«Սիրո եւ համերաշխության» կարգախոսի վերածումը ատելության կարգախոսի

«Սիրո եւ համերաշխության» կարգախոսի վերածումը ատելության կարգախոսի

2018-ի ապրիլյան իրադարձությունները, սոցիալական խնդիրների հետ մեկտեղ, պայմանավորված էին նաեւ անարդարության, անօրինականության եւ հովանավորչության բազմաթիվ դրսեւորումներով: Անհնազանդության փողոցային ակցիաներով Փաշինյան Նիկոլին վարչապետ կարգելով՝ հասարակությունը ենթադրում էր, որ վերջ է տրվելու այդ ամենին: Հասարակության գրագետ մասը, իր հերթին, կարծում էր, որ «սիրո եւ համերաշխության» հեղափոխությունից հետո երկրի կառավարման համակարգը համալրվելու է պետական մտածողությամբ արհեստավարժ, ազնիվ եւ բարոյական սկզբունքներ ունեցող անձանցով: Այդ կարծիքը հիմնված էր այն հավատի վրա, որ Նիկոլն ինքը հենց այդպիսին է: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն էր թողել նա խորհրդարանում ընդդիմադիր իր ելույթներով: Եվ երբ նրա շնորհիվ հետհեղափոխական խորհրդարանը, իսկ այնուհետեւ՝ նաեւ կառավարությունը, լցվեց անհայտ, անփորձ երիտասարդներով, մարդիկ մտածեցին, որ կարեւորը երիտասարդական ավյունն է, ազնվությունն ու բարոյականությունը, իսկ փորձառությունը կգա ժամանակի ընթացքում: 

Սակայն, ինչպես հաճախ է լինում անհիմն հուսավառման դեպքում, կյանքը կատարեց իր ճշգրտումները, եւ պարզվեց, որ հասարակությունը սխալվել է. Նիկոլն այնպիսին չէ, ինչպիսին թվում էր սկզբում, եւ նրա կադրերն էլ այնպիսին չեն, ինչպիսին ենթադրում էինք, որ կլինեն: Բազմաթիվ հիմնախնդիրներ ունեցող երկրում, ծանր ու դժվարին աշխատանքի փոխարեն, վարչապետ Փաշինյանը սկսեց զբաղվել պոպուլիզմով: Նրա կադրերի մի մասը ոլորտային բարեփոխումների փոխարեն զբաղվում էր տերտերների դեմ պայքարով կամ կոկորդիլոս բուծելով: Մեկ այլ մասը տնտեսական ենթակառուցվածք ասելով՝ հասկանում էր միայն փողոցների ու ճանապարհների վերանորոգումը եւ զբաղվում էր զուտ դրանով: Մեկն էլ մե՛րթ դիմակ կրել էր առաջարկում, մե՛րթ առաջարկում էր չկրել այն: Իրավապահ համակարգը, այդ թվում՝ դատարանները, բարեփոխվելու եւ արդարությանը միտված վարքագիծ դրսեւորելու փոխարեն, նախկինների գրպանից անցում կատարեցին նոր իշխանության գրպանը: Արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ պատերազմից հետո, այնուամենայնիվ, դատական համակարգը փորձում է պահպանել իր դեմքը՝ դեմ գնալով գործադիր իշխանության կամայականություններին: Իսկ մնացած դեպքերում, ժամանակի ընթացքում եկավ ոչ թե փորձառությունը, այլ նոր կադրերը վերածվեցին նախկիններից ավելի նախկինների:

Իրավիճակը բարվոք չէ նաեւ երիտասարդական ազնվության հարցում: Սովորաբար երիտասարդությունն ու ազնվությունը քայլում են համընթաց, քանի որ կյանքը երիտասարդ հոգիներում դեռեւս չի հասցնում սերմանել փչացածության սաղմեր: Բայց, զարմանալիորեն, այս իշխանության բախտը չբերեց այդ հարցում (չէ, ավելի ճիշտ՝ հասարակության բախտը չբերեց այս իշխանության առումով), եւ վերջինս չդիմացավ իշխանության փորձությանը: Գործող իշխանության ներկայացուցիչների համար ազնվությունը վերածվեց բառի բուն իմաստով ամենաէժան ապրանքի: Բարոյականության մասին կարելի է նույնիսկ չխոսել՝ այն գոյություն չուներ, երբ մերժվում էր Սերժը կամ նրա կուսակցության անդամները: Եվ, բնականաբար, չէր կարող գոյություն ունենալ դրանից հետո, հատկապես որ նախկիններին մերժելու պրակտիկան շարունակվելու էր եւ շարունակվեց՝ մերժումների շղթայում անընդհատ ներառելով նոր շրջանակների:

Այնպես որ, «սիրո եւ համերաշխության» կարգախոսը պրակտիկայում վերածվեց ատելության կարգախոսի, վերջինս դարձավ իշխանության վարքագծի բնորոշ գիծը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր նույնիսկ այսքան աղետներից հետո պետք է շարունակեին աջակցել «ազգի փրկիչ» Փաշինյանին, սակայն չարեցին դա:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