Կամրջի կեսն ինչների՞ն է պետք

Կամրջի կեսն ինչների՞ն է պետք

Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանին «Հրապարակն» անդրադարձել է։ Անբացատրելի վարքագծով էքսցենտրիկ համայնքապետը գյուղն իրեն ենթարկեցրած է պահում 2008 թվականից, այսինքն՝ այն օրվանից, երբ ընտրվեց համայնքի ղեկավար։

Գյուղապետին հլու-հնազանդ ծառայելու սովորույթը մրգաստանցիների մոտ վախից է գեներացվել։ Վախեցել են Խաչատրյանի՝ ոստիկանությունում աշխատող բարձրաստիճան զարմիկից, որի անունն ու հեղինակությունն օգտագործելով՝ Ռաֆիկ Խաչատրյանն իրեն ուժեղ ու անխոցելի է դարձրել համագյուղացիների աչքում։

Երկու տարի է՝ երկրում իրավիճակ է փոխվել․ բարձրաստիճան պաշտոնյան այլեւս տանիք չունի, ոչ էլ հարց լուծող է, բայց իներցիայի ուժը դեռ վախի ու զգուշավորության թրթիռներ է առաջացնում մրգաստանցիների մոտ։ Նրանց ասելով՝ Ռաֆիկ Խաչատրյանը չարաշահում է պաշտոնեական դիրքն ու գյուղի խնդիրներով զբաղվելու փոխարեն սեփական գործերն է կարգավորում։
Վերջերս էլ Խաչատրյանը բեռնատարով ծանր բեռ տեղափոխելիս կոտրել է գյուղամիջի կամուրջներից մեկը՝ դժվարանցանելի դարձնելով թաղերն իրար կապող երթեւեկը։ Կամուրջը վերանորոգելու եւ թաղից թաղ տեղաշարժը վերականգնելու համար մրգաստանցիները փոխանակ դիմելու իրենց ընտրած ղեկավարին, դիմում են մեզ՝ իրենց խնդրանքը մեր միջոցով տեղ հասցնելու համար։ Ընտրել են ու վախենում են։ Վստահել են ու չեն հավատում․․․, որովհետեւ գյուղապետ Ռաֆիկն անկանխատեսելի է․ չգիտեն՝ վտանգը երբ եւ որ պահին վրա կհասնի։

Ռաֆիկ Խաչատրյանը չհերքեց, որ կամուրջը մասամբ վնասել է։ «Շեբեն էի բերում՝ գյուղի փողոցները լցնեի՝ կամրջի կեսը քանդվեց»,- ասաց նա։ Հարցին, թե ինչու քանդված կեսը չի նորոգում, պատասխանեց՝ իսկ էդ կեսն ինչների՞ն է պետք։
Ըստ նրա՝ գյուղում ոչ թե մեկ, այլ նորոգման ենթակա երեք կամուրջ կա։ «Որ կամրջի համար բողոքել են, բան չունեմ ասելու՝ լավ են արել, բայց որ ասում են՝ գյուղի խնդիրները թողել, իմ գործերն եմ կարգավորում, շատ սխալ են ասել։ Էդ ասողը գոնե հողի հարկ տալի՞ս ա…»,- հարցրեց նա։

Համայնքի ղեկավարի ասելով՝ գյուղի կյանքն աշխուժացնելու համար մեծ գործեր է անում, մասնավորապես, շեբենով՝ մանր քարերով գյուղի փողոցներն է հարթեցնում։ «Էնքան պարտք ու վարկ եմ վեկալել, էդ գյուղացիք գիտե՞ն․․․»։

Հարցրինք՝ վարկ եք վերցրել, որ փողոցնե՞րը նորոգեք։ Պատասխանեց․ «Բա հո հորս տուն տանելու համար չե՞մ վերցրել կամ հո պեսոկ չե՞մ առնելու»։

Ռաֆիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է աշնանը։ ՏԻՄ ընտրություն կլինի, թե ոչ, Խաչատրյանը չգիտի, քանի որ Մրգաստանը խոշորացվող համայնքների ցանկում է։ Թեեւ անհայտ է նաեւ համայնքների խոշորացման պետական ծրագրի ճակատագիրը։ Նախորդ իշխանությունից ժառանգված ծրագիրն առկախվել է հեղափոխությունից անմիջապես հետո եւ ոչ մի կերպ չի վերսկսվում։ Դե, հիմա էլ արտակարգ դրությունն ու համավարակն են խանգարում։