Փաշինյանը բանակի հրամանատարներին «մեղադրյալներ» նշանակելով՝ իր համար կարևոր հարցեր կլուծի

Փաշինյանը բանակի հրամանատարներին «մեղադրյալներ» նշանակելով՝ իր համար կարևոր հարցեր կլուծի

Փաշինյանը «գցե՞ց» ԳՇ հրամանատարներին

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սկսել են պատերազմի անհաջողությունների ու նվաստացուցիչ պարտության մեղքը բարդել բանակի վրա: Մեղավոր են «նշանակվում» մարդիկ, ովքեր պատերազմական օրերին շռայլորեն կոչումներ ու պարգեւներ էին ստանում: Նրանց սխալների մասին չէր խոսվում նաեւ պատերազմից հետո: Հրամանատարները մեղք չունեին այնքան ժամանակ, քանի դեռ չէին պահանջում Փաշինյանի հրաժարականը: Գլխավոր շտաբի՝ Փաշինյանի հրաժարականի պահանջից հետո էլ նրանց հասցեին որեւէ մեղադրանք չէր հնչում, այնքան ժամանակ, մինչեւ Փաշինյանին հաջողվեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, օրենքի շրջանցումով, պաշտոնանկ անել եւ նրա փոխարեն նշանակել Արտակ Դավթյանին: Փաշինյանը Դավթյանին հրամանատարներին ներկայացնելիս խոսել է շատ մեղմ, բարեկամաբար, խոսել է միասնականությունից եւ համախմբվածությունից: Ապա խոստացել է, որ որեւէ մեկի նկատմամբ գործ չի հարուցվի, քննություն չի ընթանա:

Այդ ժամանակ իրեն պետք էր «փաղաքշել» բանակի հրամանատարներին, որպեսզի իր հարցը հենց տեղում չլուծեին: Իսկ ԳՇ պետի փոփոխության օպերացիան հաջողությամբ իրականացնելուց հետո իշխանությունն ակնհայտորեն թիրախավորեց բանակի հրամանատարական կազմին: Հիմա արդեն Փաշինյանենք մեսիջներ են ուղարկում բանակի հրամկազմին, որ վերջիններս նախապատրաստվեն «ահեղ» դատաստանին:  

Հիմա արդեն Փաշինյանը ոտքը պնդացրել է բանակում. ԳՇ պետն իր մարդն է, եւ ինքը կարող է հանգիստ լուծել Օնիկ Գասպարյանի եւ «անհնազանդ» հրամանատարների հարցերը: Դրանով նա իր համար մի քանի կարեւոր հարց կլուծի. նախ՝ պարտության ողջ մեղքը կբարդի նրանց վրա եւ իրեն կձերբազատի «դավաճանի» ու «հողատուի» պիտակներից: Հետո կջարդի բանակի մեջքը եւ հնարավորություն կունենա ավարտին հասցնել իր ծրագիրը. կքանդի ու կլուծարի հայկական բանակը: Վերջում կլուծի վրեժը իր հրաժարականը պահանջողներից: 
                   
Չկասկածե՛ք իմ հրամանատարական հմտությունների վրա

Օրերս ԱԺ նիստում Փաշինյանն անդրադարձավ մեղադրանքներին, թե ինքը հրամայել է հարավային ուղղությամբ հետ բերել Լելե Թեփե բարձունքը, ինչի հետեւանքով հայկական կողմը 7 հարյուր զոհ է ունեցել։ «Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, ընդունելի է համարել գեներալ, կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, որոշումը կայացրել է գեներալ, ընդ որում՝ այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին նման որոշում կայացնելու հնարավորություն ունեցել են։ Այդ քննարկման խոսակցությունների մի հատվածին ես ներկա եմ եղել… Ես մոդերացիա եմ արել խոսակցությունը եւ սեփական կարծիք չեմ հայտնել, այլ ներկաներից եմ կարծիք հարցրել։ Հարցրել եմ ամենաբարձրաստիճանին, նա էլ ասել է, որ լավ միտք է։ Հետո տվել է հանձնարարական, ասել է, որ պետք է գնահատի իրադրությունը, գնահատել է եւ զեկուցել, որ, այո, դա պետք է եւ կարելի է անել»,- ասաց նա։

Մեղադրանքներ հնչեցրեց նաեւ այն բանի համար, թե յոթերորդ պաշտպանական շրջանը հանձնելու ցանկություն է եղել, ինքը չի թողել: Փաստորեն, Փաշինյանն առանց հրամանատարների անուններ տալու, կրկին իրեն բնորոշ՝ «օդում կախված» ինֆորմացիա մատուցեց հասարակությանը եւ ասաց, որ դրա շուրջ պետք է ընթանա «օբյեկտիվ քննություն»: Այս անգամ էլ հիշեց նախկիններին, ովքեր բանակը սպառազինելու փոխարեն տարածքներ են գնել «հունական կղզիներում» եւ այլն…

