Բժիշկները խորհուրդ են տվել հացադուլ անող Սաակաշվիլիին հոսպիտալացնել

Բժիշկները խորհուրդ են տվել հացադուլ անող Սաակաշվիլիին հոսպիտալացնել

Բժիշկները խորհուրդ են տալիս Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կանխարգելման նպատակով հիվանդանոց տեղափոխել, քանի որ արդեն մեծ հավանականություն կա, որ նրա առողջական վիճակը կվատթարանա:

Ինչպես գրում է Life.ru-ն, Վրաստանի առողջապահության նախարարության կողմից ստեղծված բժիշկների խումբը խորհուրդ է տալիս ստացիոնար բուժման ուղարկել Սաակաշվիլիին, որը գրեթե 20 օր հացադուլ է հայտարարել Ռուսթավիի բանտում:

Բժշկի խոսքով՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Սաակաշվիլին կարող է հոսպիտալացվել: Միևնույն ժամանակ, մասնագետը չի հստակեցրել՝ դա կլինի քաղաքացիական հիվանդանոց, թե բանտային:

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են: