Դպրոցում վարագույրի համար գումար են հավաքել, եւ անօրինական բուֆետ է գործել. Կարեն Զազյան

Դպրոցում վարագույրի համար գումար են հավաքել, եւ անօրինական բուֆետ է գործել. Կարեն Զազյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը միանգամից խիստ նկատողություն է տվել մարզպետարանի  ենթակայության տակ գտնվող Սարուխանի Ս. Մակարյանի անվան N1, Մ. Խոստեղյանի անվան թիվ 2 եւ Զոլաքարի Ա. Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոցների տնօրեններին: Ինչպես տեղեկացանք՝ Սարուխան համայնքի դպրոցների տնօրենները խիստ նկատողություն են ստացել դպրոցներում իրականացված աուդիտից հետո, իսկ Զոլաքար համայնքում աշակերտներից վարագույրի համար գումար են հավաքել:  

Թե ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, որ մարզպետը  նկատողության փոխարեն խիստ նկատողություն է տվել, Սարուխան գյուղի Ս. Մակարյանի անվան N1 միջնակարգ դպրոցի  տնօրեն Հայկ Մուդոյանն ասաց. «Ինչ ասեմ, եթե գտել են, որ ես շատ խիստ խախտում եմ արել, ուրեմն խիստ նկատողություն են տվել: Երկար տարիներ աշխատել եմ դպրոցում. ոչ մի մարզպետի օրոք նկատողություն չեմ ստացել: Իմ աշխատանքը դպրոցում կատարում են, այս պահին էլ շինարարություն ենք անում դպրոցում»: Հարցին՝ հնարավոր է, որ մարզպետից  երկրորդ  նկատողությունը ստանաք, եւ  ազատվեք դպրոցի տնօրենի պաշտոնից.  Մուդոյանն ասաց.  «Որ ազատեն ինչ պետք է անեմ, ձեռքիցս ամեն շինարարական աշխատանք գալիս է, մեկ այլ տեղ աշխատանք կգնեմ»:
«Այս տարիների ընթացքում առաջին անգամ եմ ստանում նկատողություն, էդպիսի խիստ խախտումներ էլ չի հայտնաբերել աուդիտը, մի քանի հաշվապահական սխալներ, որոնց մի մասն արդեն ուղղվել է»,-մեզ հետ զրույցում ասաց Սարուխան գյուղի Մ. Խոստեղյանի անվան թիվ 2 միջն. դպրոցի, տնօրեն՝ Սվետլաննա Դանիելյանը:

Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոց, տնօրեն՝ Սամվել Մելիքյանը տեղյակ  չէր, որ նկատողություն է ստացել. «Ես տեղյակ չեմ, ե՞րբ եմ ստացել նկատողություն: Ինչի պետք ա նկատողություն տան, տեղյակ չեմ,  իմանամ, ձեզ կասեմ»: 

Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Կարեն Զազյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ դրամահավաքություն է եղել Զոլաքարի միջնակարգ դպրոցում, եւ տնօրենը դրա համա՞ր է խիստ նկատողություն ստացել. 
«Զոլաքարի  դպրոցի տնօրենի հետ կապված մենք բողոք ենք ստացել, որ դպրոցում դրամահավաք է  կազմակերպվել, գումար են հավաքել վարագույր գնել, այն դեպքում, որ այդ դպրոցում խնայված միջոցներ կան: Եվ անօրինական բուֆետ էր գործել, թեկուզ 1 օրով բուֆետ չպետք է գործի, եթե մարզպետարանը տեղյակ չի: Դրանից էլ տնօրենը ստացել է խիստ նկատողություն:         Սարուխանի երկու դպրոցների տնօրենները ստացել են խիստ նկատողություն՝ մարզպետարանի կողմից  իրականցրած աուդիտի արդյունքում: Մի շարք խատումներ են հայտնաբերվել՝ ֆինանսական, հաշվապահական, գնումների գործընթացների հետ կապված»,-ասաց վարչության պետը: