Ռուսները Սոթքի հարցը ադրբեջանցիների հետ կլուծեն «բարեկամաբար»

Ռուսները Սոթքի հարցը ադրբեջանցիների հետ կլուծեն «բարեկամաբար»

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլի» շարքերը լքած Թագուհի Թովմասյանն անցած հինգշաբթի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամին, հարցրեց, թե ինչ է լինելու Սոթքի հանքում աշխատող մարդկանց հետ: Հանքավայրի մի մասը, ինչպես հայտնի է, Ադրբեջանին հանձնվելիք տարածքում է գտնվում: Պատգամավորի հարցը լսելով՝ առաջին շարքում նստած Փաշինյանը նայեց երկրորդ շարքում նստած կառավարության անդամներին, երկրորդ շարքի անդամները՝ երրորդ շարքի անդամներին, որոնք նույնպես չունեին պատասխան: Բոլորին փրկեց Լենա Նազարյանը, որն ասաց, որ կառավարությունը գրավոր կպատասխանի Թագուհի Թովմասյանի հարցին: Իսկ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը, ով համակարգում է հանքարդյունաբերության ոլորտը, հետեւապես՝ նաեւ Սոթքի ոսկու հանքի հետ կապված հարցերը, ֆեյսբուքյան իր էջում հաջորդիվ գրել էր. «Շտապ աշխարհագրագետ կամ այլ մասնագետ, ով լավագույնս տիրապետում է լեռների անվանումներին: Ո՞ւմ գիտեք»: Այնպես, որ երեւի արդեն Սոթքի հարցով զբաղվում են: Ի դեպ, փոխնախարարի հնչեցրած լիկբեզի պահանջին արձագանքել են աշխարհագրության ուսուցիչներ: 

Մինչ կառավարությունում որոշում են, թե ինչպես է լուծվելու Հայաստանի չորրորդ խոշոր հարկատուի՝ ռուսական կապիտալով գործող «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբին պատկանող ոսկու հանքի ճակատագիրը, ձեռնարկության կոլեկտիվում կատարյալ անորոշություն է: Ձեռնարկությունը դադարել էր աշխատել պատերազմի առաջին իսկ օրվանից: Հետագա օրերին հանքում պարբերաբար պայթյուններ էին լսվում: Հանքավայրն անցել էր պաշտպանության նախարարության վերահսկողության տակ, այն փաստացի պատերազմական գործողությունների գոտում էր, թեեւ ՊՆ-ից հերքում էին այս փաստը, ինչպես բազմաթիվ այլ իրողություններ: Այն ժամանակ «Գեոպրոմայնինգ»-ը հայտարարում էր, որ աշխատակիցների անվտանգությունը երաշխավորելու նպատակով, արտադրությունը դադարեցնելու որոշում է ընդունվել: Սակայն այստեղ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ հանքի տարածքն ընդամենը մեկ ամիս հետո անհասկանալի ձեւով, առանց անգամ մի մարտի հանձնվելու է Ադրբեջանին: Ի՞նչ է լինելու հանքի հետ, արդյոք Հայաստանում մնացած հատվածը աշխատելո՞ւ է: Լուրեր են շրջանառվում, որ հանքարդյունահանումը վերջին տարիներին ընթացել է ոչ հայաստանյան հատվածում։ Այս հարցերին աշխատողները պատասխաններ չունեն: Նրանք անգամ չգիտեն, թե նոյեմբերի 25-ից հետո, երբ Քարվաճառը հանձնենք, քանի քառակուսի մետր է հանքի տարածքից անցնելու հարեւան հանրապետությանը: «Ամսի 25-ին ամեն ինչ պարզ կդառնա: Այնպիսի իրավիճակ է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու»,- հաղորդում են ընկերությունից: 

«Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն շահագործում է Հայաստանի ոսկու ամենամեծ հանքավայրը՝ տարեկան կորզելով մոտ 4 տոննա ոսկի, եւ Ագարակի պղնձի ու մոլիբդենի հանքավայրը՝ կորզելով մոտ 4 մլն տոննա խտանյութ: 1500 աշխատակից ունի ընկերությունը: Սոթքից Արարատի ոսկու կորզման գործարան հանքի տեղափոխումն ապահովում է Հարավկովկասյան երկաթուղու շրջանառության 55 տոկոսը: Եթե Սոթքը կանգնի, կկանգնի Արարատը, եւ մեծ վնաս կհասցվի նաեւ ռուսական կապիտալով գործող մյուս խոշոր ձեռնարկությանը՝ Հարավկովկասյան երկաթուղուն: Մասնագետները հաշվարկել են արդեն, որ եթե ՀԿԵ Սոթք-Արարատ ճյուղը պարապուրդի մատնվի, ապա երկաթուղու մոտ 2 հազար աշխատակիցներ պարզապես կկորցնեն իրենց աշխատանքը: 
Ադրբեջանն իր վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքներում ոսկու արդյունահանման մեծ ծրագրեր ունի: Այդ երկրի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարությունը դեռ ռազմական գործողությունների դադարեցումից առաջ էր հայտարարել, որ Բաքվում գրանցված Anglo Asian Mining ընկերությունը, որի ղեկավարներից մեկը Սպիտակ տան ադմինիստրացիայի նախկին տնօրեն, Նյու Հեմփշիրի նախկին նահանգապետ Ջոն Սունունուն է, պատրաստվում է ոսկու որոնման եւ արդյունահանման աշխատանքներ սկսել Զանգելանում եւ էլի մի երկու կետերում: Հավանաբար, խոսքը Սոթքի մասին է: Իհարկե, սա տեղեկատվական «բադիկ» է: Առանց վերջնական քարտեզի ճշգրտումների, առանց պաշարների ուսումնասիրության, առանց ներդրումների անվտանգության գործոնը հաշվի առնելու, Արեւմուտքը երբեք չի ֆինանսավորի նման նախագծեր: Բայց փաստ է, որ ռուսական կապիտալի շահերը վտանգված են: 
Ի՞նչ է նախարարությունը պատասխանել Թագուհի Թովմասյանին, ինչպե՞ս է լուծվելու Սոթքի հանքավայրի աշխատակիցների ճակատագիրը: Պատգամավորն ասում է. «Ես դեռ կառավարությունից չեմ ստացել գրավոր պատասխան: Միայն ստացել եմ բանավոր հավաստիացումներ, որ անհանգստանալու կարիք չկա, եւ աշխատակիցները չեն տուժի»:  

Գեղարքունիքի մարզպետի մակարդակով հանքի աշխատողներին խոստացվել է, որ լավ կլինի: Բայց ռուսները հազիվ թե իրենց տնտեսական շահերի հարցը դնեն Գեղարքունիքի մարզպետի կամ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության վրա, որն այսօր Հայաստանում զբաղվում է ամեն ինչով՝ ձկնորսությունից ու ասֆալտապատումից մինչեւ գյուղատնտեսություն: Նրանք, ամենայն հավանականությամբ, այն «բարեկամաբար» կլուծեն Ադրբեջանի հետ: Թե ինչպես, ինչ կզիջեն Սոթքի փոխարեն՝ կերեւա մինչեւ Քարվաճառի վերջնական հանձնումը՝ նոյեմբերի 25-ը: Հնարավոր է, անշուշտ, ենթադրել, որ ռուսական ընկերությունը կշարունակի շահագործել նաեւ ոսկու հանքավայրի Ադրբեջանում հայտնված հատվածը, բայց այս դեպքում «Գեոպրոմայնինգ Գոլդը» ստիպված է լինելու եւս մի 250 մլն դոլար ներդնել այնտեղ՝ այն կողմում եւս նոր ենթակառուցվածքներ հիմնելու համար: Ինչպես հայտնի է, հենց այդքան է ներդրել ընկերությունը Սոթքի հանքավայրում: