Հայաստանը պետք է բացվի աշխարհի առջև

Հայաստանը պետք է բացվի աշխարհի առջև

Ինչու՞ 17-18-րդ դարերում Արևմտյան Եվրոպայում փիլիսոփայական միտքը վերելք ապրեց, իսկ Հայաստանում՝ ոչ: Մի՞թե եվրոպական ազգերը հայերից ավելի խելացի էին: Շատերը կասեն, թե Արևմտյան քաղաքակրթություն կոչվածը խարսխված է հունական լոգոսի և հռոմեական իրավունքի վրա ու դրանից ելնելով անցումն այդ օրինաչափ է: Բայց չէ՞ որ Արիստոտելը, Պլատոնն ու նորպլատոնականությունը մեր աշխարհագրական միաջավայր ավելի շուտ են ներթափանցել, քան՝ Արևմտյան Եվրոպա: Հելլենիզմի ազդեցությունն էլ չհաշված: Այսինքն խնդիրը դրա մեջ չէ: Պարզապես խնդիրը պետք է դիտարկել ֆորմացիոն և քաղաքակրթական ընթացքի տեսանկյունից: Վերածննունդ, Ռեֆորմացիա, միջնադարի մայրամուտ, ազգային պետություններ, Կոպեռնիկոս, նյուտոնյան մեխանիկա, անդադար պատերազմներ, կապիտալիզմի սաղմնավորում և այսպես շարունակ: Մեծ հաշվով գործ ունենք մի մեծ շղթայի հետ, որը հանգեցրել է մտավոր ահռելի պայթյունի՝ իմացաբանությունից մինչև քաղաքական փիլիսոփայություն ու էթիկա: Իսկ ի՞նչ միջավայր ու խաղի կանոններ էին սահմանված այդ նույն ժամանակաշրջանի Հայաստանում: Արդյո՞ք սխոլաստիկայի փոշու մեջ պարփակված հանրույթը կարող էր որևէ կերպ առնչվել նյուտոնյան մեխանիկայի հետ: Իհարկե ո՛չ և ինչպես նշեցինք, ո՛չ այն պատճառով, որ հայկական միջավայրում մարդիկ պակաս խելացի էին, քան՝ Եվրոպայում: Պարզապես պետք է փաստենք, որ հայ հանրությունը զարգացման տեսանկյունից  հապաղած է, ինչպես Միջին և Մերձավոր Արևելքի մյուս հանրույթները: Այն որեւէ կերպ չի հաղորդակցվել եվրոպական Վերածննդի, Ռեֆորմացիայի և Լուսավորականության հետ: Այլ խոսքով՝ երբ 16-17-րդ դարերում Եվրոպայում ծնունդ էր առնում դասական մեխանիկան, Հայաստանը այդ նույն ժամանակ դեռևս պարփակված էր ձեռագործ արհեստագործության տիրույթում: 

Փորձենք մեկ ուրիշ օրինակ բերել: Եթե ուշադրություն եք դարձրել, ապա ռուսական գրականության ծավալները չափազանց ահռելի են, իսկ հայ գրականությունը փոքր է՝ և՛ քանակապես և ընդգրկման տարածքներով: Մի՞թե բուն պատճառը ազգային որակի մեջ է: Իհարկե ո՛չ: Պարզապես պետք է հաշվի առնենք, որ ռուսական գրականությունը կայսերական է, այն սահմաններ չունի: Որքան էլ, որ կայսերականությունը դատապարտելի երևույթ լինի, բայց այն ստեղծում է արժեքային այնպիսի մի միջավայր, որը հանգեցնում է գիտական ու մշակութային պայթյունի: Դե պատկերացրեք, թե այդ կայսրության ներսում ինչ հոսանքներ ու ազդակներ են շրջանառվել ու ամենն այդ համեմատեք պրովինցիալ, լեռներով աշխարհից արգելափակված Հայաստանի հետ: Թե չէ հաստատապես Խաչատուր Աբովյանը պակաս զիլ գրող չէ, քան՝ ֆետիշացված Դոստոևսկին: Պարզապես միջավայրերի և խաղի կաննոնների, ազդեցությունների ու ներգործությունների խնդիրն է: Ի դեպ վերջին շրջանում Խորհրդային Հայաստանի գիտամշակութային վերելքը փորձում են ազգայնացնել՝ կապելով այն բացառապես հայկականության հետ: Սա էլ մեկ ուրիշ միֆ է, որովհետև հոգևոր վերելքն այդ հնարավոր չէ բնորոշել զուտ որպես հայկական պրոդուկտ: Անշուշտ դա Խորհրդային Միության արժեքային-քաղաքակրթական ազդեցության ու ներգործության մղումն էր՝ ինչպես գիտության, այնպես էլ գրականության ոլորտներում։ 

Անցնելով առաջ նշենք, որ հայկական միջավայրը ներկայումս չունի բնական հակվածություն արժեք ստեղծելու համար։ Պետք է այնպիսի միջավայր ու խաղի կանոններ սահմանել, որ ներհայաստանյան միջավայրը անհատին մղի դեպի արժեքի արարումը: Խնդիրը նաև արժեքային ուղեծրի մեջ է: Ուղեծիրը պետք է դադարի պրովինցիալ լինել: Ավելին՝ պետք է քայքայել պրովինցիալի աշխարհայացքն ու կազմաքանդել այն հաստ շերտով պարիսպը, որը Հայաստանը բաժանում է գիտական աշխարհից: Այսինքն աշխարհի առջև բացվելու խնդիր պետք է դրվի: Թերևս արժի պարզաբանել, թե ինչ պարսպի մասին է խոսքը: Մեծ Հայքի պատմությունն ինձ այդքան էլ հոգեհարազատ չէ, ավելի ճիշտ այնքան չեմ արժևորում, քան՝ Կիլիկիան Հայաստանի պատմությունը: Բացատրեմ, թե ինչու: Մեծ Հայքը կարծես թե լեռնային կղզի լինի՝ լեռներով աշխարհից բաժանված ու մեծ պարսպով արգելափակված: Իմաստասիրական միտքը գրեթե միշտ եկել ու հասել է Եփրատի սահմանագծին, բայց Հայաստան չի մտել, կամ էլ՝ թույլ և ոչ այնքան ազդեցիկ ներգործությամբ: Այսինքն՝ տարածության խնդիր կա և դրանից ելնելով նեղ աշխարհագրական տարածքով սահմանափակված ու աշխարհից տարանջատված Մեծ Հայքը ճնշող է: Իհարկե պարիսպն այդ պարբերաբար փորձել են կոտրել, ինչպես նախաքրիստոնեական, այնպես էլ՝ քրիստոնեական շրջաններում: Նախաքրիստոնեական շրջանում, ճիշտ է, հաջողվեց Հելլենիստական պետություն ստեղծել, բայց բուն բնակչությունը այդպես էլ հաղորդակից չեղավ մշակութային այդ միջավայրի հետ: Փաստորեն առաջին անգամ արգելապատնեշն այդ կոտրվեց քրիստոնեական շրջանում և այդ գործը նախաձեռնեց Մաշտոցը, որը ոչ միայն կոտրեց, այլ նաև ջախջախեց այդ պարիսպը՝ իմաստասիրական միտքը՝ Պլատոնին և Արիստոտելին բերելով Հայաստան: Խոսքը զուտ փիլիսոփաների գրվածքների մասին չէ, այլ իմաստասիրական համակարգերի, որոնք Մաշտոցի կողմից ստեղծված դպրոցների միջոցով տարածվեցին Մեծ Հայքում: Եվ Մաշտոցի մեծությունը հենց այդ լուսավորական շարժման մեջ է, այլ ոչ թե՝ այբուբեն ստեղծելու: Այբուբեն ամեն երրորդը կարող է ստեղծել: 

Հետագայում իմաստասիրական վերելքն այս ճահճացավ և տրամաբանական շարունակականություն չգտավ, չնայած որ Մաշտոցի գործը կրկնողներ եղան՝ Անանիա Շիրակացուց մինչև Մխիթարյաններ ու Խաչատուր Աբովյան: Մեծ հաշվով լեռնային կղզին որոշակի ընդհատումներով շարունակեց մնալ այդ նույն տարանջատվածության ծիրում՝ մեկուսացած հակաքաղքեդոնական դիրքավորմամբ: Այլ էր իրավիճակը Կիլիկիան Հայաստանում՝ ծով, անծայրածիր տարածություն, խաչակիրներ, լատինական, մուսուլմանական և մոնղոլական հոսանքներ, Այասի նավահանգիստ, հակաեկեղեցական շնչով շարադրված «Դատաստանագիրք» և այսպես շարունակ: Ի դեպ այնպես չէ, որ Մեծ Հայքը զերծ է մնացել մշակութային հոսանքներից, ո՛չ, խնդիրը դա չէ, այլ՝ իմաստասիրական մտքի չգոյությունն ու դրա առարկայացման հեռանկարների բացակայությունը: Այլ խոսքով ասած Կիլիկիայում պարիսպներ ու արգելապատնեշներ չկային: Եթե Կիլիկիան Հայաստանը չոչնչացվեր, ապա անկասկած այն ընթանալու էր Ֆրանսիական թագավորության ճանապարհով: Ի դեպ Կիլիկիայում հայկական պետության հիմնումն էլ ավելի խորացրեց Մեծ Հայքի մեկուսացվածությունը: Փաստորեն Հայաստան կոչվածը մի տեղից տեղափոխվել էր բոլորովին այլ տեղ՝ հին տեղում թողնելով միայն չնչին մնացորդներ: 

Արդի Հայաստանը, հիշեցնում է Մեծ Հայքը: Այն նույնպես մեկուսացված է և բազմաշերտ պարսպով տարանջատված աշխարհից: Պրովինցիալ աշխարհայացքի ծիրում երբեք տարածությամբ չսահմանափակված արժեքներ չեն կարող ստեղծվել, քանի որ պրովինցիան հենց սահմանափակված է իր իսկ գաղափարական տարածությամբ: Հայ հանրույթը պետք է դուրս գա հաստ պարսպի կարգավիճակ ունեցող պրովինցիալ տիրապետությունից ու տարածվի սահմանափակ անսահմանության մեջ: