Ինչ տեղի կունենա ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին

Ինչ տեղի կունենա ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին

Ինչպես հայտնի է, հունիսի 28-30-ը, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այն խոստանում է լինել հետաքրքիր ու ինտրիգային։ Ակնկալվում է, որ կայանալիք գագաթնաժողովին դաշինքը կփորձի ադապտացնել իր կենսագործունեությունը նոր իրականությանը եւ կարող է որոշում կայացնել, որով Սառը պատերազմի ավարտից ի վեր ամենախոշոր ռազմական ուժերը կտեղակայվեն դաշինքի արեւելյան ֆլանգում՝ Արեւելյան Եվրոպայում։ Իսպանական El País-ը նշում է, որ դաշնակիցները լիովին պատրաստակամ են սկսել սպառազինությունների մարցավազք, որի հետեւանքով Արեւելյան Եվրոպան կարող է վերածվել ամենառազմականացված ռեգիոններից մեկին, որտեղ կլինեն դաշինքի հազարավոր զինվորականներ եւ մեծ քանակությամբ զենք զինամթերք, զինտեխնիկա եւ այլ ռազմական նշանակության սարքավորումներ ու սպառազինություններ։

Այս կերպ Արեւմտյան ռազմական բլոկը ցանկանում է հասկացնել, որ գտնվում է ամբողջական մարտական պատրաստականության վիճակում։ Սպասվում է նաեւ, որ որոշում կկայացվի ավելացնել դաշինքի անդամ երկրների ռազմական բյուջեները, նաեւ կորոշվի ավելի կատարելագործված զինատեսակներով համալրել եղած զորամիավորումները։ Առանցքային նշանակություն կունենա թերեւս ՆԱՏՕ-ի ռազմավարական նոր կոնցեպցիայի հաստատումը։ Այն կարող է վերջ դնել ՆԱՏՕ-Ռուսաստան բոլոր տեսակի կապերին։ Ռուսաստանն այդ փաստաթղթով կարող է հայտարարվել ուղղակի սպառնալիք դաշինքի համար։ Ուշագրավ է այն, որ ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցները Չինաստանի հարցում ավելի մեղմ կեցվածքի կողմնակից են, ու չեն ցանկանում սրել հարաբերությունները Պեկինի հետ։ Չինաստանը դաշինքի նոր ռազմավարական կոնցեպցիայում կդիտարկվի ոչ թե որպես ուղղակի սպառնալիք կամ ուղիղ մարտահրավեր, այլ որպես գեոստրատեգիական եւ համակարգային մարտահրավեր։