 Ի՞նչ մեղք ունեն Սամվել Բաբայանն ու Աննա Հակոբյանը  

Օրերս Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հարցազրույցը Հ1-ին համալրեց Փաշինյանի այս ծրագրերի շրջանակը: Սամվել Բաբայանի անունը նախկինում կապված է եղել տարբեր քրեական խճճված պատմությունների հետ: Իսկ 2018-ի իշխանափոխությունից հետո նա ամեն ինչ անում է՝ Փաշինյանի սիրտը շահելու համար: Տարբեր մակարդակներում տարբեր խոսակցություններ են շրջանառվում, թե Աննա Հակոբյանին պատերազմի օրերին մշտապես Բաբայանն է ուղեկցել, նրանք միասին են ռազմական որոշումներ կայացրել եւ պարտադրել, որ հրամանատարները դրանք իրականացնեն: Այդ մասին խոսեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Պարզ ասա, որ Լելե Թեփեն գրավելու խորհուրդը տվել է Սամվել Բաբայանը… Եթե տղամարդ ես դու, Նիկոլ, ասա՝ ո՞վ է քեզ ասել, ու այդ ասողն ո՞ւմ հետ է քննարկել այդ ծրագիրը։ Դու ասում ես՝ ՊԲ բարձր զինվորականություն։ Ես ասում եմ՝ եղել է Սամվել Բաբայանը։ Ո՞ւմ հետ է Բաբայանը քննարկել այդ գործողությունը՝ Աննա Հակոբյանի։ Նրանց օժանդակել է Արգիշտի Քյարամյանը»: 

Սամվել Բաբայանը կրկնեց Փաշինյանի «թեզերը»…

Հանրայինի եթերում Սամվել Բաբայանը փորձեց ոչ միայն իրեն ու Աննա Հակոբյանին ազատագրել Լելե Թեփեի ձախողված օպերացիայի մեղքից, այլեւ «նշանակեց» կոնկրետ մեղավորներ Շուշիի հանձնման ու մյուս պարտությունների համար: Նա կրկնում էր, որ բանակի ձախողումները սկսվել են 10 եւ ավելի տարիներ առաջ, հաստատեց Փաշինյանի սիրած թեզը՝ «նախկիններն են մեղավոր», թալանել են բանակը, «կերել» են վառելիքը, փողեր են դուրս գրվել, որոնք չեն ծախսվել բանակի վրա եւ այլն: Սպայական կազմն իր տեղում չի եղել, բանակ չենք ունեցել. ահա Բաբայանի հնչեցրած հիմնական թեզերը: Բաբայանը կոնկրետ թիրախավորեց նաեւ բանակի այն հրամանատարներին, որոնք այս պատերազմի ժամանակ մասնակցություն են ունեցել, մեղավորներ «նշանակեց» Օնիկ Գասպարյանին եւ Ջալալ Հարությունյանին:

Բաբայանը Փաշինյանի նման պարբերաբար հիշեցնում էր իրավապահներին, քննչականին՝  քննություն իրականացնել եւ պատժել մեղավոր հրամանատարներին: Հարցին, թե ինչու նախկին փորձառու հրամանատարներին՝ Սեյրան Օհանյանին եւ մյուսներին չեն թողել մասնակցել մարտավարությանը, Բաբայանն ասաց, որ Արայիկ Հարությունյանն է արգելել, քանի որ գլխավոր հրամանատարը չի ուզեցել: Մինչդեռ շատերը փաստել են, որ Փաշինյանն անձամբ է արգելել՝ միջամտել մարտական գործողություններին: 

ՀԳ․ Զարմանալիորեն, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Սամվել Բաբայանը երբեք չեն տալիս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի անունը: Տոնոյանին նախարար է նշանակել Նիկոլ Փաշինյանը: Նա մոտ 3 տարի ղեկավարել է հայկական բանակը, նա պարտավոր էր եւ կարող էր այս ժամանակաընթացքում լրացնել բանակի բացթողումները, սպառազինության հարցերը լուծել, բանակի պատրաստվածության խնդիրը կարգավորել: Տոնոյանը եւ Փաշինյանը միասին են բանակում կադրային խնդիրներ լուծել, «բարեփոխումներ» իրականացրել: Մինչդեռ նրա անունը, կարծես թե, մոռացության է մատնվել: Այնպիսի տպավորություն է, թե Փաշինյանը Դավիթ Տոնոյանից վախենում է, վախենում է, որ նա կխոսի…