Ինչու՞ է Փաշինյանը առաջ քաշում Ադրբեջանի համար անընդունելի պայմաններ․ Սերգեյ Պոլյակով

Ինչու՞  է Փաշինյանը առաջ քաշում Ադրբեջանի համար անընդունելի պայմաններ․ Սերգեյ Պոլյակով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին ԼՂ մասնակցության մասին առաջարկն արդեն քանի ամիս է քննարկվում է ադրբեջանական մամուլում։ Ընդ որում, կարծիքներ հայտնում են ոչ միայն ադրբեջանցի փորձագետները, այլ նաեւ՝ ռուս փորձագետները։ Պաշտոնական Բաքուն արդեն հայտնել է իր սկզբունքային անհամաձայնությունը բանակցությունների ձեւաչափի փոփոխության առնչությամբ։ Սակայն ադրբեջանական հարթակներում շարունակում են որոնել այն հարցի պատասխանը, թե ինչու է Փաշինյանը առաջ քաշում առաջարկներ, որոնք ինքն էլ գիտի, որ մերժվելու են Բաքվի կողմից։

Ընտրական գործընթացների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Պոլյակովի կարծիքով Երեւանի համար ներկայից վիճակը լիովին ընդունելի է։ Media.az-ի հետ զրույցի ընթացքում նա մասնավորապես ասել է․ «Ես կարծում եմ, որ ներկայիս կացությունը լիովին ընդունելի է Հայաստանի համար։ Վերջինիս շահերից է բխում ստատուս-քվոյի պահպանումը։ Եվ որպեսզի բանակցությունները ձգձգի, նա առաջ է քաշում անընդունելի պայմաններ մյուս կողմերի համար, փորձում է պնդել իրենը մինչեւ վերջ, քանի դեռ հնարավոր է եւ քանի դեռ շարունակվում է խաղաղ գործընթացը։

Հետեւաբար իրավիճակը մեռած կետից առաջ չի գնում, իսկ դա հիմա հայերին շատ ձեռնտու է»,- ասել է Պոլյակովը։ Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանը ինչ որ ձեռքբերում ցույց տալու խնդիր ունի հիմա, որը փորձում է լուծել։ «Նա եկել է իշխանության ժողովրդական աջակցության ալիքի վրա եւ կա խնդիր այդ աջակցությունը պահպանելու։ Հայաստանի տնտեսությունում, որը գտնվում է ավաղ ոչ այնքան լավ վիճակում, հաջողություններ ցուցադրելու բան չկա պարզապես, եւ նրա համար բավական բարդ է։

Մարդկանց կենսամակարդակը ցածր է եւ հիմնական ճակատը մնում է արտաքին քաղաքականությունը, որտեղ էլ կարելի է սեփական սկզբունքայնությունը եւ անկոտրում կեցվածքը ցույց տալ՝ մարտահրավեր նետելով գործնականում ողջ միջազգային հանրությանը։ Սա ինչ որ ժամանակ կօգնի, որպեսզի Փաշինյանը պահպանի հերոսի իր կերպարը, ահա եւ ամբողջ հարցը, թե ինչու է նա անընդունելի հարցեր առաջ քաշում»,- ամփոփել է քաղաքագետ Պոլյակովը։