Հանուն քավորի՝ իշխանությունը խոշորացնում է Իջևանը

Հանուն քավորի՝ իշխանությունը խոշորացնում է Իջևանը

Հայրենի կառավարությունը որոշել է ետ չմնալ նախորդներից եւ օրենքները հարմարեցնել իր քաղաքական շահերին։ Երեկ շրջանառության մեջ է դրվել մի քանի համայնքների խոշորացման նախագիծ, որը նախատեսում է ձեւավորել 3 համայնքային փունջ՝ Լոռու մարզի Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքները կմիավորվեն առաջինի անվան տակ, Կոտայքի Պռոշյան եւ Քասախ համայնքները՝ վերջինի, եւ Փաշինյանի հայրենի Իջեւան քաղաքին կմիանան հարակից 18 համայնքները։

Համայնքների խոշորացումը 1 տարուց ավելի «քնեցրել» էին, անգամ ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, թե քաղաքական նպատակներով այլեւս խոշորացում չի լինելու։ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն էլ անցած հունիսին հարցազրույցում ասել էր․ «Առանց համայնքների համաձայնության, Հայաստանում այլեւս խոշորացումներ չեն լինի։ Դրանք պետք է արվեն այնպիսի քայլերով, որ փոփոխությունները դառնան բարեփոխում։ Նախկինում դա եղել է արհեստական։ Այսինքն, քաղաքական առաջնահերթությունները հաշվի առնելով՝ մարդիկ միավորել են համայնքները, որոշել են՝ ով է լինելու այդ համայնքի գյուղապետը, եւ այսպիսով լուծել են քաղաքական խնդիր։ Բայց մենք փորձելու ենք Հայաստանի կառավարման համար ամենահարմար տարբերակը ստեղծել, եւ այդ պարագայում պետք է հանրության ձայնը լսելի լինի»։ Եվ չնայած այսօր էլ Իջեւանի հարակից համայնքներում դեմ են խոշորացմանը, ինչը պարզեցինք համայնքապետերի հետ զրուցելով, ինչի մասին նրանք հայտնել են պատկան մարմիններին՝ 2 շաբաթ առաջ ունեցած հանդիպման ընթացքում, եւ առաջարկել տեղական հանրաքվե իրականացնել, այդուհանդերձ, իշխանությունը որոշել է ոչ թե հանրաքվե անել, այլ խոշորացման գործընթացը վերսկսել։ Ո՞րն է պատճառը։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հայրենի Իջեւանում քաղաքապետի պաշտոնին կարգել իր ընկերոջն ու կնքահորը՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանին՝ պատգամավոր Վահե Ղալումյանի եղբորը։ Սակայն թեկնածուն եւ ընդհանրապես՝ իշխանությունը իջեւանյան «անտառային պատերազմից» հետո կորցրել են հանրային վստահությունը եւ կասկածներ ունեն, որ վարչապետի ֆավորիտը կարող է պարտվել ընտրություններում։ Իսկ խոշորացման պարագայում հարակից համայնքների ղեկավարները մարզպետարանի հետ «բուքսիրով» կօժանդակեն, որ Հայկ Ղալումյանն ընտրվի։

 e-draft կայքում տեղադրված նախագծի ժամանակացույցի համաձայն՝ մինչեւ նոյեմբերի սկիզբ պետք է ավարտել նախագծի մշակումը։ Այսինքն, մինչեւ ընտրություններ՝ դեկտեմբեր ամիսը, կհասցնեն ընդունել օրենքը։ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը տարակուսած է՝ նախկինների հետ իր «կռիվն» այս պատճառով էր։ Հիմա, փաստորեն, կրկին հաշվի չեն առնվում Սահմանադրության եւ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջները։ Նա հիշեցնում է Սահմանադրության 190 հոդվածը՝ «ԱԺ-ն համապատասխան օրենք ընդունելիս (համայնքներ միավորելիս կամ բաժանելիս) պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։

«Այդպիսով, նախքան որեւէ «խոշորացում», նախ ՀՀ ԱԺ-ն պետք է սահմանի մեխանիզմները եւ ընթացակարգը՝ սահմանադրական այս նորմի իրագործման համար»։ Երիցյանը հղում է անում Եվրոպական խարտիային (ՏԻԵԽ) եւ հիշեցնում՝ «համայնքների հետ խորհրդակցության լավագույն ձեւը համարվում է հանրաքվեն (հոդված 5), քանի որ տեղական հանրաքվեներն առավելագույնս համապատասխանում են այդպիսի խորհրդակցությունների նպատակներին»։

