«Հրապարակ». ԱԺ քառօրյայի ամենաինտրիգային հարցը. ովքեր են հավակնում ուժայինների ղեկավարների պաշտոններին

«Հրապարակ». ԱԺ քառօրյայի ամենաինտրիգային հարցը. ովքեր են հավակնում ուժայինների ղեկավարների պաշտոններին

Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի ամենաինտրիգային հարցը «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջարկված նախագիծն է` ուժային կառույցների ղեկավարների նշանակման մասին, որը երկրորդ ընթերցում է անցնելու եւ հնարավորություն է տալու 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացու, որը 4 տարի ապրել է Հայաստանում, դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ:

ԲՀԿ-ից հարցրինք` նախագծին կո՞ղմ են քվեարկելու։ «Հարցը վերջնական կորոշվի քվեարկության օրը, այնուհանդերձ, մենք պայմանավորվածություն ունենք «Լուսավոր Հայաստանի» հետ, որ, որպես ընդդիմություն, փոխադարձաբար, ներկայացված օրինագծերին կողմ ենք քվեարկելու»: Օրինագծի ընդունումից հետո ուժային կառույցները, որոնք տեւական ժամանակ ղեկավարում են ԺՊ-ները, ղեկավար կունենան։ Ոստիկանապետի հավանական թեկնածուների թվում է Հունան Պողոսյանը, ԱԱԾ-ի դեպքում՝ Ռուստամ Բադասյանի կողքին շրջանառվում է ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի անունը, ում հետ վարչապետն ուղիղ է աշխատում: Վերջինս, ի տարբերություն Արթուր Վանեցյանի, անխոնջ միջոցառումներ է ձեռնարկում իշխանությունների «հակառակորդների» նկատմամբ։