Անհարմար է, անբարոյական է, ի վերջո

Անհարմար է, անբարոյական է, ի վերջո

Ներկայիս ՀՀ վարչապետը Երրորդ հանրապետության 16-րդ վարչապետն է: Այսինքն, 30 տարիների ընթացքում մենք ունեցել ենք 16 կառավարություն: Փոքր, ոչ մեծաթիվ բնակչությամբ պետության համար սա մեծ շռայլություն է: Գուցեև, շռայ­լութ­յուն չհամարվեր, եթե ապահովվեր Կառավարության շարունակակա­նութ­յունը՝ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների աստիճանական հաղթահարման և ՀՀ Սահ­­մանադրությամբ հռչակված սոցիալական պետությանը բնորոշ, մասնավո­րա­պես, սոցիալական ապահովության արդարացի ու արդյունավետ քաղաքակա­նութ­յուն: 

Լավ լուր: Կենսաթոշակառուների թիվը, հասկանալի պատճառներով, նվազ­ման միտումներ է դրսևորել (գծապատկեր), ինչի պարագայում հաջողվել է էապես չբարձրացնել կենսաթոշակի միջին չափը: Վերջին հինգ տարիներին հաջողվել է այն թողնել նույն մակարդակի վրա: Սա սոցիալական քաղաքականության մեծ նվաճում կարող է համարվել:

Վատ լուր: Քովիդ-19-ից ակնկալիքները չարդարացան: Կենսաթոշակա­ռու­ների թվաքանակի խիստ անկում չի արձանագրվել: Այնպես որ, մինչև քովիդի «ջրերը պարզվելը» կենսաթոշակի միջին չափը չի կարող փոփոխվել՝ դեպի բարձ­րացում: 

Գծապատկեր 1. Կենսաթոշակառուների թվաքանակը և կենսաթոշակի միջին չափը
Պարզվում է, որ այդ համառ, հասարակության համար անպիտան դարձած խմբին սովով էլ հնարավոր չէ վերացնել: Ահավասիկ, աղքատության ընդհանուր գիծը հասել է 44 հազար դրամի (գծապատկեր 2), այսինքն միջին կենսաթոշակի չափին, ու ոչ մի առաջընթաց: Փաստորեն, կենսաթոշակառուներին աղքատության մեջ պահելը նույնպես անարդյունավետ է դուրս եկել: 

Գծապատկեր 2. Աղքատության գիծ
335 հազար ձայն է ստացել ընդդիմությունը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներ) 2021 թվականի խորհրդարա­նական ընտրությունների ժամանակ: Հետևաբար, 132 հազար կենսաթոշակառու գոհ է իր աղքատ գոյությունը քարշ տա­լուց: Բայց, հնարավոր է, որ դա նրանց թիվը չլինի: Չէ որ 2 մլն 591 հազար ընտ­րողներից (2.9 մլն բնակչությունից, փաստորեն 90 տոկոսն ընտրելու իրավունք ունեն. հրաշքների երկիր՝ Հայաստանս) 1282 հազ է եղել: Հետևաբար, նկատի ունենալով այն, որ կենսաթոշակառուներն արժանապատիվ մարդիկ կլինեն, այդ 132 հազարն ընտրությունների չներկայացած 1 309 հազարի մեջ են:


Ինչ-որ շեղվեցինք: Հա, մտաբերեցի: 16 կառավարություն: Մեկը մեկից… Հերիք եղավ, բոլ եղավ: Ուզում եք միմյանց միս ուտել` խնդիր չկա: Ուղղակի, մի պահ սթափվեք ու վերհիշեք, բացի Հյուսիսային պողոտայից ու Ռոսիա կինոթատրոնն այլանդակած Ակիհաբարայից, ի՞նչ են ստեղծել այդ 16 կառա­վարությունները: Քանդածները չենք հաշվում. Նաիրիտ, Հայէլէկտրամեքենա ու նման մի քանի տասնյակ «բուդկաներ»: 
Մի խոսքով, եթե բարոյական անկումը դեռ չի հասել հատակին, այս պետությունը ստեղծած կենսաթոշակառուների խնդիրը պետք է լուծել օր առաջ, քանի դեռ տարիքն ու քովիդը նրանց հարցերը չեն լուծել, կամ՝ քանի դեռ պետությունը չի վերացել:

Սոցիալական արդարության հրամայականով՝
1. Կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտների կենսաթոշա­կառու­ների կենսաթոշակները բարձրացնել 3 անգամ, ցանկալի է 4 անգամ:
2. Մյուսներինը բարձրացնել 2 անգամ:

Դրանից հետո, ինչ ուզում եք, կարող եք անել: Վաճառեք հողերը, վաճառեք ձեր պատիվն ու արժանապատվությունը: Բայց ամեն անգամ լյուքս դասի ավտոմեքենա նստելիս, ինչ-որ էկզոտիկ վայրում հանգստանալիս ու նման այլ վայելքների ժամանակ հիշեք. այդ ամենի համար արդեն վճարել են ՀՀ կենսա­թոշակառուները:

Հ.Գ. Այ տատիկ, թոշակդ ստացել ե՞ս: Բալա, էհ որ ստացել եմ, ի՞նչ: Ոնց թե ի՞նչ, այ տատիկ: Դե, մի երկու հաց առա, պանրին չհերիքեց, լույսն ու գազն էլ անջատել են: Դե ուրեմն, գնա ու էն Rolls-Royce-ը ջարդուփշուր արա: Բա միլիցեք ինձ չե՞ն բռնի: Այ տատ, էդ քո սեփական ավտոն ա, ինչ ուզես էն էլ կանես:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր