Ցմահները թող հույսը չկորցնեն․ նրանց առնչվող  նոր օրենքներ են մշակվում

Ցմահները թող հույսը չկորցնեն․ նրանց առնչվող  նոր օրենքներ են մշակվում
Արտակ Զեյնալյան

Հարցազրույց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ․

- Արդարությունը հեղափոխությունից հետո հիմնական պահանջն է: Բայց հիմա և՛ նախաքննությունը, և՛ դատաքննությունն էլ ավելի երկար են ձգվում, քան՝ նախկինում։ Առաջ քրեական գործերով գոնե արագ էին նիստերն արվում, հիմա շատ գործեր կան, որ ամիսը մեկ է նիստ նշանակվում։ Նախարարությունը կարո՞ղ է ինչ որ կերպ ազդել այս իրավիճակի վրա։ 

-Այո, արդարադատության նախարարությունը որպես ոլորտում քաղաքականության մշակող և իրականացնող, ունի անելիք այս հարցում։ Նախաքննությունն իրականացվում է կոնկրետ մարդկանց նկատմամբ, որոնք ունեն իրավունքներ։ Պետությունը պետք է ապահովի այդ իրավունքները երաշխիքներով։ Այս պահին հասարակությունը հայտնվել է ոչ թե զոհի, հետապնդվողի բանակում, այլ հետապնդողի, և որպեսզի պետությունը չփչացնի, չարատավորի գործը, պետք է իրականացնի պատշաճ քննություն` ապահովելով արդար դատաքննության իրավունքի բոլոր բաղադրատարրերը, այնուհետև գնալ դատաքննության։ Երբեմն, դատաքննության ընթացքում, երբ բազմաթիվ ամբաստանյալներ են լինում, նրանք էլ ունենում են բազմաթիվ պաշտպաններ, պիտի համատեղել, որ բոլորը կարողանան նույն օրը, նույն ժամին ներկայանան դատարաքննության։ Մենք անհրաժեշտից շատ քիչ հանրային պաշտպաններ ունենք։ Դատավորների քանակը միջազգայնորեն ընդունված ստանդարտից երեք անգամ պակաս է։ Եթե 100 հազար բնակչի հաշվարկով արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է 21 դատավոր, ապա մեզ մոտ այդ 7-ից մի քիչ ավելի է։ Դա պայմանավորված է երկրի տնտեսական հնարավորություններով։ Եւ այս ամենի հանրագումարն է, որ հանգեցնում է պրոցեսների երկարաձգման։ Բայց եթե նկատե՞լ եք, նախկինի ու ներկայի մեջ կա տարբերություն՝ հիմա ավելի քիչ է կիրառվում կալանքը` որպես խափանման միջոց։ Երկարատև  դատաքննությունների փուլում ամբաստանյալը ազատ է արձակվում, որովհետև դժվար է ապահովել այս բոլորի միաժամանակյա ներկա գտնվելը, և անձը, որի մեղքը դեռևս հաստատված չէ, ազատվում է կալանքից, եթե դրա անհրաժեշտությունն այլևս վերացած է։ Երկրում պետք է լուծվեն այս հարցերը։

- Մի քննիչը քանի՞ գործ ունի վարույթում։ 

- Քննիչների քանակն է նաև քիչ։ Ամեն մի քննիչի վարույթում 5-6 հազար գործ կա։ Արդյոք մենք կարո՞ղ ենք քննիչների քանակը ավելացնել։ Մենք պետք է երկարաժամկետ հաշվարկենք։ Եթե անձը ընդունվում է աշխատանքի որպես քննիչ, մենք պետք է ապահովենք նրա անկախության՝  օրենքով սահմանված նվազագույն երաշխիքները։ Մենք չենք կարող այսօր քննիչին ընդունել աշխատանքի ժամանակավորապես, ու մի ժամանակ անց ասենք՝ ազատ ես։ Պետությունը, հասարակությունը ստանձնելու են պատասխանատվություն այդ քննիչների առջև ապագայի համար էլ, ընդհուպ մինչև նրանց կենսաթոշակը։ Այս ամբողջը կառավարման գիտության առարկա է։ Արդարադատության նախարարությունն ունի հնարավորություններ, որպեսզի սրա համար անհրաժեշտ իրավական հենքը ստեղծի, և կառավարույթյունը պետք է հավասարակշռի այս բոլորը, արդարադատության համար տրամադրվող միջոցներ պետք է հատկացվեն, իհարկե, ֆինանսական միջոցների և ռեսուրսների կառավարման համատեքստում։ Որովհետև երկրորդական ու անպիտան ոլորտներ այսօր չկան։

