Ուզում են սիրաշահել Թրամփին՝ Binance կրիպտոարժութային բորսայի բաժնեմասով

Ուզում են սիրաշահել Թրամփին՝ Binance կրիպտոարժութային բորսայի բաժնեմասով

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի անդամները քննարկել են թվային արժութային Binance բորսայի ղեկավարության հետ՝ այդ բորսայի ամերիկյան մասնաճյուղից մասնաբաժին ձեռք բերելու հարցը։ Համաձայն պարբերականի, Binance-ը դեռ անցյալ տարի էր կապ հաստատել Թրամփի կողմնակիցների հետ, հույս ունենալով, որ կկարողանա վերադառնալ ամերիկյան շուկա այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները պարտավորեցրել են 4,3 միլիարդ դոլար վճարել՝ բանկային գաղտնիքի մասին ամերիկյան օրենքը խախտելու, փողերի լվացման, անհրաժեշտ գրանցման բացակայության եւ սանկցիաներից խույս տալու համար։

Բացի այդ, Binance-ի նախկին ղեկավար Չանպեն Չժաոն, ով չորս ամսվա բանտարկության էր դատապարտվել ԱՄՆ-ում ֆինանսական հանցագործությունների համար, շարունակում էր մնալ Binance-ի բաժնետեր եւ ցանկանում էր ներում ստանալ նախագահ Թրամփից՝ իր մասնաբաժնի դիմաց։ Բանակցությունները վարվել են հունվարի քսանին տեղի ունեցած Թրամփի երդմնակալության արարողությունից հետո։ Բանակցություններին մասնակցել է նաեւ Թրամփի կողմից հատուկ բանագնաց նշանակված Սթիվեն Վիթքոֆը։ Տարբերակներից մեկն էլ այն էր, որ Վիթքոֆի World Liberty Financial ընկերությունը կարող էր ներգրավվել բորսայի բաժնետերերի ցանկում։ Մասնաբաժնի դիմաց ներման գործարքը, ըստ պարբերակնի, կարող էր հնարավորություն տալ Binance-ին վերականգնել ֆինանսական կորուստները, ինչպես նաեւ ճանապարհ բացել դեպի ԵՄ շուկա, որտեղ ներդրողները բիզնես չեն անում այն ընկերությունների հետ, որոնց բաժնետերերը դատապարտվել են ֆինանսական հանցագործությունների համար։