Ոչ միայն պարտականություններ, այլև իրավունքներ 124 հազար մեր հայրենակիցների համար

Ոչ միայն պարտականություններ, այլև իրավունքներ 124 հազար մեր հայրենակիցների համար

Հուլիսի 9-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի է ունեցել «Սփյուռքի իրավունքը» շարժման հիմնադիր համագումարը։ Ընդունվել է հայտարարություն, եւ ձեւավորվել 20 հոգանոց համակարգող խորհուրդ, որի կազմում են նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ Հայաստանից, նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, ով ապրում է Գլենդելում, Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվականի նախկին ղեկավար եւ ներկայում հեռուստամեկնաբան Արթուր Սահակյանը, լրագրող Նաիրի Բադալյանը, Հարութ Սասունյանը։ Կան մասնակիցներ նաեւ Ռուսաստանից՝ Սանկտ Պետերբուրգից, Չեխիայից՝ նախկինում ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, հայտնի ակտիվիստ Վահե Դիլոյանը՝ Մեծ Բրիտանիայից, ում, ի դեպ, օրերս բերման էին ենթարկել Երեւանի քաղաքապետարանի դիմաց աղբով բողոքի ակցիա անելու համար։
Շարժումը, որպես առաջին քայլ, կարեւորում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցների ընտրելու եւ ընտրվելու իրավունքի վերականգնումը եւ այդ պահանջով դիմել է ՀՀ վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին, ԱԺ խմբակցություններին։ Բացի այդ, պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել արտասահմանում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում ընտրատեղամասերի բացման եւ քվեարկություն անցկացնելու պրակտիկան վերականգնելու ուղղությամբ։

Պահանջվում է նաեւ հանել ՀՀ կառավարման համակարգում երկքաղաքացիների և արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների նշանակմանը խոչընդոտող դրույթները, որոնք շարժման մասնակիցների գնահատմամբ՝ կեղծ են։ Դեռ տարիներ առաջ՝ «Երկքաղաքացիության մասին» օրենքի ընդունումից առաջ, Հայաստանում լայն քաղաքական-հասարակական բանավեճ էր ծավալվել երկքաղաքացիների իրավունքների ու պարտականությունների մասով․ սփյուռքից պահանջում էին, Հայաստանում փորձագետները դեմ էին՝ նշելով, որ արդարացի չէ, երբ սփյուռքահայերն առանց հայրենիքում ծառայելու, հարկեր վճարելու եւ այլ պարտականությունների, ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունենան։

Այս հարցադրումների հետ կապված՝ մենք զրուցեցինք համակարգող խորհրդի անդամ Արթուր Սահակյանի հետ։ «Բնականաբար, եթե որեւէ մեկը քաղաքացի է, պետք է ե՛ւ բանակում ծառայի, ե՛ւ հարկ մուծի։ Եվ ունենա ընտրելու ու ընտրվելու իրավունք։ Մենք չենք խոսում ընդհանուր սփյուռքի մասին, որի մի խոշոր հատվածը ՀՀ քաղաքացի չէ։ Եվ կարծում ենք, որ այս արգելքների հաղթահարումը շատ լավ միջոց է, որպեսզի խրախուսվի Հայաստանի քաղաքացի դառնալու պրոցեսը, քանի որ մարդիկ ասում են՝ եթե ես քաղաքացի չեմ, ինչո՞ւ պետք է դառնամ քաղաքացի։ Քաղաքացին նախ իրավունք է ենթադրում եւ ոչ միայն պարտականություն։ Եվ պետք է լինեն հավասար իրավունքներ եւ հավասար պարտականություններ։ Հիմա  ես, լինելով երկքաղաքացի, ուզում եմ վերադառնալ Հայաստան, ես գամ, քանի տարի էլ ապրեմ, մեկ է՝ չեմ կարող ընտրվել, մինչեւ որ չհրաժարվեմ իմ ամերիկյան քաղաքացիությունից»,- ասում է Արթուրը։ Ըստ նրա, այս արհեստական ցենզը հատուկ մտցված է սփյուռքին հայրենիքից կտրելու համար։

Արթուր Սահակյանը հավելում է․ «Իշխող կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, 5 րոպեում կարող է այդ հարցը լուծել։ Բայց եթե դա չանեն, կա մեկ այլ՝ իրավական ճանապարհ՝ 50 հազար ստորագրությամբ Սահմանադրական դատարան դիմելու եւ լուծում ստանալու համար»։

Շարժումը չունի ղեկավար մարմին, կա միայն համակարգող խորհուրդ, որը զուտ կազմակերպչական, խորհրդատվական մարմին է եւ բաց է բոլորի համար, ովքեր կցանկանան ավելի  ժամանակ տրամադրել կազմակերպչական աշխատանքներին՝ անկախ կուսակցական, կրոնական եւ այլ հայացքներից ու աշխարհագրական դիրքից։

Շարժումը շուտով այդ հարցով կսկսի առցանց ստորագրահավաք։ Արթուրն ասում է, որ բազմաթիվ մարդիկ դիմում են իրենց՝ ինչպես շարժմանը միանալու, այնպես էլ ստորագրահավաքին մասնակցելու խնդրանքով։

Ինչպես «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, 2005 թվականին «Երկքաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո երկքաղաքացիություն է ստացել 124 հազար մարդ։ Սա ոչ միայն լուրջ թիվ է, այլեւ կարող է ընտրություններում որոշիչ տոկոսներ բերել կուսակցություններին։