Հեռախոսակապը` Ղարաբաղում եւ Ղարաբաղից դուրս

Հեռախոսակապը` Ղարաբաղում եւ Ղարաբաղից դուրս

Ինչպես արդեն հայտնի է` հուլիսի 1-ից VivaCell MTS-ը դուրս է գալիս Արցախից, իսկ հեռախոսակապի նրա ծառայություններն Արցախում իրականացվելու են ռոումինգի շրջանակներում, այսինքն` բարձր տարիֆներով: Մինչդեռ տարիներ առաջ սակագներն իջեցրին, եւ Արցախից Հայաստան հեռախոսակապը բավականին մատչելի էր: Karabakh Telecom-ը Հայաստանում նույնպես գործելու է ռոումինգի շրջանակներում: Նախ՝ թյուր կարծիք կա, որ Արցախում ՀՀ բոլոր օպերատորներն էին գործում առանց ռոումինգի, մինչդեռ առանց ռոումինգի Արցախում ծառայություններ մատուցում էր միայն Vivacell MTS-ը: Այս օպերատորի գործունեությունն Արցախում, ինչպես մեզ հայտնի է դարձել, պայմանավորված էր միայն հետպատերազմական իրավիճակի եւ ՂՏ-ի ցանցի հետ կապված խնդիրներով: Մյուս բոլոր օպերատորները գործում էին ռոումինգով, այսինքն` թանկ սակագներով, ինչպես արտերկրում են գործում: 

Փորձեցինք «Ղարաբաղ Տելեկոմ»-ից ճշտել, թե ՂՏ-ն ինչպես է գործելու ՀՀ-ում։ Մեզ տեղեկացրին, որ ՂՏ-ն ՀՀ բոլոր ցանցերում գործելու է ռոումինգի շրջանակներում՝ րոպեն 27 դրամ սակագնով։ Միայն Team Telecom-ի ցանցում գործելու են ՂՏ փաթեթներ, այն էլ՝ միայն 2 հազար 900 դրամանոց փաթեթներից սկսած: 1900 դրամանոց փաթեթը, ինչպես նաեւ հետվճարային փաթեթները ՀՀ-ում ոչ մի օպերատորի ցանցում չեն գործելու: Փորձեցինք ճշտել, թե ինչու են միայն Team Telecom-ի ցանցում գործում ՂՏ-ի փաթեթները։ Մեզ հայտնեցին, որ իրենք միայն Team Telecom-ի հետ են համագործակցում: Հարցին, թե արդյո՞ք ճիշտ են տարածված այն լուրերը, թե ՂՏ-ն այժմ պատկանում է Team Telecom-ին, մեզ հորդորեցին գրավոր դիմել տնօրինությանը:

Ընդհանրապես, Ղարաբաղ տելեկոմի ցանցում գործում են հետեւյալ փաթեթները․ «Միքս 1900», արժեքը՝ 1900 ՀՀ դրամ, որի շրջանակներում տրամադրվում են 490 րոպե, 10 GB ինտերնետ, 200 SMS, «Միքս 2900», արժեքը՝ 2 հազար 900 ՀՀ դրամ - 950 րոպե, 40 GB ինտերնետ, 300 SMS, «Միքս 4900», արժեքը՝ 4 հազար 900 ՀՀ դրամ - 1500 րոպե, անսահմանափակ ինտերնետ, 400 SMS, «Միքս 7900» - արժեքը՝ 7 հազար 900 ՀՀ դրամ, 2 290 րոպե, անսահմանափակ ինտերնետ, 600 SMS: Դեպի Արցախի եւ ՀՀ-ի ֆիքսված եւ բջջային ցանցեր առանց փաթեթի օգտագործման զանգի մեկ րոպեի արժեքն է՝ 21 դրամ 1 րոպե: