Օրինական ձեւով ուզում են լռեցնել ընդդիմությանը․ իմքայլականի ուշագրավ նախագիծը

Օրինական ձեւով ուզում են լռեցնել ընդդիմությանը․ իմքայլականի ուշագրավ նախագիծը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը ուշագրավ նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով՝  փոփոխություն կատարել ավագանու նիստերի անցկացման կարգի մեջ՝ փոփոխելով հարց տալու, արձագանքելու համար նախատեսված ժամանակը:

Այսքան ժամանակ, բացի ավագանու նիստերին քվեարկողների «ձեռքերը հաշվելուց» (մինչ անցնելն էլեկտրոնային համակարգով քվեարկելուն, ավագանու անդամները քվեարկում էին ձեռքով), աչքի չընկած Ավետիսյանն առաջարկում է զրկել խմբակցությունների ղեկավարին արտահերթ ելույթի իրավունքից՝ ամրագրելով, որ արտահերթ ելույթից միայն օգտվեն քաղաքապետն ու քաղաքապետի տեղակալը։
Նշենք, որ այժմ, կանոնակարգի համաձայն, քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները և խմբակցությունների ղեկավարները հարց են տալիս ու ելույթ ունենում արտահերթ։ 

Բացի դրանից, նա նաեւ առաջարկում է  այժմ ավագանու յուրաքանչյուր նիստից հետո տեղի ունեցող հարցուպատասխանը՝ քաղաքապետի, տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, դարձնել երկու ամսվա մեջ առնվազն մեկ նիստի ընթացքում:

Ավագանու «ԲՀԿ» խմբակցության ղեկավար Միքայել Մանուկյանը բացասական գնահատական է տալիս նախագծին, ասում է՝ իշխող խմբակցության կողմից քայլեր են ձեռնարկվում ընդդիմության խոսքը սահմանափակելու համար․ «Նիստի ժամանակ շատ հարցեր քննարկվում են եւ դրանց արտահերթ արձագանքելու կարիք է լինում եւ նմանատիպ նախագծով փորձ է արվում սահմանափակել ընդդիմության խոսքը։ Եթե այս նախագիծը ստացավ օրենքի ուժ, ապա ցավով պետք է արձանագրել, որ անգամ նախկին իշխանության ժամանակ չկար խոսքի ազատության սահմանափակում, իսկ ներկայիս իշխանությունները փորձում են դա անել»։

Նա նշեց, որ վաղը հանձնաժողովի օնլայն նիստ է լինելու այս հարցով․ «Փորձեմ մարդկանց հասկացնել, որ, ընկերներ, անգամ Հանրապետականը նման նախագիծ չէր բերել օրակարգ, վախենում եք մի բանից, որ ընդդիմադիր խմբակցություններն արձագանքում են ձեր կողմից ոչ կոռեկտ արտահայտություններին։ Օրինական ձեւով ուզում են լռեցնել, որը մեզ համար անընդունելի է»։

Ինչ վերաբերում է հարցուպատասխանը երկու ամիսը մեկ անցկացնելուն, ասաց, որ դա աբսուրդ է․ «Հարցերը շատ են,  ամեն անգամ բարձրաձայնելը բավարար չէ։ Իրենք պետք է ուրախ լինեն, որ ընդդիմությունը բարձրաձայնում է խնդիրների մասին։ Ես անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, պետք է նշեմ, որ տեսնում եմ որոշակի պատվեր։ Ես կարծում եմ՝ հնարավոր է նաեւ, որ պատվիրված լինի քաղաքի գործադիր մարմնի կողմից, որովհետեւ իրենք այդ հարցուպատասխանը շատ ծանր էին տանում»։
Մյուս ըննդիմադիր՝ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը զրուցել է նախագծի հեղինակի հետ, որոշակի համաձայնության եկել են․ «Այն ձեւակերպումները , որոնք կան օրենքից բխող չեն։ Խմբակցության ղեկավարի արտահերթ ելույթի մասով, կարծես թե ունենք համաձայնություն, որ պետք է վերաձեւակերպվի, եթե դա տեղի ունենա, մենք դեմ չենք լինի։ Բայց վատն այն է, որ դուրս է բերվում ամեն նիստին հարցուպատասխանի դրույթը եւ նպատակ կա դարձնել 2 ամիսը մեկ անգամ, որը դառնում է տարեկան 4 անգամ։ Շատ տարօրինակ է, որ ավագանու լիազորությունները սահմանափակող  նախագիծ բերում է ավագանու անդամը, եթե դա քաղաքապետարանի աշխատակազմը բերեր, ինչ-որ տեղ կհասկանայի։ Բայց երբ ավագանին է իր լիազորությունները սահմանափակում, դա անհասկանալի է»։

Հիշեցնենք, որ ավագանու նիստերին հարցուպատասխանի ֆորմատն ամենանգամյա է դարձել հեղափոխությունից հետո և առաջարկի հեղինակները եղել են «Լույս » խմբակցության անդամները: Նախկինում ևս հարցուպատասխանն անցկացվում էր երկու ամիսը մեկ պարբերականությամբ, սակայն ընդդիմադիր խմբակցության առաջարկն ընդունվեց և դարձավ, որ այն տեղի է ունենում յուրաքանչյուր ամիս: