Առաջարկվում է արտոնություններ տրամադրել նաև ոստիկանության զորքերի ծառայողներին

Առաջարկվում է արտոնություններ տրամադրել նաև ոստիկանության զորքերի ծառայողներին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Մասնավորապես, ՀՀ հարկային օրենսգքով, կարևորելով զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովումը, անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններից օգտվելու հնարավորություն է նախատեսվել հետևյալ անձանց համար՝
 ծառայության ընթացքում` ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձիք,
 պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո՝ նախորդ կետում նշված` ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձիք:

Մեր կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է նույնատեսակ արտոնություններ տրամադրել նաև ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր սահմանված կարգով և ժամկետում մեկնում են առաջնագիծ՝ մարտական հերթապահության:

Հաշվարկման համար հիմք է ընդունվել տարեկան կտրվածքով ոստիկանության զորքերի յուրաքանչյուր գումարտակի կողմից առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելու օրերի թիվը։

Հուսով ենք՝ նախագիծն այս տեսքով իրականություն կդառնա։