Իշխանափոխության խնդիր դրված չէ

Իշխանափոխության խնդիր դրված չէ

ՀՅԴ-ն քաղաքական հանդիպումների շարք է սկսել։ Կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ՝ շոշափելով նրանց տրամադրություններն առկա ներքաղաքական իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի կառավարության հանդեպ վերաբերմունքի, դժգոհությունների շուրջ։ Բայց «հակահեղափոխական» նկրտումներ չունեն, այսպես ասած՝ դեռ միայն «գծերն են ստուգում»։

Վերջին երկու հանդիպումները «Ժառանգության» եւ Արթուր Ղազինյանի ձեւավորած «Մեկ Հայաստան» նորաստեղծ կուսակցության հետ էին։ Դրանից առաջ հանդիպել էին Հրանտ Բագրատյանի «Ազատության», ԲՀԿ-ի, Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած Դեմկուսի հետ եւ այլն։ Կհանդիպեն «Երկիր ծիրանիի» հետ։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Հանդիպումների օրակարգը հետեւյալն է՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակ, արտաքին մարտահրավերներ, նաեւ մի քանի կարեւոր իրադարձությունների շուրջ ցանկանում ենք ծանոթանալ այլ քաղաքական կուսակցությունների տեսակետներին, դիրքորոշումներին, մասնավորապես՝ դատական համակարգի բարեփոխումների, անցումային արդարադատության, վեթթինգի եւ, ընդհանրապես, առկա քաղաքական մթնոլորտի վերաբերյալ։ Շատ կուսակցություններ կան, որոնց հետ փոխըմբռնում եւ տեսակետների նմանություններ ունենք»։

- Օրինա՞կ։

- Օրինակ՝ դատական համակարգի բարեփոխումների անվան տակ այն, ինչ այսօր կատարվում է։ Այս հարցում շատ կուսակցությունների հետ դիրքորոշումները գրեթե նույնն են, որ սա իրական դատական համակարգի բարեփոխում չէ, այլ դատական համակարգի նվաճում եւ զավթում է։ Նույն, օրինակ, «Մեկ Հայաստանը» կիսում է մեր տեսակետը։ Այս առումով չի բացառվում՝ մենք հանդես գանք նախաձեռնությամբ, որ քաղաքական կուսակցությունները հստակ վերաբերմունք արտահայտեն դատական համակարգի «բարեփոխումների» վերաբերյալ։

- Որեւէ դաշինք ձեւավորելու նպատակ ունե՞ք։

- Այս փուլում նման հարց որեւէ մեկի հետ չենք քննարկել։

- Դուք դժգո՞հ եք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։

- Իհարկե, դժգոհ ենք, որովհետեւ այն, ինչ իրականացվում է, մենք գտնում ենք, որ սխալ ընթացքի մեջ է։

- Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել, արդյոք ձեր այս «դեգերումների» վերջնական նպատակն իշխանափոխությո՞ւնն է։

- Իշխանափոխության խնդիր մեր առջեւ դրված չէ։ Առայժմ։ Մենք՝ իբրեւ արմատական ընդդիմադիր քաղաքական ուժ, պատրաստվում ենք հաջորդ ընտրություններին։ Իսկ դաշինքներ, բեւեռներ ձեւավորելու․․․ էս հանդիպումներն ու համագործակցություններն  ընդդեմ մեկի կամ հանուն մեկի չեն։

- Այսինքն՝ հակահեղափոխական բնույթ, ինչպես ասում են, չե՞ն կրում։

- Այո։ Մեր երկրում ընդունված է` ով իշխանություններին քննադատում է, կամ մեկը մյուսի հետ հանդիպում է, իրեն անմիջապես պիտակավորում են՝ հակահեղափոխական, սեւ ու չգիտեմ ինչ։ Բայց սա չէ նպատակը։

- Դուք հայտարարել եք, որ նպատակ ունեք ռազմավարական դաշինք ձեւավորել Արցախի հետ։ Ի՞նչ դաշինքի մասին է խոսքը։

- Մենք Արցախում մայիսին իրականացրինք ֆորում, որի նպատակը Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքումն է։ Հրապարակել ենք հռչակագիրը, այս փուլում էլ գոյություն ունի կազմկոմիտե, որն ակտիվ աշխատանքներ է իրականացնում։ Մենք պարաստվում ենք նաեւ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, մեծ միջոցառում կազմակերպել, դեռ վերջնական որոշված չէ՝ ինչ բնույթի է լինելու, բայց հաստատ մեծ միջոցառում ենք անելու։ Սա շարունակական պրոցես է, մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքը կնքվի, որովհետեւ դա բխում է մեր երկու պետությունների շահերից։

- Դուք մի կողմից դաշինք եք ուզում կնքել Արցախի հետ, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանին մեղադրում են, որ լարվածություն է մտցնում Արցախի հետ հարաբերություններում, եւ ասում են՝ հակահեղափոխական ուժերի օջախ է ձեւավորվում հենց Արցախում։ Կարո՞ղ է այս դաշինքն էլ այդ կոնտեքստում մեկնաբանվի։

- Նախ ես բացառում եմ ու չեմ հասկանում այդ տրամաբանությունը, թե ինչ է նշանակում Արցախում հակահեղափոխական միջավայր կամ օջախ, դա անընդունելի է մեզ համար։ Եվ այս դաշինքը բացարձակ կապ չունի նման բաների հետ։ Այս դաշինքը բխում է մեր զույգ պետությունների անմիջական շահերից։

- Ովքե՞ր պետք է ստորագրեն դաշինքը։

- Արցախի եւ Հայաստանի իշխանությունները։ Միջպետական պայմանագրի մասին է խոսքը։ Մենք այս մասին տեղյակ ենք պահել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի իշխանություններին։ Բայց ինքը նախաձեռնություն է, համաժողովրդական է, չի բացառվում նաեւ ստորագրահավաք սկսելը Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում։

- Նիկոլ Փաշինյանը կո՞ղմ է այդ դաշինքի ստորագրմանը։

- Մենք խոսել ենք, մեր դիրքորոշումները ներկայացրել ենք, գիտենք, որ իրենք էլ Արցախ վերջին այցելության ժամանակ անվտանգության խորհրդում նման մի քննարկում ունեցել են։ Իմ կարծիքով՝ ՀՀ իշխանություններն էլ դեմ չեն, որովհետեւ դա բխում է մեր երկու պետությունների շահերից։