Իջեւանին միավորվող Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը մեզնից տեղեկացավ, որ նախագիծ է դրվել շրջանառության մեջ։ «Բա ըտենց արագացված ո՞նց կլինի»,- տարակուսեց նա։ Մոտ 10 օր առաջ մարզպետարանում համայնքապետերը եւ ակտիվը քննարկում են ունեցել, որին տարածքային կառավարման նախարարությունից մասնակցել են տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն ու ԱԺ հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, բայց վերջնական եզրահանգման չեն եկել։ «Որ ժողովրդին հարցնեն, ժողովուրդը չի ուզում, ցավդ տանեմ, միանշանակ՝ չի ուզում։ Հետո՝ ժողովուրդը սպասում է, որ լինելու է հանրաքվե, որովհետեւ մենք ակնկալում ենք, որ առանց ժողովրդի կարծիքի, կամքի մեր պետությունում ոչ մի բան չի արվելու։ Տե՞նց ա, թե՞ տենց չի, հեղափոխությունից հետո էդ էին ասում, չէ՞»։

Համայնքապետն ասում է՝ ժողովուրդն ուզում է իր հարցերն իր գյուղում լուծի։ «Հիմա խոշորացված համայնքներ կան, մի գնացեք հարցրեք՝ գո՞հ են, թե՞ դժգոհ են։ Մանավանդ՝ մեր համայնքը, մենք զարգացման ծրագրում ենք եղել, գազն ունենք, բոլոր հարմարություններն ունենք, ինչի՞ միավորվենք։ Ես 700 հոգանոց համայնքի պահանջներն առավոտից իրիկուն չեմ կարողանում բավարարել, խոշորացած համայնքում գլուխը ո՞ր քարովը պիտի տան, որ իրենց հարցերը լուծեն»։ Այդ դեպքում իշխանությունն ինչո՞ւ է ուզում միավորել համայնքները։ «Դե, մի կենտրոնից է կառավարվում, խոշորացված համայնքի բյուջեն շատ է, կարան ամեն տարի, պայմանավորված, մի համայնքի համար խոշոր ծրագիր անեն, որ ժողովրդի աչքին երեւան»։ Իսկ ընտրություննե՞րը... որ միավորվեք, չե՞ք աշխատի վարչապետի թեկնածուի համար։ «Ցավդ տանեմ, չի լինի։ Ես էն օրը մարզխորհրդի նիստում էլ եմ ասել, էսօր ո՞ւմ կարաս մի բան համոզես, էսօր ով ինչ ուզում, անում է, ազատ դեմոկրատիա է, էս էն հին վախտը չի, է, որ սրան համոզես, նրան համոզես, հեղաշրջումից առաջ գյուղի կեսը հանրապետական էր, բայց ընտրություններին ՀՀԿ-ն 5 ձայն տարավ»։ Իսկ մարզխորհրդի նիստին համոզո՞ւմ էին, որ աշխատեն իշխանության թեկնածուի համար։

Համայնքապետը նահանջեց. «Չէ, հլա իրա հարցը չկա, մենք չգիտենք, թե ով է լինելու թեկնածուն»։
Գանձաքարի համայնքապետ Վարդգես Դովլաթբեկյանն էլ տեղյակ չէր նախագծից. «Համայնքի բնակիչների հետ մեկ անգամ հանդիպում եղել է, դեմ էին միավորմանը, թե ինչու՝ լավ կլինի իրենցից հարցրեք»։ Սարիգյուղի ղեկավար Սեյրան Սարիբեկյանն էլ փորձում էր համոզել, որ միավորում չի լինելու. «Չէ, չկա նման բան, հաստատ՝ չկա։ Քննարկում եղել է, բայց որոշել ենք, որ համայնքներում դեռ քննարկում պետք է անեն, որ հասկանան՝ մարդիկ կո՞ղմ են, թե՞ դեմ։ Մեր համայնքում տարակարծիք են, մեկն ուզում է, մեկը չի ուզում»։ Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանն էլ ասաց՝ դեռ «կոնկրետ» չկա որոշում, եթե լինի խոշորացում, ապա չպետք է լինի մեկ համայնքի մեջ, գոնե 3-4 համայնք կմիավորեն իրար։