Գերու նկատմամբ վերաբերմունքը որպես քաղաքակրթական ցուցիչ

Գերու նկատմամբ վերաբերմունքը որպես քաղաքակրթական ցուցիչ

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիները մեկ թե երկու անգամ Արցախի անտառներում, որտեղ զինվորներից բացի նաև խաղաղ բնակչությունն էր պատսպարվել, օգտագործեցին սպիտակ ֆոսֆոր պարունակող ռումբեր: Դրանք արգելված են միջազգային համաձայնագրերով, բայց դա ետ չպահեց ադրբեջանցիներին: Իսկ պատերազմից հետո մտածելու և վերլուծելու կարողությունից զուրկ բազմաթիվ ռուսատյացներ սոցցանցերում տարածում էին, թե Արցախում կիրառված ռումբերը ռուսների ձեռքի գործն էր: Թե ինչպես էին ռուսներն արցախահայերի դեմ կիրառել այդ զենքը՝ չիմացվեց: Իսկ երբ դա ճշտող հարց էիր տալիս՝ ոչ թե ուղղակի պատասխան էիր ստանում, այլ անհասկանալի ինչ-որ բառակույտ: Կարևորը ռուսատյացության հանգամանքն էր՝ ռուսներն են կիրառել և վերջ:

Հակառուսական այդ մանիպուլյացիան երևի դեռ երկար կշարունակվեր, եթե օրերս ԱՄՆ Սենատում ինչ-որ հարցի վերաբերյալ լսումների ժամանակ Ռոբերտ Մենենդեսը չհայտարարեր, որ երկու տարի առաջ Արցախում կիրառված այդ ռումբերը Ուկրաինան էր վաճառել Ադրբեջանին: Ի դեպ, դա բավարար էր, որպեսզի հայանպաստ բանաձևերին ակտիվ աջակցող այդ կոնգրեսականը «ռուսատյաց հայրենասերների» կողմից բնութագրվեր որպես «ԿԳԲ-ի ագենտ»:

Թեման շարունակվեց արդեն ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում: Համացանցում հայտնվեց այդ ռումբի կիրառման՝ մի քանի տասնյակ վայրկյանանոց տեսանյութ: Դրանից, սակայն, չէր հասկացվում թե ով ում դեմ է կիրառում այն: Բայց քանի որ նկարահանումը կատարվել էր ուկրաինական կողմից, ապա դա բավարար էր, որպեսզի մեղադրվեին ռուսները: Դրանից մեկ թե երկու ամիս անց ռուսական տելեգրամյան ալիքներում հայտնվեց մեկ այլ՝ մի փոքր ավելի երկարատև տեսագրություն, որի առումով արդեն մեղադրվեցին ուկրաինացիները: Բայց այդ վերջին տեսագրությունը, հասկանալի պատճառներով, չհայտնվեց հայալեզու համացանցում: Ինչպե՜ս կարող էին հայ ռուսատյացները մեղադրել ուկրաինացիներին…

Բայց ողջ խնդիրն այն է, որ ռուսներին անհրաժեշտ չէ արգելված զենքի օգտագործումը: Պուտինյան Ռուսաստանը հիանալի զինված է թույլատրվածով, և դա նրան բավարար է պատերազմական խնդիրներ լուծելու համար: Ուկրաինան այդ առումով գտնվում է խիստ խոցելի վիճակում և, բնականաբար, ձեռքն ընկածն անպայման կօգտագործեր: Հատկապես, որպեսզի այն բարդեր ռուսների վրա և Արևմուտքից ստանար հերթական ռազմական, և ոչ միայն ռազմական, օգնությունը: Եվ արևմուտյան երկրների ղեկավարներն էլ «կհավատային» ուկրաինացիներին, քանի որ դա բխում է իրենց շահերից: Եվ ոչ թե այն պատճառով, որ ուկրաինացիներն ավելի ճշմարտախոս են, քան ռուսները:

Ի դեպ, ճշմարտության մասին. պատերազմը ցույց տվեց, որ ուկրաինացիները բացարձակ «ընկերություն» չեն անում այդ հասկացության հետ: Շարժվելով «պատերազմում ինչպես պատերազմում» տրամաբանությամբ՝ կազմակերպում են սադրանքներ, կեղծ ներկայացումներ, հրապարակում են կեղծ տեղեկատվություն, ոպեսզի չդադարեցվի Արևմուտքից ստացվող սպառազինության ու գումարների հոսքը: Այն էլ այնպիսի ծավալով, որ մենք երազում անգամ չէինք տեսնի Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում: Նույնիսկ հրթիռակոծում են ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքը՝ ՆԱՏՕ-Ռուսաստան, այսինքն՝ երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու նպատակով. «թքած ողջ աշխարհի վրա՝ միայն թե Ռուսաստանը պարտվի» մտայնությամբ: 
Սակայն ուկրաինական վերջին հանցագործությունն արդարացնելը, կարծում եմ, Արևմուտքի համար բավական խնդրահարույց կլինի: Խոսքը Մակեևկա կոչված բնակավայրում ուկրաինացի զինյալների կողմից գետնին պառկեցրած ռուս ռազմագերիների գնդակահարության մասին է:

Շատ ավելի «թեթև» տարբերակի՝ ռուս գերիներին տանջահար անելու վերաբերյալ նյութերը Արևմուտքում բանի տեղ չէին դրվում: Ի դեպ, հայաստանցի ռուսատյացները չեն նկատում, որ ռուս գերիների նկատմամբ ուկրաինացի զինվորականների վերաբերմունքը ճիշտ այնպիսին է, ինչպիսին ադրբեջանցիների վերաբերմունքն էր (և շարունակվում է այդպիսին լինել) հայ գերիների նկատմամբ: Վերջերս էր, չէ՞, որ համացանցում հայտնվեց ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիներին գնդակահարելու տեսանյութը: Կարծում եմ, որ այդ հարցում ադրբեջանցիների ու ուկրաինացիների միջև ոչ մի տարբերություն չկա:

Բայց ուկրաինացի գերիների նկատմամբ ռուսական վերաբերմունքը տարբերվում է 180 աստիճանով: Ռուսները, սակայն, տանջահար չեն անում կամ գնդակահարում գերի ընկած ուկրաինացի զիվորականներին: Եթե վերջիններս պատերազմական հանցագործություն չեն կատարել, ապա անհրաժեշտության դեպքում բուժօգնություն են ցուցաբերում և ստորագրություն վերցնելով, որ այլևս չեն շարունակի պատերազմելը, բաց են թողնում իրենց տները: Իսկ, արևմտյան լրատվամիջոցներն, օրինակ (ճիշտ այնպես, ինչպես հայաստանցի ռուսատյացները), շարունակում են ուկրաինացիներին արդարացնելու փորձերը: Կոնկրետ նշված դեպքի առումով գերմանական հեռուստաընկերություններից մեկը հաղորդել էր, թե գերի ընկած ու գետնին պառկեցրած ռուս զինվորներից մեկը կրակել է ուկրաինացիների վրա, և նրանք էլ պատասխան կրակ են բացել: Պատկերացնում եք՝ գերի ընկածի ձեռքին, չգիտես որտեղից, հանկարծ ավտոմատ էր հայտնվել ու նա կրակել էր: