Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում երեկ հայտարարեց, որ ստորագրելու է սկանդալային երրորդ փաստաթուղթը, որի մասին մեկ օր առաջ հրապարակել էր Միքայել Մինասյանը։ Հիշեցնենք․ Մինասյանը մայիսի 19-ին Facebook-ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձեւակերպման աշխատանքը։
Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձեւակերպումներով, ըստ էության, ձեւակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետեւանքներով։ Քանի որ դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության եւ այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետեւանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 եւ Արարատի մարզի մեկ գյուղ Ադրբեջանին հանձնելը։ «Համացանցում հրապարակվում է թուղթ, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը ստորագրում է իբր հակահայկական փաստաթուղթ։ Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, քանի որ դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հետաքրքիր է՝ ի՞նչ է հասկանում Փաշինյանը «հայկական շահ» ասելով, քանի որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագիրն էլ նա ներկայացրեց որպես «հայկական շահից» բխող՝ ասելով, որ փրկել է առնվազն 25 հազար տղաների կյանքը, որոնք Արցախում կարող էին նահատակվել։ Օրվա ընթացքում ամբողջությամբ հրապարակվեց այն փաստաթուղթը, որի մի մասը Մինասյանը փակել էր սեւ ֆոնով։ Այնտեղ ուղիղ տեքստով, իհարկե, նոր տարածքներ հանձնելու մասին խոսք չկար, եւ կար միայն համաձայնություն՝ ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ, հանձնաժողով, որը կզբաղվի սահմանազատման աշխատանքներով, թե ինչն է հիմք ընդունվելու այդ սահմանները որոշելու եւ գծելու համար, որեւէ բան չէր ասում։ Զուգահեռ տեղեկություններ տարածվեցին, թե փաստաթուղթն ունի մի քանի հավելված, որոնցով էլ կյանքի կկոչվի տարածքների հանձնումը։
Սահմանազատման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման մասին Փաշինյանի հայտարարությունը բողոքի ու վրդովմունքի նոր ալիք բարձրացրեց, Փաշինյանին ուղղված զգուշացումներ, որ չի կարող խախտել ՀՀ տարածքային ամբողջականությունը, հակառակ դեպքում նրանով պետք է զբաղվեն ուժայինները։
ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի համար հասկանալի չէ՝ ինչո՞ւ ԽՍՀՄ քարտեզներով․ «Այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Միության Ադրբեջանի իրավահաջորդը չէ, այլ 1920 թվականի մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդն է»։ Շարմազանովի կարծիքով, Ադրբեջանին ձեռնտու է նման քարտեզներով սահմանազատումը․ «Եթե խորհրդային քարտեզներն ես հիմք վերցնում, ապա ԼՂԻՄ-ը, Շահումյանի շրջանը մտել են խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։ Այսինքն, դու ընդունում ես նաեւ, որ Արցախի հարցն էլ ես փակում, վերջացնում։ Տավուշի մարզում մի շարք գյուղեր կան, որոնք խորհրդային քարտեզներով եղել են Ադրբեջանի կազմում, Քյարքիի խնդիրն է առաջ գալիս»։ Նա չի բացառում, որ մոտ ապագայում Ալիեւը պարտված ղեկավարից պահանջի․ «Մասիսում թուրքեր են ապրել, դա էլ տվեք ինձ, Երեւանում՝ եւս»։
Լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն է հակադարձում Փաշինյանին․ «Եթե հայկական շահից է բխում այդ փաստաթուղթը, ինչո՞ւ ավելի վաղ չէր հրապարակում, ինչո՞ւ էր ժողովրդից գաղտնի պահում իր շահերից բխող որոշման մասին, հատկապես որ առջեւում էլ ընտրություններ են, եւ կարող էր իր օգտին ծառայեցնել։ Պարզ է, չէ՞, որ մեկ օրում այն չեն մշակել, բայց հրապարակվեց այն ժամանակ, երբ աղմուկ բարձրացավ, բացի այդ, իրենից պահանջում են արագացված տեմպերով այն կյանքի կոչել։ Մինչդեռ դեմարկացիան եւ դելիմիտացիան մի քանի օրվա կամ ամսվա լուծելու խնդիր չէ, դա երկար, անչափ երկար ժամանակ է պահանջում, մի հանձնաժողովը չի կարող այսքան սահմանների հարցը կարճ ժամկետներում լուծել։ Եվ հենց այս արագացած տեմպն էլ հուշում է, որ հերթական զիջումն է լինելու, իսկ դրա գինը՝ փորձել մնալ իշխանության։ Եվ վերջապես․ ո՞նց կարող է այս իշխանությունը մի բան անել, որը բխի ժողովրդի շահերից, կամ այն մարդը, ով այսքանից հետո հավատում է նրա մի բառին, նշանակում է մտածելու ընդունակ չէ ընդհանրապես»։ Հովհաննիսյանը չի հասկանում՝ Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք մնալ իշխանության, մնալու է՝ ի՞նչ անի․ «Գիտեք՝ կարելի է ամեն ինչ մարսել, բայց դա ժամանակի խնդիր է, ու կհասկացվի՝ մարսեցի՞ն, թե՞ ոչ։ Տպավորություն է, որ պատերազմն էլ են մարսել, ես ասում եմ՝ չեն մարսել, զոհերի հարցն էլ չեն մարսելու։ Ուղղակի ժամանակը հիմա մեր դեմ է աշխատում, բայց կգա ժամանակ, երբ իրավական, բարոյական եւ բոլոր այդ հարցերի պատասխանները տրվելու են»։
Հովհաննիսյանը հիշում է, որ երբ Կարեն Դեմիրճյանը Կենտկոմի քարտուղար էր, սահմանային վեճերի ժամանակ կենաց-մահու կռիվ են տվել մի սանտիմետր տարածքի համար, «եւ միայն դրա արդյունքում հնարավորինս շատ հողեր անցան ՀՀ տարածք։ Մի թիզ հողի համար ենք պայքարել, բայց այս ընկերն ինչ ուզում են, տալիս է, միայն ինքը մնա իշխանության»։
ԼՂ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական պատգամավոր Վահրամ Բալայանը, Փաշինյանի հավաստիացումներին ի պատասխան, ասաց․ «Մինչ օրս ստորագրած փաստաթղթերն էլ են, իր ասելով, Հայաստանի շահից բխում, արդյոք դրանք բխո՞ւմ են, դատեք ինքներդ»։
Բալայանի խոսքով՝ շատ կարեւոր է, թե որ քարտեզներով են իրականացնելու սահմանազատումները․ «Դա գաղտնի է պահվում, մենք չգիտենք, թե ինչ փաստաթղթերի հիման վրա է այդ գործընթացը լինելու, խորհրդային երկիրը ձեւավորվելուց հետո ա՞յդ քարտեզներով, թե՞ առաջին հանրապետությունից հետո ձեւավորվածով։ ԽՍՀՄ որոշ քարտեզներում, օրինակ, ԼՂԻՄ-ի ու Խորհրդային Հայաստանի միջեւ գրեթե միջանկյալ գոտի չի եղել, անմիջապես սահմանակից ենք եղել, ժամանակի ընթացքում տարածքները հանձնվեցին։ Կարմիր Քուրդիստանը ստեղծելուց հետո Գեղարքունիքի որոշ հատվածներից տարածք են վերցրել, տվել նրանց։ Մի բան կարող եմ ասել, որ ոչնչից էլ այլեւս չպետք է զարմանալ։
Նիկոլ Փաշինյանի պարագայում կարելի է կանխատեսել ամենաանպատկերացնելի որոշում։ Իսկ մեր օգտին սահմանազատման աշխատանքներ կարելի է ակնկալել միայն նորմալ, թասիբով եւ չպարտված ղեկավարից»։
Եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնում է ՀՀ տարածքից զիջումների գնալ, կարող է դրա դիմաց էլ առաջ քաշել ԼՂԻՄ կարգավիճակի վերականգնման հարցը, բայց մինչ այդ, Բալայանի խոսքով, նախ պետք է կարգավիճակի հարց բարձրացնեն․ «Ցավոք, 30 տարի եւ մինչ օրս էլ այդ անորոշ կարգավիճակը պահպանվում է։ Եթե տարածաշրջանի գերտերությունները ցանկանում են, որ խաղաղություն լինի, ապա պիտի ճշտեն կարգավիճակի հարցը»։
Քարտեզագետ Սեն Հովհաննիսյանն էլ ասաց, որ եթե մինչեւ 1930 թվականի քարտեզների հիմքով իրականացնեն սահմանազատումները, մենք հարաբերականորեն կշահենք․ «Ոչ մի անկլավ չկա այդ ժամանակ, Քյարքի, մնացած, Արծվաշենն ամբողջությամբ Հայաստանի տարածքն է, Արագյոլների դրախտային եւ հսկայական հատվածը, բայց կրկնում եմ՝ հարաբերական, որովհետեւ Ղարաբաղն ենք այդ ժամանակ կորցրել, էլի տարածքներ։ Իսկ եթե դրանից հետո, ապա անկլավները շատ են, Տավուշում մոտ 5-6 գյուղեր ունենք անկլավային, Քյարքին եւ այլն»։