքը, որ Արմեն Գրիգորյանն ասում է ճշմարտությունը:

- Իշխանությանը վստահելն ու չվստահելը երկրորդական է: Մենք Արմեն Գրիգորյանի ասածներն ընկալել ենք որպես գաղտնազերծում: