Տոնական եռուզեռ՝ համատարած տապալման ֆոնին

«Հրապարակը» նոյեմբերի 5-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեսել է, որ սկսվել են Հայաստանի Հանրապետության գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Նոյեմբերի 5-ին՝ Ամանորից եւ Ծննդյան տոներից մոտ երկու ամիս առաջ։ 2024-2025 թթ․ Ամանորը թավշյաների կյանքում 7-րդն է՝ Հայաստանում իշխանությանը տիրանալուց հետո։ Դե, եթե թավշյաներն այնքան անդարդ են, որ կարող են տոնից երկու ամիս առաջ տոնական եռուզեռ սկսել, մենք էլ փորձենք այդ տրամաբանության մեջ ամփոփել թավշյա կառավարման անցած տարիները։
Քանդել են․
- ողջ պետական համակարգը, ու դա խոստովանում են նույն թավշյաները։ Մասնավորաբար՝ Սասուն Միքայելյանն ասում է, որ անվտանգային եւ պաշտպանական համակարգ չունենք, չենք կարող թշնամու դեմն առնել։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանն էլ, ըստ էության, ասում են՝ կրթական համակարգ չունենք, իրենց երեխաներին ուղարկում են արտերկիր՝ կրթություն ստանալու, չեն վստահում հայկական կրթական համակարգին։ Արտաքին քաղաքականություն չունենք՝ աշխարհը չի օգնում Հայաստանին թուրք-ադրբեջանական ահաբեկչության դեմ պայքարում, չօգնեց, որ Արցախում հայերի էթնիկ զտում չարվի, չի օգնում թշնամու զավթած տարածքները հետ բերելու, մեր գերիներին վերադարձնելու հարցում, չի սաստում Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ նկրտումների համար, անգամ չի կարողանում խաղաղության պայմանագիր պարտադրել՝ ինչքան էլ որ հայտարարում է, թե հարկավոր է կնքել այն։
Տապալել են․
- երկար ու հիմնավորապես գովազդված բազմաթիվ ծրագրեր ու նախաձեռնություններ։
1. հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարություն
2. արտերկրից մեծ ներդրումներ, որոնք պետք է կառավարվեին ԱՆԻՖ հիմնադրամի եւ այլ կառույցների կողմից
3. մեքենաների արտադրություն
4.հեռուստացույցների արտադրություն
5. 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնություն
6. ազգային ավիափոխադրողի ստեղծում
7. «Խաղաղության խաչմերուկ»
8. Երեւանը՝ ճոպանուղիների եւ մետրոյի նոր կայարանների քաղաք
9. Երեւանում մինչեւ գիշերվա ժամը 3-4-ն աշխատող գիշերային երթուղիներ
10. տիեզերքում հայկական արբանյակ
11. «300 դպրոց, 500 մանկապարտեզ»
12. էլեկտրոնային եղանակով դեղատոմսերի գրման գործընթաց
13. Խնամքի կարիք ունեցող տարեցների համար առանձնատների ձեռքբերում
14. կոկորդիլոսների բուծում
15. Դուք շարունակեք շարքը․․․
Այս տապալումներից որոշ դեպքերում քրեական վարույթներ են հարուցվել, եւ կալանավորված մարդիկ կան։ Օրինակ, ազգային ավիափոխադրողի, ԱՆԻՖ-ի, տիեզերք հայկական արբանյակ բաց թողնելու հետ կապված ահռելի ծախսեր են արվել՝ վնասներ պատճառել պետությանը, սակայն որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել, որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Իսկ նախկիններից մի համայնքապետի, որին մեղադրում են ավելորդ հաստիք պահելու համար՝ 2 միլիոնի վնաս պատճառելու հիմքով, դատում են։
Նվազեցրել եւ վերացրել են․
- Արցախ անունով մի ողջ հայկական պետություն եւ հազարամյակներով Արցախում ապրած հայերին զրկել են իրենց հայրենիքից։ Հարյուրավոր կիլոմետրերով նվազեցրել են Հայաստանի տարածքը։ Աշխարհում վերացրել են Հայաստանի ու հայի նկատմամբ հարգանքը։
Ավելացրել են․
- պետական պաշտոնյաների եկամուտները՝ հարկատուներիս հաշվին։ Ավելացրել են ոստիկանության եւ անվտանգության աշխատողների քանակը։ Ավելացրել են իրենց սպասարկող անձնակազմը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ունի 5 տեղակալ` նման առատություն չկար մինչեւ 2018 թվականը։ Հայաստանում կա 902 ծառայողական ավտոմեքենա՝ չհաշված գաղտնի մեքենաների քանակը՝ ուժային մարմինների ավտոպարկերը։ Երեւացող 902 մեքենաների մեծ մասը հին ավտոպարկի համեմատ ավելի թանկ մեքենաներից է կազմված՝ ավելի շատ ծախս պահանջող։
2018-ին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը մոտ 7 միլիարդ դոլար էր, հիմա՝ ավելի քան 12 միլիարդ դոլար։ Պաշտոնական տվյալների համաձայն, կրկնակի կամ ավելի աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալներն ու թմրամոլների քանակը։ Պաշտոնական տվյալների համաձայն, աճել է հաշվեհարդարների, սպանությունների ու վենդետաների քանակը, այդ թվում՝ մահվան ելքով վթարների։
Աճել է քաղաքական հայացքների համար հալածվողների, այդ թվում՝ ազատազրկվածների թիվը։
Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կարծիքներ