- Դուք լայն համաներում անցկացրիք՝ պայմանական վաղաժամկետ ազատումներ մեծ թվով, ինչը նախկինում հնարավոր չէր պատկերացնել անգամ։ Բայց ներման խնդրագրերի հարցում կոշտ վարվեցին։ 134 հոգուց երկու անձի պատժի չկրած մաս կրճատվեց։ Ցմահները ոչինչ չստացան կրկին։ Որպես գործընթացի մասնակից, ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։ 

- Ներումը նախագահի և վարչապետի բացարձակ և բացառիկ իրավունքն է, հայեցողությունը։ Դա իրենց սուբյեկտիվ վերաբերմունքն է, իրենց ներքին համոզման լույսի ներքո։ Կա ներման հանձնաժողով, որը քննում է գործերը, մշակում է, ներկայացնում է։ Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակման ենթակա չեն, որովհետև տարբեր բախվող տարբեր շահեր կան, իսկ հրապարակումը ինչ որ մեկի իրավունքին կմիջամտի։ 

- Ելույթներից մեկում ասել էիք, որ մարդը պետք է ունենա ազատվելու շանս։ Բայց ցմահները այս վերջին ներման ակտից հետո, կարծես, էլ չունեն այդ շանսը։ 

- Այո, միջազգային իրավունքը ասում է, որ անձը, որը որ ցմահ դատապարտված է, պետք է ապրելու մոտիվ ունենա, որովհետև ցմահ դատապարտումը մահվան դատավճիռ չէ։ Նրան չպետք է հասցնել մահվան «բնական եղանակով»։ Նա պետք է մոտիվ ունենա իր վարքագիծը համապատասխանեցնելու իրավաչափ վարքագծին, որպեսզի նա կարողանա ազատ արձակվել երբևէ։ Այլապես դա կլինի իրավունքների խախտում։ Մեզ մոտ մշակվում է քաղաքականություն, օրենսդրական նախաձեռնություններ ենք սկսել, դեռևս համաձայնության կառավարության գործունեության ժամանակ։ Առաջիկայում դրանք լուծումներ կստանան, որպեսզի պահման ռեժիմների փոփոխություն լինի, այդ թվում նաև ցմահ դատապարտյալների համար, ովքեր իրենց կյանքով, այդտեղ ապրելով վաստակել են այդ իրավունքը։ Ստացվում է, նրանք 23-25 տարի օրը քսաներեք ժամ գտնվել են նույն խցում։ Մենք ակնկալում ենք հասարակության, ողջախոհ մարդկանց գնահատականն ու աջակցությունը։ Մենք իշխանությունը պետք է իրականացնենք հանրության անունից, Հայաստանի Հանրապետության անունից, իսկ ՀՀ-ն չի կարող լինել վրեժխնդիր՝ պետք է լինի վեհանձն, մեծ, պատերնիստական։ Ներումների շուրջ ծավալված փոխհրաձգությունը՝ երկխոսություն չի կարելի անվանել, ներծծված էր ատելությամբ, թշնամանքով, փոխադարձ վիրավորանքով, ինչը չի կարելի ընդունել։ Դա ուղղված է մարդկային իրավունքի դեմ։ Թիրախավորված խոցելու դեպքում, խոցվում է ընդհանրական մարդու իրավունքը։ Մենք հասարակությունից ակնկալում ենք աջակցություն, որ կարողանանք այդ խնդիրները լուծել։ Նաև՝ որ նեղացածներ ու վիրավորվածներ չմնան այդտեղ, ու մարդիկ հասկանան, ընկալեն դա։ Իսկ այդ ատելության խոսքը, վիրավորանքը քայքայում է հասարակական կապերն ու համերաշխությունը։ 

- Այսինքն՝ ցմահները սպասում էին, ներումը չստացան, բայց էլի սպասե՞ն, հույսները չկորցնե՞ն։  

- Այդ իրավունքը ունեն, անկախ նրանից գրված է դա որևէ տեղ, թե գրված չի։ Դա այլևս բնական իրավունքի բաղկացուցիչ մաս է ընկալվում և մեկնաբանվում, առավել ևս, որ միջազգային իրավունքը Հայաստանի սահմանադրական իրավունքի բաղկացուցիչ մաս է, և անմիջական կիրառվող իրավունք է դա։ 

- Նախկինում ներքին կարգ կար, որ կալանավայրերի պետերին նշանակում էր ՀՀ նախագահը, նրան էլ ենթարկվում էին։ Հիմա ինչպե՞ս է։ Դո՞ւք եք նշանակում բերդերի պետերին։  

- Այո, նրանց նշանակում է արդարադատության նախարարը։ 

- Որևէ մեկը չի՞ կարող ազդել ձեր որոշման վրա։

- Ես իրականացնում եմ կառավարության քաղաքականությունը, ես եմ կրում պատասխանատվությունը, ես եմ նշանակում քրեակատարողական հիմնարկների պետերին։ Այդ ոլորտում փոփոխություններ արվել են, և պետք է, որ նկատած լինեք, որ դրանք իրենց արդյունքը տվել են՝ քրեական ենթամշակույթի, դատապարտյալների իրավունքների բարելավման տեսքով։ 

- Ինչո՞վ Դուք՝ որպես նախարար կարող եք աջակցել, որ հացադուլավորների հետ ծայրահեղ դեպքեր չլինեն, ինչպես եղավ Մհեր Եղիազարյանի դեպքում, որը մահացավ հացադուլից հետո։

- Ես հնչեցրել եմ, ասել եմ, որ հացից ու ջրից հրաժարվելը մարդու իրավունքն ու ազատությունն են, կլինի դա հենց այնպես, թե «դադարեցնել ինչ որ բանի դիմաց» բանաձևով։ Պետությունը չի կարող, իրավունք չունի միջամտելու այդ իրավունքին ու ազատությանը, չի կարող հարկադրաբար կերակրել, որպեսզի նա չմահանա։ 

-Ձեր կարծիքով ո՞ւմ սխալն էր, որ մահացավ Մհեր Եղիազարյանը։ 

- Եւս մեկ անգամ անդրադառնանք հետևյալին, որ հանկարծամահությունը սրտամկանի կաթվածից մահը և հացադուլը իրար հետ ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում, կամ՝ այս պահի դրությամբ այդ կապը հայտնաբերված չի։ Հացադուլն ավարտվել է, և 10 օր հետո անձը հանկարծամահ է եղել, ընդ որում, մշտապես այդ ընթացքում գտնվել է բժիշկների հսկողության տակ, ընդ որում, բազմաթիվ, տարատեսակ, ալտերնատիվ բժիշկների հսկողության տակ։ Ենթարկվել է էլեկտրակարդիոգրամմայի, սոնոգրաֆիայի և այլն, արյունն է հետազոտվել, բոլոր ստուգումներն իրականացվել են, և մարդը հանկարծամահ է եղել։  

- Որպես նախկին իրավապաշտպան, ի՞նչ եք կարծում, ո՞վ էր մեղավոր։ 

- Տեսեք, անձը նույնիսկ եթե հացադուլի մեջ է մահանում, նա իրազեկված է, մատչելի ձևով նրան բացատրված են հացադուլի հետևանքները, որ դրանք կարող են լինել այսպիսին կամ այնպիսին։ Ասենք ՝ կարող են լինել աղիստամոքսային տրակտի բարդություններ, հնարավոր է՝ չվերականգնվի մարսողությունը, լինեն սրտի հետ կապված խնդիրներ։ Հայաստանը այն բացառիկ պետություններից է, որում այս հարաբերությունները կանոնակարգված են առանձին իրավական ակտով՝ հիմք ընդունելով ՄԻԵԴ վճիռներում արտահայտված դիրքորոշումները։ Մարդուն պետք է բացատրել, որ դուք դիմում եք հացադուլի, Ձեզ սա է սպասվում։ Պաշտոնապես հացադուլի  մեջ գտնվողին կարելի է հարկադրաբար կերակրել միայն այն ժամանակ, երբ նա այլևս ի վիճակի չի առարկել, այսինքն՝ գիտակցության կորստի պարագայում։ Եթե կերակրման արդյունքում նրա գիտակցությունը վրա հասավ նորից, դարձյալ գործում է իր կամքը։ Նրան այնքան ժամանակ չեն կերակրում, մինչև որ կա՛մ իր կամքով հրաժարվի հացադուլից, կա՛մ երբ գիտակցությունը կկորցնի։ Որովհետև հացադուլը իրավունք ու ազատություն է, և պետությունը իրավունք չունի այն խախտելու, այլապես թույլ կտա անմարդկային վերաբերմունք կամ միջամտություն անձնական կյանքի հարգանքի իրավունքին։

- Ինչո՞ւ այցելեցիք Ռոբերտ Քոչարյանին։  

- Նախարարը քրեակատարողական յուրաքանչյուր հիմնարկ կատարած այցելության ժամանակ կարող է հանդիպել դատապարտված և կալանավորված անձանց՝ պարզելու՝ արդյոք պահման պայմանների հետ կապված հարցադրումներ ունե՞ն, թե՞ ոչ:

- Ձեր տեղակալների՝ Արթուր Հովհաննիսյանի եւ Սուրեն Քրմոյանի շուրջ աղմուկ բարձրացավ, որ նրանք՝ Ձեզ հետ համաձայնեցված, տոներից առաջ մեկնել էին արտասահման, ինչը բարկացրել է վարչապետին, եւ նրանց ազատելու են։

- Նախարարի տեղակալների պաշտոնները քաղաքական պաշտոններ են, հայեցողական են եւ քաղաքական ուժի հայեցողության տիրույթում։ Նրանք պաշտոնավարում են, իսկ թե ինչպիսի լուծում կստանա, ընդհանրապես, տեղակալները երբ կաշխատեն, ինչ հատվածում, դա քաղաքական որոշման արդյունք է լինելու։ Նրանք այս պահին աշխատում են ամբողջ ջանադրությամբ եւ տաղանդով։

- Փաստաբանների նկատմամբ էթիկական եւ այլ կանոններ խախտելու համար տուգանքներ կիրառելու հարցով Փաստաբանների պալատի նախագահը դիմել էր Ձեզ եւ վարչապետին։ Ի՞նչ եղավ այդ հարցը։ 

- «Ելք» խմբակցության պատգամավորի կարգավիճակով մենք ենք դեմ արտահայտվել, որ փաստաբանները դատավորների կողմից ենթարկվեն պատասխանատվության։ Հիմա մենք կառավարության անդամ ենք եւ ունենք Ազգային ժողովում մեծամասնություն։

- Հաճախ արդարադատության նախարարությանն առնչվող հարցերն առաջ են քաշում այլ գերատեսչություններ։ Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է փաստաբաններին հարկելու նախագիծը, սոցապը՝ դատավորների կենսաթոշակներն իջեցնելու։ Սրանք արդարադատության նախարարի հարցերը չե՞ն։ 

- Դատավորների կենսաթոշակի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը պաշտոնապես արդարադատության նախարարություն չի էլ հասել։ Այդպիսի նախաձեռնություն դե յուրե չկա։ Նախագիծը պաշտոնական է դառնում, երբ որ գալիս է արդարադատության նախարարություն, եւ վերջինս իր դիրքորոշումը ներկայացնում է։ Ոլորտներն առանձնացված չեն, ռաֆինացված չեն՝ այլ կերպ ասած, ցանկացած ոլորտ առնչություն ունի մեկը մյուսի հետ։ Ե՛վ սոցիալական ապահովությունն է երաշխիք, ե՛ւ արդար դատաքննության իրավունքը, դրանք սիմբիոզներ են։ Փաստաբանների հարկման հետ կապված նախագիծը եւս չի հասել արդարադատության նախարարություն։ Նրանց նախաձեռնությունը եւս կապված էր հարկային քաղաքականության հետ եւ միեւնույն ժամանակ՝ անձանց իրավունքների հետ։ Դա էլ է գալու նախարարություն, մեր դիրքորոշումն արտահայտելու ենք, ու հարցը լուծվելու է կառավարությունում։

- Հիմա կարծիք չունե՞ք։

- Երբ որ կստանանք պաշտոնապես, մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք։